23 08 2022

Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ. «Ժողովուրդ»

Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետից անցել է 9 օր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առևտրի կենտրոնում պայթյունի գործով իրավապահները մի քանի կասկածներ ունեն: Վարկածներից մեկն այն է, որ միգուցե առևտրի կենտրոնում ապօրինի արտադրամաս է եղել, որը առնչվել է ոչ միայն հրավառ նյութերի, այլ հենց պայթուցիկ նյութերի հետ: Նշենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում բազմաթիվ տնտեսվարողներ են հարցաքննվել որպես տուժող:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս օրերին քննվում է այն վարկածը, որ պայթած շենքի նկուղային հարկում եղել է հրավառ նյութերի պատրաստման արտադրամաս պայթուցիկ այլ նյութերի համակցմամբ, և իրավապահները ակտիվ քննում են այդ վարկածը: Ի դեպ, չի բացառվում, որ քրեական վարույթով անգամ հարցաքննված տնտեսվարողները նման տեղեկություն հայտնած լինեն իրավապահներին:

Տեղեկության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Փորձագետների մասնակցությամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն, քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»: Հավելենք, որ առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով կա 16 զոհ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ