01 06 2023

Փաշինյանը 33 տարեկան թերթն էլ փակեց․ «Փաստ»

Փաշինյանը 33 տարեկան թերթն էլ փակեց․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանը իշխանության եկավ փողոցից՝ խոստանալով փակել արագաչափերն ու տեսախցիկները, փակել բոլորի վարկերը, փակել... Հասկանալի է՝ դրանցից ոչինչ չփակեց: Բայց փակումներ եղան: Ու շատ: Փակվեցին նախարարություններ, փակվեց Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհը, փակվեց վաղվա օրվա նկատմամբ հույսի դուռը: Իսկ երեկ էլ վերջին համարը լույս ընծայեց «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 33 տարեկան թերթն էլ փակեց: Սա առավել քան խորհրդանշական է: Պաշտոնապես ներկայացվող պատճառը տրիվիալ է. ֆինանսական խնդիրներ:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փող չունի, որպեսզի շարունակվի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հրատարակությունը: Սա ոչ միայն խորհրդանշական է, այլև խայտառակագույն իրողություն: «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը, հավելենք՝ նաև ռուսալեզու «Ռեսպուբլիկա Արմենիան», որը նույնպես փակվելու է՝ «ՀՀ»-ի հետ, պարզապես պաշտոնաթերթեր չեն: «Հայաստանի Հանրապետությունը» Հայաստանի Հանրապետության հռչակման, մեր պետականության վերականգնման ծնունդն է ու ամենօրյա վկայագիրը: Այ, էն որ ասում էին «կադաստրի թուղթ» ու նման բաներ, «Հայաստանի Հանրապետությունը» դրանից էլ ուժեղ «թուղթ» է: Այսինքն, արդեն՝ էր:

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը փակելը չի տեղավորվում որևէ տրամաբանության շրջանակներում, դա պարզապես ամեն ինչ ավիրելու, փակելու՝ այս իշխանությունների սովորութային ծիրում է: Դէ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը «փակողներ» են: Դա իրենց մոտ ստացվում է: Ու դաժան հարց է ծագում: Ո՞րն է հաջորդը: Հենց Հայաստանի Հանրապետությա՞ն փակումը՝ առանց չակերտների: Այդ հարցը, ցավոք, հռետորական է հնչում արդեն: Չնայած, ոչ հռետորական հարց էլ կա:

Այդ ինչպե՞ս է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինքնապարգևատրումների, բազմամիլիարդանոց պարգևավճարների, արտասահմանյան թանկանոց վոյաժ-«գործուղումների», Փաշինյանին ու մյուս պաշտոնյաներին տանող-բերող գերթանկարժեք «պադավատների» համար միշտ ու առատորեն փող ունի, այսինքն՝ ֆինանսներ, իսկ, այ, պետական պաշտոնաթերթի հրատարակությունը շարունակելու համար, տեսեք-տեսեք՝ ֆինանս չկա: Ցանկությո՛ւն չկա: Ոչ թե ֆինանսներ չկան: Ֆինանսներ միշտ կարելի էր գտնել, թեկուզ բաժանորդագրություններով, ինչպես նախկինում էր: ... «Հայաստանի Հանրապետությունը» վերջին համարը լույս ընծայեց: Սա ոչ միայն տխուր է, այլև պարզապես խայտառակություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ