«Հրապարակ»-ը գրում է․ Ինչքան պետք է մարդը պետական մտածողություն չունենա, որ շարունակ վարկաբեկի պետական ինստիտուտները, նսեմացնի ճանապարհ անցած պաշտոնյաներին, դիվանագետներին՝ միայն այն պատճառով, որ նրանք իր թիմի անդամները չեն, չեն կիսում իր հայացքներն ու դեմ են պետության կառավարման այս ձեւին։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր տարիներին բնորոշ լրագրողական ոճով «անցել» է մի խումբ դիվանագետների «վրայով», ովքեր համարձակվել են անհամաձայնություն հայտնել իր վարած քաղաքականությանը։ Ասել է․ «2018-ին ես հայտարարել եմ, որ մենք պիտի քաղաքական նշանակումները մինիմումի հասցնենք»՝ նկատի ունի դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումները։ Հավանաբար կարծում է, որ մոռացել ենք Լիլիթ Մակունցի, Հովիկ Իգիթյանի կամ Վիկտոր Ենգիբարյանի նշանակումները։ Նախկին ԲՀԿ-ական, հետո ԼՀԿ-ական, մասնագիտությամբ սոցիոլոգ Ենգիբարյանի նշանակումն առհասարակ անգերազանցելի է մեր 30-ամյա դիվանագիտության պատմության մեջ։
Հետո, խոսելով սկզբունքային դիրքորոշում դրսեւորած եւ պաշտոններից հրաժարված դիվանագետների մասին, ասել է․ «Չեն կիսում՝ թող գնան, ընդդիմության հանրահավաքներին մասնակցեն»։ Եվ սա ասում է մարդ, ով իր գիտակցական կյանքի մի մեծ հատվածը հանրահավաքների մեջ է անցկացրել եւ հենց հանրահավաքով եկել իշխանության։ Հետո իբրեւ թե հեգնում է․ «Ցավոք, նկատում եմ, որ վերջին հանրահավաքներին չեն մասնակցում, ինչն ինձ շատ մտահոգում է․․․ կոչ եմ անում նրանց՝ մասնակցել բոլոր հանրահավաքներին․․․ կարծում եմ, որ հենց դա է նրանց դիվանագիտական պոտենցիալը իրացնելու ամենահարմար տարբերակը»։ Նրանց դիվանագիտական պոտենցիալն ըստ արժանվույն օգտագործելու համար խելք եւ պետական մտածողություն էր հարկավոր, որը, ցավոք, 2018-ին իշխանության եկածներդ չունեցաք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը