01 06 2023

Պետական կառույցները, նաեւ դատախազությունը ոչինչ չեն ասում հերոինի հետ կապված․ «Ժողովուրդ»

Պետական կառույցները, նաեւ դատախազությունը ոչինչ չեն ասում հերոինի հետ կապված․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վրաստանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազությունից հետքրքրվեց՝ արդյոք հանդիպման ժամանակ Աննա Վարդապետյանը քննարկել է Հայաստան ներմուծված 1 տոննա Հերոինի հարցը, եւ ինչ արդյունքներ կան:

Դատախազությունից ժլատ գտնվեցին ինֆորմացիա տալու հարցում եւ հայտնեցին միայն, թե հրապարակման ենթակա տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությունում ներկայացված է: Իսկ ի՞նչ է ասված պաշտոնական հաղորդագրության մեջ.

Հայաստանի եւ Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը եւ ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը եւ գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջեւ կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, եւ քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու եւ ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են կիբեռ եւ կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

Դատելով իրավիճակից՝ Աննա Վարդապետյանը 1 տոննա Հերոինի հարցը Վրաստանի դատախազի մոտ բարձրացրել է, քանի որ 1 տոննա թմրանյութը, ըստ ԱԱԾ-ի, Հայաստանում մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Իսկ թե ինչ է հայտնաբերվել, ինչպես է Հերոինը հայտնվել ներմուծված բանանի մեջ, շարունակում է գաղտնի մնալ: Պետական կառույցները, նաեւ դատախազությունը ոչինչ չեն ասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ