«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրե՛ք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ 2015թ.-ի մի ելույթից:
Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»: Հետարքիր էր՝ արդյոք հիմա արդեն փոխվել է իրավիճակը, եւ 5 տարի առաջ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը արգելում է արդյոք տրանսպոտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենայով գործի գնալ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան, ու լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Վարչության պետը մշտապես շրջայցերի, ստուգայցերի մեջ է, ունի ծառայողական մեքենա: Վարորդ կա, որի ամսական կարիքների համար բենզին է դուրս գրվում»: Ստացվում է՝ 8 տարի առաջ տրանսպորտի վարչության պետը չպետք է մեքենա ունենար՝ ըստ Փաշինյանի, սակայն հիմա ոչ միայն պետք է, այլեւ ունի:
Ընդ որում՝ նկատենք, որ եթե տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանին հաճախ կարելի էր տեսնել կանգառներում երթուղիներին հետեւելիս, հիմա, փաստորեն, տրանսպորտի վարչության նոր պետը ծառայողական ավտոմեքենայից է օգտվում: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից 5 տարի անց մենք շարունակում ենք լինել «զարմանալի պետություն», որտեղ շարունակում է ծառայողական մեքենա ունենալ Երեւանի քաղաքապետարանի տրասնպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը