«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ 2018 թվականից հետո իշխանության եկած անձանց խոստումներն իրականություն չեն դառնում: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլից հետո իշխանություններն անընդհատ հայտարարում էին, թե հեղափոխության շնորհիվ կարողացել են այնպես անել, որ, օրինակ, արտագաղթը վերածվի ներգաղթի: Այս հանգամանքով հպարտանում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրականությունը, սակայն, հեռու էր հպարտանալու համար հարմար լինելուց: Բանն այն է, որ «Փաստերի ստուգման հարթակ»-ը ուսումնասիրել է սահմանահատումների քանակը եւ արձանագրել՝ ինչպիսին է պատկերը հիմա։
Սկսած 2018 թվականից՝ իսկապես, սահմանային անցակետերով մուտքերի ու ելքերի տարբերությունը դրական է եղել, սակայն պատկերը հետագայում փոխվել է: 2021 թվականին Հայաստանից ՀՀ քաղաքացիների արտահոսքը վերջին 10 տարիների համար ռեկորդային էր։ Մեկնած ու ժամանած ՀՀ քաղաքացիների տարբերությունը կազմեց -73,571 մարդ, իսկ ընդհանուր սահմանահատումների տարբերությունը՝ -43,874։
Նախորդ՝ 2022 թվականին եւս բավական զգալի է երկիրը լքող Հայաստանի քաղաքացիների թիվը՝ -27,941 մարդ, փոխարենը ընդհանուր սահմանահատումների թիվը, ինչպես վերեւում նշեցինք, ռեկորդային դրական է՝ 38,732։ Այսպիսով, փաստենք՝ վերջին տարիներին կրկին ավելացել է Հայաստանից արտագաղթողների թիվը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը