28 02 2023

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով է զբաղված. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով է զբաղված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Միջազգային իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հանրային խոսքում մշտապես շեշտել է Հաագայի միջազգային դատարան դիմելու կարեւորությունը, Նիկոլ Փաշինյանի PR թիմն օրեր շարունակ ոգեւորված տարածում էր դատական լսումների տեղեկությունները՝ հասարակությանը կերակրելով, թե, ահա, միջազգային դատարանում քննվում է հայերի համար կարեւորագույն հարցը, եւ վճռից հետո Լաչինի միջանցքը կբացվի եւ այլն: Կյանքը ցույց տվեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով էր զբաղված: Նրանք ցույց են տալիս, թե գործում են, բայց գործում են իրականում զերո արդյունավետությամբ:

Ինչո՞ւ ենք այդպես ասում. երեկ նույն Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց. «Ցավոք, միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով: ՄԱԿ-ի դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման կողմերի համար, բայց իրականացման համար ժամկետ չկա նշված»:

Ազնիվ կլիներ, որ Կիրակոսյանն ու իր պրոֆեսիոնալների թիմը հասարակության մոտ անիմաստ սպասումներ չառաջացնելու համար նախապես հայտարարեին, որ ինչ վճիռ էլ կայացնելու լինի ՄԱԿ-ի միջազգային դատարանը, չի կատարվելու այն: Դա պետք է ասեին՝ աշխարհի շատ երկրների նախադեպերը հաշվի առնելով: Ինչ խոսք, օրինակներ շատ կան աշխարհում, որ կայացվել են վճիռներ կամ միջանկյալ միջոցներ, որոնք չեն կատարվել, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջազգային դատարանը կարողանում է արդյունավետ աշխատել միայն այն դեպքում, երբ այն պետությունը, որի օգտին կայացվում է որոշումը, ի վիճակի է միջազգային հանրության միջոցով իրագործել այդ վճռի կամ միջանկյալ միջոցի կիրառումը: Կյանքը ցույց տվեց, որ որեւէ կերպ ՀՀ կառավարությունը չի կարողանում միջազգային ճնշում կազմակերպել, որպեսզի կատարվի վճիռը:

Միայն Եվրամիությունը եւ Ֆրանսիան են հայտարարել, որ անհրաժեշտ է կատարել Հաագայի դատարանի որոշումը, սակայն դեռ անօգուտ. 81 օր է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ