«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին Արցախում ստեղծված լարվածության ֆոնին քաղաքական ուժերի ու տարբեր դերակատարների միջև տեղի են ունենում «փոխհրաձգություններ», հնչում են մեղադրանքներ: Թիրախում է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Պարզվում է՝ խնդիրը ոչ միայն քաղաքական երանգներ ունի, այլև ուղղակիորեն կապված է գլխավոր դատախազի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ վերջին տասը տարում ծավալած գործունեությունն ուսումնասիրելու նախաձեռնության հետ:
Դատախազությունն արդեն համապատասխան հարցումները հասցեագրել է հիշյալ հիմնադրամներին՝ պահանջելով տրամադրել տեղեկություններ հիմնադրամների կողմից ֆինանսավորված անձանց, միջոցների չափի ու նպատակների վերաբերյալ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների ղեկավարների հետ անց է կացվել խորհրդակցություն, որի ընթացքում ձեռք է բերվել օպերատիվ տվյալները մեկտեղելու և համագործակցված աշխատելու պայմանավորվածություն:
Այս ամենին բնականաբար դեմ են ոչ միայն գործող և նախկին իշխանությունները, քանզի կարող են բացահայտվել նրանց հետ փոխկապակցված մի շարք անձանց տվյալներ, այլև այդ հիմնադրամների գործունեությունից օգտված անձինք: Տարբեր շրջանակներում գլխավոր դատախազն ուղիղ հայտարարել էր, որ թույլ չի տալու որևէ մեկին թաքնվել այս կամ այն պաշտոնյայի թիկունքում և հիմնադրամներից ստացված գումարները օրենքի սահմաններում պետք է վերադարձվեն՝ առանց բացառության, ընդ որում գործընթացը պետք է սկսվի ամենամեծ աջակցությունը ստացած անձանցից:
Այս ամենը բնականաբար ընդունվում է շատ մեծ ընդվզումով, ուստի գլխավոր դատախազի դեմ հարձակումները դեռ շարունակվելու են և առավել մեծ թափ են ստանալու, երբ գործընթացները սկսեն առավել առարկայանալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը