06 04 2023

Մարդո՞ւ, թե՞ իշխանությունների իրավունքների պաշտպան. «Փաստ»

Մարդո՞ւ, թե՞ իշխանությունների իրավունքների պաշտպան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Իշխանության թևերի փոխզսպումների համակարգը և անկախ մարմինների գործունեությունը յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգի գործունեության կարևորագույն տարրերից են։ Բայց Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի անվան տակ տեղի են ունենում հակաժողովրդավարական երևույթներ, որոնցից մեկն էլ իշխանության գերկենտրոնացումն է իշխող ուժի, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձի ձեռքում։ Խնդիրն այն է, որ քայլ առ քայլ Փաշինյանն իրենից կախվածության մեջ է գցում բոլոր այն մարմինները կամ կառույցները, որոնք պետք է լինեին անկախ ու քաղաքական առումով չեզոք։

Ընդ որում, այնպիսի հետևողականությամբ կամ ջանասիրությամբ, որ եթե դրա կեսի չափով երկրի անվտանգության մասին մտածեր (մտածեին), հնարավոր է՝ այսքան սարսափելի վիճակում չլինեինք: Այս տրամաբանության շրջանակներում իշխող ուժի պատգամավորը, Նիկոլ Փաշինյանի վաղեմի աշխատակիցը դարձավ ԿԸՀ նախագահ, արդարադատության նախարարը՝ ԲԴԽ նախագահ։ Նույնպիսի իրավիճակ է նաև ՄԻՊ-ի պարագայում։ Իշխանությունները ձեռնամուխ եղան այդ պաշտոնում ընդգծված իշխանական թեկնածուի ընտրությանը և 2022 թ. սկզբին արդարադատության նախարարի տեղակալ, փաստացի թիմի անդամն ընտրվեց ՄԻՊ պաշտոնում՝ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում պահպանելով իշխանությունների նկատմամբ իր լոյալությունը։

Բայց իշխող ուժի «սրտի» ՄԻՊ-ը, կամ, ինչպես այն ժամանակ ասում էին՝ ՔՊ ԻՊ-ը, հրաժարական տվեց, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունների կողմից այլ աշխատանքի տեղափոխվելու հետ կապված։ Դրանից հետո էլ ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի «ընտրության» համար ստեղծված քաղաքական ավանդույթը շարունակվեց։ Այս անգամ իշխանական ՄԻՊ թեկնածու դարձավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։ ՀՀ Սահմանադրության մեջ ՄԻՊ թեկնածուի ընտրության հետ կապված նշված է, որ այդ պաշտոնում կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

Այստեղ էական է այն հանգամանքը, որ Սահմանադրության մեջ հեղինակության մասին հատուկ նշված է. այսինքն, հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող անձի ընտրության պարագայում է, որ ՄԻՊ-ը կարող է արդյունավետ գործել՝ իր ճանաչումն ու հեղինակությունն օգտագործելով մարդու իրավունքների խախտման դեպքերին արձագանքելու հարցում։ Ինչպե՞ս կարող է իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանը տեղավորվել կոնկրետ այս պահանջի շրջանակներում։ Հանրության մեծամասնությունը նրան ուղղակի չի ճանաչում։ Եվ նրա անցած ճանապարհի միակ ուշագրավ դրվագը, որի մասին քիչ թե շատ մարդիկ կարող են իմանալ, այն է, որ գլխավոր դատախազի տեղակալ է մի քանի ամսով աշխատել։

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՄԻՊ-ն անկախ պաշտոնատար անձ է, սակայն Մանասյանն ինչպե՞ս է անկախ գործելու մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու ուղղությամբ այն դեպքում, երբ մարդու իրավունքների խախտման դեպքեր արձանագրվում են նաև իրավապահ մարմինների, այդ թվում՝ նաև դատախազության կողմից։ Մի՞թե նա կաշկանդված չի լինի իր ընկերուհու գլխավորած կառույցի աշխատանքներին անհրաժեշտ գնահատական տալու հարցում։ Պարզ է, չէ՞, որ նա ևս լինելու է ավելի շատ ոչ թե ՀՀ ՄԻՊ-ը, այլ ՔՊ-ի իրավունքների պաշտպանը, ինչպես և իր նախորդը։

Դեռ թեկնածուի կարգավիճակում նա արդեն նշում է, թե մարդու իրավունքների պաշտպանությանը մեծ տեղ է հատկացնելու, անաչառ է լինելու և ընդհանրապես չի խոսելու ընդդիմադիր, իշխանական, հասարակական-քաղաքական գործչի դիրքերից, սակայն ինքն էլ խախտում է իր նշած այդ սկզբունքները։ Օրինակ՝ տարրական տրամաբանությունը հուշում է, որ ՄԻՊ պաշտոնի հավակնորդը պետք է արձագանքեր իր մրցակցի հանդեպ քպականների խայտառակ, փողոցային պահվածքին, սպառնալիքներին ու վիրավորանքներին։ Բայց Մանասյանն այդպես էլ չարձագանքեց, որովհետև պարզ է, որ ինքն ընդհանրապես չի էլ արձագանքելու ոչ մի դրվագում, որը վերաբերելու է իշխանությունների գործողություններին և պահվածքին։

Չնայած, այս ամենը վաղուց զարմանալի չէ. մենք հետևողականորեն գնում ենք ժողովրդավարական բոլոր արժեքների ոտնահարման ճանապարհով։ Ուղղակի կարելի էր գոնե ՄԻՊ պաշտոնն այսպես ոտնատակ չտալ։ Լավ, մի՞թե հասարակական սեկտորից կամ ընդհանրապես իրավաբանական հանրությունից չկար հեղինակություն կամ իսկապես ճանաչում ունեցող մի անձնավորություն՝ թեկուզ ինչ-որ չափով իշխանամերձ շրջանակներից, որին կարող էին առաջադրել։ ՄԻՊ-ի թեկնածուն կարող էր լինել առնվազն ամբողջությամբ իշխանության հետ չասոցացվող շրջանակներից։ Բայց դա իշխող ուժի գծած շրջանակում չի տեղավորվում։ Այլ տարբերակ չկա, իրենց թեկնածուն անպայման պետք է լինի ցայտուն իշխանական։ Այս իրողությունը վկայում է նաև իշխանությունների վախերի մասին, քանի որ նրանք տրամադրված են մարդու իրավունքների մշտական դարձած խախտումների անընդհատությանը, այլապես այդպիսի քայլերի չէին գնա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ