«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» զրուցակիցն ԱՀ երեք գումարման ԱԺ նախկին պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն է:
— Պարոն Գաբրիելյան, Դուք բավական ակտիվ եք սոցիալական հարթակներում: Գրեթե ամեն օր զինվելու եւ ինքնապաշտպանության պատրաստվելու կոչեր եք հղում արցախահայությանը: Աներկբա է, որ ժողովրդական ընդվզման մի փոքրիկ կայծը կարող է նոր ազատագրության մեկնարկի բոց դառնալ: Որպես 1988-ի համաժողովրդական շարժման կարկառուն ներկայացուցիչ՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է երբեմնի ըմբոստ, պայքարող հայն այսքան հանդուրժող ու հարմարվող դարձել:
— Հայը ոչ թե հանդուրժող ու հարմարվող է դարձել, այլ հային այդպիսին սարքել են: Բոլոր ժամանակների հայկական իշխանավորները բարոյական նորմերին հակադրել են նյութապաշտությունը` այն դարձնելով կյանքի նորմ: Դեռ ավելին` ՀՀ այսօրվա իշխանությունները փուլ առ փուլ պայքարել ու շարունակում են պայքարել դարերով ստեղծված հոգեւոր-մշակութային, մարդկային արժեհամակարգը վերացնելու ուղղությամբ:
Նման պայմաններում խոսել մարդ-անհատի հասարակական կամ քաղաքական ակտիվ կենսադիրք ստանձնելու մասին` մեղմ ասած, միամտություն է: Համահայկական տիրույթում ստեղծված նիրհի պայմաններում մի բացառություն կա. արցախահայության գործոնը հայկական իրականության մեջ դեռեւս դերակատարություն ունենալու է, պայքարի տենչը առկա է ու չի մարելու նույնիսկ պաշարման ճիրաններում: Արցախում պետք է բացառել ներքաղաքական ամեն մի պայքար, եւ ամեն ինչ ծառայեցնել ինքնապաշտպանական գործի կազմակերպմանը: Արցախը պետք է պահել հայկական, այլ գերխնդիր այսօր գոյություն չունի:
— Այս տաղտուկ օրերին քչերի մոտ կարել է լավատեսություն գտնել: Իսկ Դուք համառորեն պնդում եք, որ կգա հաղթական ազատությունը: Ինչպե՞ս:
— Եթե չլինես լավատես, գոյություն ունենալ չես կարող: Ամենաանելանելի իրավիճակից անգամ ելքեր գտնվում են: Արցախի անկախությունը փշապատ երկար ճանապարհ է հիշեցնում: Մենք պարտավոր ենք մաքառելով հաղթահարել այդ ճանապարհը: Սա պետք է դառնա բոլորիս նպատակը: Ցավոք սրտի, Հայաստանն այսօր ի զորու չէ լուծել արցախյան հիմնախնդիրը: Դեռ ավելին` կանգնած ենք հայկական պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Օրվա իշխանությունն իր անխոհեմ, ապազգային քաղաքականությամբ հայությանը հասցրել է անապագա, անորոշ վիճակի: Նիկոլի իշխանությունը հայությանը տանում է թուրքական հպատակության: Հայաստանի (Արցախի եւս) փրկությունը իշխանափոխությունն է: Թե ինչպե՞ս պետք է հասնենք ազատության` տակտիկական մոտեցման հարց է, դա թողնենք մոտ ապագային:
— Իշխանություններին քննադատելուց, դատապարտելուց եւ, ի վերջո, սոսկ խոսելուց բացի ի՞նչ է անում Արցախի խորհրդարանական ընդդիմությունը:
— Նախ եկեք հասկանանք, որ Արցախն ու արցախցին այլ կյանքով են այսօր ապրում: Նրանց առջեւ այլ մարտահրավերներ են ծառացած: Հայաստանյան մթնոլորտը ստիպում է քաղաքական ուժերին գտնվել ամենժամյա հակասություններով լի պայքարի մեջ:
Պաշարված Արցախում երկրորդական, գուցեեւ երրորդական պլան է մղվում քաղաքական պայքարը: Եվ դա արդարացված է: Գիտենք, հասկանում ենք, որ գոյություն ունեն բազում խնդիրներ, անցյալից փոխանցված ու այժմ էլ գործող աղմկահարույց, չբացահայտված սկանդալային գործեր, սակայն արցախցին ավելի հեռատես է ու գիտակցում է, որ երկրի թիվ մեկ խնդիրն այս պահին ահագնացող նոր ցեղասպանությունը կանխելն է: Ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղված խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, ըստ իս՝ զբաղված են կառուցողական ընդդիմախոսությամբ:
— Վերջերս մի տեսակ հակասական տրամադրություններ են նկատվում Ձեր գրառումներում: Մեկ Արցախի իշխանություններին համարում եք անկարող, մեկ ժողովրդին հորդորում եք համախմբվել իշխանության շուրջ: Այս հակադրությունն առավել ակնհայտ է դարձել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո: Ինչ-որ բա՞ն է փոխվել:
— Այո, միանգամայն ճիշտ եք նկատել, որոշակիորեն «շեղվել» եմ պետականամետ մտածելակերպից: Այն ավելի շատ կապված է եղել ՀՀ իշխանությունների թելադրանքով Արցախի ներքին կյանքում տեղի ունեցած անչափ կարեւոր իրադարձությունների հետ:
Կառանձնացնեի Փառուխի դեպքերը, Աղավնոյի հանձնման եւ այլընտրանքային ճանապարհի բացման անհեռատես քայլերը եւ վերջապես Ռ.Վարդանյանի աննպատակ եւ անիմաստ պաշտոնաթողությունը: Ինչպես միշտ, այսօր եւս, կոչս ուղղում եմ արցախահայերին, որ հեռու մնան ներքաղաքական պառակտիչ կոչերից ու պատրաստակամ լինեն հայրենիքի պաշտպանությանը:
— Որպես ԱՀ քաղաքացի՝ ինչպե՞ս եք գնահատում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը:
— Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությանը, պետք է ընդգծեմ, որ վերջիններս գործում են իրենց պետության շահերը գերակայելով միաժամանակ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության մեջ, լիակատար շրջափակման պայմաններում իրականացնելով առաջին անհրաժեշտության պարենամթերքի ներմուծումն Արցախ, ինչն իրականում այս օրերին կենսական գործոն է մեր ժողովրդի համար: Ամեն դեպքում, հայերս պետք է ապավինվենք մեր ուժերին եւ հասկանանք մի պարզ ճշմարտություն` մեր փոխարեն ուրիշները չեն լուծելու համահայկական հնչեղության խնդիրներ, եւ դա այն դեպքում, երբ արդեն հանգրվանել ենք լինել-չլինելու սահմանագծին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը