«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը բանակցային գործընթացում միշտ խոսք է գնացել փոխզիջումային տարբերակներով լուծումների հասնելու մասին, ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ Ճիշտ է՝ ներկայում մեծ թափով բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն տպավորություն է, թե այն վերածվել է հայկական կողմի անվերջ զիջումների շարքի։ Ընդ որում, հայկական կողմը որոշակի արձանագրումներ է կատարում, որոնք միայն իրեն են վերաբերում, այնինչ Ադրբեջանն իր գործողություններում ոչնչով սահմանափակված չէ։ Օրինակ՝ բանակցությունների արդյունքում ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հազար քկմ-ի շրջանակներում։ Դրանով հայկական կողմը սահմանափակում է իր գործողություններն Արցախի իրավունքների պաշտպանության հարցով։
Իսկ Բաքուն էլ օգտվում է այդ հանգամանքից ու Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը լեգիտիմացնում միջազգային հանրության աչքի առաջ՝ դա ներկայացնելով որպես իր սուվերեն տարածք, որը ճանաչում է նաև Հայաստանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից երբեք չի հնչել որևէ հայտարարություն, թե իրենք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,8 հազար քկմ-ի շրջանակներում։ Եթե նման հրապարակային հայտարարություն լիներ, ապա դրան պետք է հետևեր ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը Հայաստանից օկուպացված տարածքից։ Բայց Բաքուն երբեք հրապարակային հայտարարություններով չի կաշկանդում իրեն, ինչպես անում է հայկական կողմը։ Քիշնևի հնգակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ կողմերն ընդգծել են, թե դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները:
Սակայն Ադրբեջանը որևէ կերպ չի հաստատել, թե սահմանազատումը պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա։ Պատահական չէ, որ Արարատ Միրզոյանը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց, թե սահմանազատման քարտեզի շուրջ դեռևս վերջնական համաձայնություն չկա, և Ադրբեջանն ասում է, որ պետք է լինեն այլ փաստաթղթեր, որոնց իրենք ծանոթ չեն։ Փաստացի, խոսելով 1975 թվականի քարտեզների շուրջ պայմանավորվածությունների մասին՝ հայկական կողմն իրեն սահմանափակում է, այնինչ կարելի էր խոսել նաև այն քարտեզների մասին, որոնց շրջանառման արդյունքում Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ավելի ամուր կլինեին։ Հետաքրքրական է, որ Ալիևն անցած տարի խոսում էր 1920 թվականի ինչ-որ քարտեզի մասին, որով, իբրև թե, Զանգեզուրն ու Երևանը Ադրբեջանի տարածքում են եղել։
Դրանից հետո ադրբեջանական կողմն ինչո՞ւ պիտի համաձայնի 1975 թվականի քարտեզով սահմանազատմանը։ Հնարավոր է, որ Ալիևը բանավոր կերպով Քիշնևում ասել է, թե դեմ չէ, որ սահմանազատումը տեղի ունենա 1975 թվականի քարտեզներով։ Բայց արդյո՞ք Ալիևի բանավոր խոսքին կարելի է հավատալ, երբ նա նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով սահմանված պարտավորությունները չի կատարում։ Իհարկե ոչ: Ադրբեջանի իշխանությունները վաղուց «վարպետացել» են պայմանավորվածությունները խախտելու ուղղությամբ։ Բացի դրանից, եթե Ադրբեջանն իսկապես տրամադրված լիներ սահմանազատում իրականացնելու հարցում, ապա նախևառաջ կհայտարարեր, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ու Ալիևը չէր խոսի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այնինչ Բաքվից ու Անկարայից հայտարարություններ են հնչում, թե «Զանգեզուրի միջանցքն» անպայման բացվելու է։
Կարճ ասած՝ Թուրքիային ու Ադրբեջանին հետաքրքիր չէ Հայաստանի հետ սահմանազատումը, նրանց միայն իրենց ստանալիքն է հուզում։ Ուշագրավ է, որ այս պայմաններում խոսվում է, թե մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրը կնքվելու է։ Այդպես էլ անցած տարի էր նշվում, թե մինչև տարվա վերջ պայմանագիր է կնքվելու։ Ինչո՞ւ հաշտության պայմանագիրն այդպես էլ չի կնքվում, չէ՞ որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այդ համաձայնությունը կայանա, իսկ հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենի նման բացականչի, թե խաղաղություն է բերել։ Խնդիրն Ադրբեջանի դիրքորոշումն է։ Այդ երկիրը չի ցանկանում իր գործողությունները որևէ պայմանագրով կաշկանդել ու բանակցությունների ամենավճռական փուլում ավելին է պահանջում հայկական կողմից, ու համաձայնությունը չի կայանում։
Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը հասցնում է նոր առաջխաղացումներ ձեռնարկել ու սադրանքների դիմել։ Հակառակորդի տակտիկայի մեջ է մտնում բանակցությունների իմիտացիային զուգահեռ Հայաստանին անընդհատ շնչակտուր անել, թույլ չտալ շունչ քաշել և ուշքի գալ։ Բայց ՀՀ օրվա իշխանությունները բոլոր ձևերով փորձում են ինչքան հնարավոր է զիջել ու տարբեր մեթոդներով ու մանիպուլ յացիաներով արդարացնել այդ զիջումները հանրության աչքում, միայն թե իրենք մնան իշխանության։ Այսինքն, Փաշինյանին ու իր թիմակիցներին ամենից շատ իրենց աթոռն է հուզում, քանի որ նրանք հիանալի պատկերացնում են, թե ինչ կլինի իրենց հետ, երբ այդ աթոռից ընկնեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը