12 11 2022

Փաշինյանն օլիգարխների հետ է տալիս-առնում․ «Ժողովուրդ»

Փաշինյանն օլիգարխների հետ է տալիս-առնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է ներկա եղել:

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ Փաշինյանին անհասկանալի կարգավիճակով ուղեկցել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, առանց փողկապի էր դիմավորել ու ուղեկցել վարչապետին, ինչն արարողակարգային կոպիտ խախտում է:

Դրա վրա ուշադրություն չեն դարձրել, գլխավորը նոր օլիգարխի բիզնես կարողությունների զարգացումն է, որը ապահովվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Նարեկ Նալբանդյանը, նշենք, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի, «Ման-Հոլդինգ» ընկերության սեփականատերն է, զբաղվում է ներկրումներով ու բիզնես այլ գործունեությամբ: Այս տարվա մարտին հենց գնեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձնատունը։ Նալբանդյանը Աբրահամյաններին, սակայն, տան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2,452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս ամիսը պետք է վճարեր։

Նույնպիսի՝ «փակովի» տարբերակով» նա ձեռք էր բերել նաեւ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը: Նախկին ոստիկան Նարեկ Նալբանդյանը, ըստ երեւույթին, բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները, կարողանում է նաեւ ձվի շուկայի մյուս խաղացողներին խեղճացնել ու մոնոպոլ դիրք զբաղեցնել:

Հենց դրանով է պայմանավորված, որ «Շիրակի» արտադրած ձվի գինը շուկայում պարբերաբար 20-30 դրամի է հասնում, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդման հանգեցնի:

Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, որն իշխանության էր գալիս օլիգարխիան ու մոնոպոլիան մերժելով, այժմ շուկայում հենց այդպիսի դիրք զբաղեցնողների հետ է տալիս-առնում, նրանց հյուրասիրած աղուհացը կիսում ու ամեն բան անում նորօրյա օլիգարխների ապահով առաջընթացի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ