20 12 2022

Տնտեսական անվտանգության անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք․ «Փաստ»

Տնտեսական անվտանգության անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛ սոցիալական համակարգերը փոխսերտաճած են, ինչը մեկ օրվա արդյունք չէ: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Արցախի շրջափակման տնտեսական հնարավոր հետևանքներին, այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«30 տարի սերտ ինտեգրմամբ մեկ տնտեսական տարածքի մոդել է զարգացել, և, բնականաբար, այն անվտանգային ու տնտեսական խնդիրները, որոնք առաջանում են Արցախում, ուղղակիորեն իրենց հետևանքներն են թողնում, արդեն թողել են ու թողնելու են նաև ՀՀ տնտեսական համակարգի վրա: Խոսքը տնտեսական անվտանգության լուրջ սպառնալիքների մասին է: Զավթող երկիրը, բացի ռազմական գործողություններից, անվտանգային սպառնալիքներից, ոտնձգություններից թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ ուղղությամբ, նաև տնտեսական սպառնալիքներ է առաջացրել: Տնտեսական անվտանգության տեսանկյունից արդեն իսկ անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք: Դրանք հղի են բոլոր տեսակի բացասական հետևանքներով. օրինակ է ներդրումային ռիսկերի բարձրացումը, սոցիալական հետևանքները, որովհետև Արցախի հանքերը թշնամին ինքնանպատակ չի թիրախավորել: Իրենք շատ լավ գիտեն, որ թիրախավորում են Արցախի տնտեսական համակարգի այն առանցքը, որով այսօր գոյատևում է Արցախի տնտեսությունը»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ հազարավոր մարդիկ հենց այդ հանքերում են աշխատում, և իրենց եկամտի միակ աղբյուրը այդ աշխատանքի վարձատրությունն է:

«Արցախի պետական բյուջեն հիմնականում այդ հանքերից է գոյանում: Սա շատ լավ հասկանալով են թիրախավորել Արցախի տնտեսական համակարգի հիմնասյունը: Նույն գործելաոճով նրանք հարվածում են նաև ՀՀ տնտեսական համակարգին: ՀՀ սուվերեն տարածքի զավթումը, սահմաններին ամենօրյա անհանգստությունները շատ չափելի տնտեսական անվտանգության լրացուցիչ ռիսկեր են, ու հատկապես այն տարածքներում, որտեղ տնտեսական կայուն զարգացման ավելի մեծ խնդիրներ ունենք: Խոսքը Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի մասին է, հատկապես այն սահմանամերձ բնակավայրերի, որտեղ առանց այն էլ աղքատության բարձր մակարդակ, տնտեսական զարգացման լրացուցիչ դժվարություններ կային: Հիմա նման վարքածով ոչ միայն անվտանգային ռիսկեր, գոյատևման սպառնալիքներ են առաջացնում, այլև տնտեսական անվտանգության լրջագույն խնդիրներ»,-շեշտեց Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ խնդիրներն ուղիղ հետևանքներ են թողնում ԱՀ և ՀՀ տնտեսության կայուն զարգացման վրա:

«Մինչդեռ ՀՀ օրվա իշխանությունները, իրենցից անկախ ձևավորված տնտեսական ակտիվությունից ոգևորված, փորձում են «տոնածառային» խաբկանքներով թմրեցնել հայ մարդուն, պատկերավոր ասած, կտորկտոր կտրելով մեր անվտանգությունը, մեր կայուն գոյատևման հնարավորությունները և հանձնելով թշնամուն»,-ընդգծեց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց ցեղասպան գործողությունները: «Այս փուլում գործադրում են ձեռքի տակ եղած «փափուկ ուժի» ողջ գործիքակազմը: Ամենատարբեր պատրվակներով ճնշումներ են գործադրում Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ՝ հոգեբանականից մինչև հումանիտար: Իրենք այդ ամենը ծրագրավորված ժամանակացույցով են իրականացնում և հետևողականորեն իրենց ցեղասպան նպատակն են առաջ մղում: Որոշ մարդիկ, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, մեկուկես տարի առաջ ոգևորված խոսում էին տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման, տնտեսական ինտեգրման մասին: Մեր հետագա զարգացումը մեզ ցեղասպանության ենթարկող պետությունների հետ տնտեսական ինտեգրման մեջ էին տեսնում: Ասում էինք, որ դա սին, կեղծ նպատակադրում է: Բայց դեռ այդ ժամանակ մեր կողմից կանխատեսվող ռիսկերն այսօր իրականություն են դառնում: Այսինքն, երբ թշնամին մխրճվում է մեր տարածաշրջան, սկզբից փորձում տնտեսական դոմինանտություն և ներգրավվածություն ապահովել, միակ նպատակը ոչ թե տնտեսական շահը, այլ հետագա այնպիսի գործողություններն են, որոնցով կկարողանան պարտադրել իրենց հեռահար աշխարհաքաղաքական նպատակները»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հիմա հենց այդ գործընթացին ենք ականատես լինում:

Նա շեշտեց, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանն այսօր 120 հազար մարդու աքցանի մեջ է վերցրել ու պարզ ցույց է տալիս, որ պատրաստվում է ամեն գնով այդ մարդկանց դուրս բերել իրենց բնօրրանից: «Այնպիսի պայմաններ են փորձում ստեղծել, որ հայրենիքում ապրելն անհնարին դառնա: Ադրբեջանի քայլերը կանխատեսելի են, հետագա քայլերը՝ ևս: Բայց հարց է, թե ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Այն իշխանությունները, որոնք իրենց կառավարության ծրագրում գրել են նման ռիսկերը բացառելու ամբողջական նպատակադրման, Արցախը զարգացնելու մասին: Մինչդեռ այդ ռիսկերի իրացումն իր ամենավատ սցենարով այսօր արդեն ունենք: Իսկ իշխանություններն այսօր մեղադրում են միջազգային դերակատարներին, խաղաղապահ առաքելությանը, ընդդիմությանը: Բացի իրենցից, բոլորին մեղադրում են: Այս իրականության մեջ իշխանությունների նման պասիվությունն ու կրավորական կեցվածքն ամենավտանգավորն է և հղի է ամենաանցանկալի ելքերով»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ