02 03 2023

Նախկինում սեղանի շուրջ տեղի ունեցած բանակցությունները հիմա անցել են առցանց ռեժիմի․ «Փաստ»

Նախկինում սեղանի շուրջ տեղի ունեցած բանակցությունները հիմա անցել են առցանց ռեժիմի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների ընթացքը հետաքրքրական փուլ է թևակոխել։ Նախկինում սեղանի շուրջ տեղի ունեցած բանակցությունները հիմա անցել են առցանց ռեժիմի։ Դե, գոնե ադրբեջանական կողմն այդպես է պնդում: Այսինքն, հայկական կողմն էլեկտրոնային տարբերակով առաջարկներ է փոխանցում Ադրբեջանին, ապա առաջարկներ ստանում, աշխատում դրանց վրա, կրկին փոխանցում և այդպես շարունակ։ Ու այսպիսի ձևաչափով աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա կարող է նշանակել, որ կողմերը մի կողմից՝ շտապում են խաղաղության պայմանագիրը պատրաստելու հարցում, քանի որ առցանց առաջարկների փոխանակումն ավելի արագ է կազմակերպվում, իսկ մյուս կողմից էլ, ամենայն հավանականությամբ, հիմնական հարցերի շուրջ որոշակի համաձայնություն արդեն իսկ նշմարվում է, ու առաջարկների փոխանցումով հիմա տեխնիկական հարցեր են լուծում։

Ի վերջո, դժվար թե բովանդակային կամ առանցքային նշանակություն ունեցող հարցերը հնարավոր լիներ առցանց եղանակով քննարկել։ Դրա համար կոնկրետ հանդիպումների կազմակերպման և բանակցային սեղանի շուրջ ճշգրտումների կարիք կլիներ։ Եվ հետո՝ առցանց դիվանագիտության դեպքում Ադրբեջանի համար ավելի հեշտ է կտրուկ պահանջներ դնել կամ ինչ-որ պահի խափանել բանակցային գործընթացն ու հող նախապատրաստել նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Իսկ ՀՀ իշխանություններն արդեն համակերպվել են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակմանը, հակառակ դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հետագա բանակցությունների համար կոնկրետ նախապայման կարող էին դնել Արցախի ապաշրջափակումը։

ՀՀ իշխանությունները ամենօրյա ռեժիմով ցույց են տալիս, որ ձեռքները լվացել են Արցախից, և մինչ խոսում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հաստատման մասին, Ադրբեջանը հետևողական առաջ է մղում Բերձորում ադրբեջանական անցակետի տեղակայման և, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» պահանջների կատարման թեմաները։ Այլ կերպ ասած՝ Արցախը թողնված է ճակատագրի քմահաճույքին։ Եվ եթե Ադրբեջանը որոշի ու անցակետ տեղադրի, ապա ՀՀ իշխանությունները ոչինչ չէին ձեռնարկելու՝ ինչպես միշտ պատասխանատվությունը գցելով միայն ռուս խաղաղապահների վրա։ Ու նաև այդ է պատճառը, որ նրանց փոխարեն ՌԴ արտգործնախարարն է Ադրբեջանին հիշեցնում, որ եռակողմ հայտարարությամբ անցակետի տեղակայում նախատեսված չէ, սակայն կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության:

Փաստացի Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ Լաչինի միջանցքում սքան տեղակայվի, իսկ հայկական կողմից դրա վերաբերյալ որևէ արձագանք չկա, քանի որ դրանով միջանցքով երթևեկության խոչընդոտներ են հարուցվելու, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ազատ տեղաշարժը խախտվելու է։ Դրա փոխարեն ՀՀ իշխանությունները Հաագայի դատարանի որոշման շուրջ մի այնպիսի հաղթանակ են կառուցել, կարծես դրանով շատ լուրջ հարց է լուծվելու։ Չթերագնահատելով Հաագայի դատարանի որոշման կարևորությունը՝ պետք է արձանագրել, որ այս կապակցությամբ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններն անգամ զավեշտի են հասնում, երբ նրանք նշում են, թե իբր Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս է պատճառում Ադրբեջանին, քան Հայաստանին ու Արցախին:

Քպականներին թվում է, որ եթե իրենց աչքում իշխանության տոտալ ձախողումը չի երևում, ապա դա այդպես է նաև մյուսների համար։ Իսկ մեր այն տարածքների մասին, որոնք հիմա օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կոնտեքստում որևէ խոսք չկա, ինչպես և չկա ադրբեջանական զորքերի դուրսբերման շուրջ հասցեական միջազգային արձագանք։ Ու այնպիսի տպավորություն են ուզում այս իշխանությունները ձևավորել, որ եթե եվրոպացի դիտորդներին հրավիրել են ՀՀ սահմանները դիտարկելու, ապա դրանով կանխվելու է նոր հարձակումը։ Այնինչ, չի բացառվում, որ այդ դիտորդների առկայությունը էլ ավելի մեծ սպառնալիքներ ստեղծի Հայաստանի համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ