«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտապես գործուղումների մեկնող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաեւ Մոլդովայում կլինի նրա հետ: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանը վարչապետի՝ տարբեր երկրներ այցից մի քանի օր առաջ է անգամ մեկնում տվյալ երկիր, հանդիպումներ ունենում, մինչեւ գալիս է Փաշինյանը:
Այս անգամ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին կմիանա Մոլդովայում, որտեղ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Սեւակ Ղահրամանյանը եւ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը մայիսի 30-ից մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կգործուղվեն Սլովակիայի Հանրապետություն, ապա՝ Մոլդովա:
Այս այցը եւս կլինի պետբյուջեի հաշվին: Առհասարակ, Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է: Վերջինս նաեւ Մոսկվայում էր, երբ Փաշինյանը մասնակցում էր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, ապրիլ ամսին էլ նա Իրանում էր եւ այդպես շարունակ: Ընդ որում՝ նա գործուղման գրեթե մշտապես մեկնում է իր օգնականի հետ, բնականաբար՝ կրկին պետբյուջեի հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը