«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առեւտրի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնել։ Երեկ քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա գրություն է ուղարկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ պահանջելով տրամադրել հիշյալ փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը, որից պարզ կդառնա՝ տաղավարը, որտեղ կարտոֆիլ վաճառող քաղաքացին իր մեքենան կանգնեցրել էր, օրինական հիմքո՞վ է տեղադրվել փողոցի վրա, թե՞ ոչ։
Պատգամավորը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դեռեւս պատասխան չի ստացել։ Նա կարծում է, որ եթե անգամ օրինական են, ապա վարչական շրջանի ղեկավարությունը կարող է դա ճանաչել գերակա շահ եւ փոխհատուցելով սեփականատիրոջը` ապամոնտաժել հանրության առողջությանը վտանգ ներկայացնող տաղավարները։ Պատգամավորը պնդում է, որ փողոցում առեւտուրը վթարային իրավիճակ է ստեղծում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ պատգամավորի եւ վաճառողի միջեւ քաշքշուկ էր եղել, երկուսն էլ կանչվել էին ոստիկանություն` բացատրություններ տալու, Աղազարյանը ճանաչվել էր տուժող, առեւտրականին ձերբակալել էին, ապա ազատ արձակել: Քրեական վարույթն ընթանում է 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը