«Փաստ» օրաթերթը գրում է․ Համավարակի բռնկումների, ուկրաինական հակամարտության և քաղաքական անորոշության պատճառով համաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել բազմաթիվ խնդիրների՝ մատակարարման շղթաների խաթարումից սկսած մինչև էներգետիկ ճգնաժամ և գնաճ։ Ընդ որում, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներից տուժում են հիմնականում հասարակ քաղաքացիները։ Նրանց գրպանին հատկապես ամենալուրջ հարվածը հասցնում է դեպի վեր սլացող գնաճը։ Ուստի, այս իրողությունը մի շարք երկրներում համատարած դժգոհության և ժողովրդական հուզումների պատճառ է դարձել։
Նույնիսկ հանրային ճնշման ազդեցությամբ իշխանափոխության դեպքեր կան, ինչպես, օրինակ՝ տեղի ունեցավ Պակիստանում։ Եվ պատահական չէ, որ երկրների կառավարությունները փորձում են կիրառել իրենց ունեցած գործիքակազմը գնաճի ազդեցությունը մեղմելու նպատակով։ Հիմնականում շեշտը դրվում է բնակչության եկամուտների ավելացման հանգամանքի վրա։ Բայց, իհարկե, այսպիսի գործելակերպը Հայաստանին չի վերաբերում, քանի որ գործող կառավարությունը բացարձակ որևէ քայլ չի ձեռնարկում գնաճային ճնշումը թուլացնելու համար։ Ո՛չ աշխատավարձերն են բարձրացել, ո՛չ թոշակները, ոչ էլ, ընդհանրապես, եկամուտների աճի սպասումներ կան։ Դե, բացառությամբ, իհարկե, քպականների... Եվ եթե բնակչության եկամուտները մնացել են նույն մակարդակի վրա, դեռ մի բան էլ, շատ տնտեսագետների դիտարկմամբ, նվազել են, իսկ ապրանքների գները բարձրացել են, ապա այս ամենը նշանակում է, որ բնակչության գնողունակությունը, հետևաբար նաև կենսամակարդակն ընկնում է։ Ամենից շատ մտահոգիչ է հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գների թռիչքը։
Մյուս կողմից էլ՝ մեզ մոտ արդեն պրակտիկա է դարձել, որ, օգտվելով շուկայում տիրող գնաճային տրամադրությունից, շատ դեպքերում անհիմն բարձրացնում են գները։ Եվ այսպիսի պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին չի էլ հուզում, թե ինչ է տեղի ունենում շուկայում։ Իսկ այս տպավորությունը հերթական անգամ հաստատելու է գալիս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ այս անգամ այն հայտարարությամբ, որ աշխարհի այլ երկրների՝ մասնավորապես ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների հետ համեմատած՝ Հայաստանում արձանագրված 8, 5 տոկոս գնաճը «ֆանտաստիկ լավ արդյունք է»։
Ինչպես տեսնում ենք, այս իշխանությունները շարունակում են առաջնորդվել «անն ա խ ա դ ե պիզմի», «ֆան տաս տիզմ ի » սկզբունքով։ Մե՛կ ֆանտաստիկ աճ է գրանցվում, մեկ այլ դեպքում՝ գնաճ (նկատի է առնվում՝ ֆանտաստիկ քիչը)։ Դրան զուգահեռ՝ ամեն ամիս աշխատատեղերի «ռեկորդ» է սահմանվում, քաղաքացիների համար աննախադեպ կյանքի բարենպաստ պայմաններ են ստեղծվում և այսպես շարունակ։ Մի խոսքով, ծնկես ու աղոթես նման իշխանության համար... Իսկ իրականում, մասնագետների մեծ մասի համոզմամբ, այս ամենը պարզունակ բլեֆ է, մանիպուլ յացիա, քանի որ մարդկանց կյանքում դրական փոփոխություններ չկան։ Ինչ վերաբերում է Քերոբյանին, ապա նրա համեմատությունը ոչ միայն անտեղի է, այլև ծիծաղելի, քանի որ Հայաստանի բնակչությունը առավել խոցելի է գնաճի նկատմամբ և չունի զարգացած տնտեսություն ունեցող ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բնակչության գնողունակությունը։
Ի վերջո, գնաճը պետք է համադրելի լինի եկամուտների, գործազրկության քանակի հետ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կառավարությունները տիրապետում են ահռելի ռեսուրսների՝ հարկ եղած ժամանակ իրենց քաղաքացիներին աջակցելու համար։ Օրինակ՝ համավարակի ժամանակ գործի դրվեցին հսկայածավալ աջակցության փաթեթներ։ Իսկ այս տեսանկյունից Հայաստանի ունեցած հնարավորությունները շատ սահմանափակ են, իսկ սոցիալ-տնտեսական դրությունը՝ լարված։ Պատահական չէ, որ Հայաստանում սոցիալական կայունությունը պահելու նպատակով իշխանությունները ստիպված են լինում անընդհատ ավելացնել պետական պարտքը։ Դրա համար էլ պետական պարտքը հասել է մոտ 9,3 մլրդ դոլարի։ Այ, այստեղ նրանք իսկապես աննախադեպ ու ֆանտաստիկ արդյունքի են հասել:
Մյուս կողմից էլ՝ զարմանալի է, որ գնաճը զսպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, իշխանություններն իրենց հայտարարություններով, կարծես թե, արդարացնում են թանկացումները։ Հաջորդ ասպեկտը. տևական ժամանակ է, ինչ հայկական դրամն արժևորվում է դոլարի և եվրոյի նկատմամբ, իսկ սա նշանակում է, որ հայկական սպառողների համար դրսից դոլարով և եվրոյով ներմուծվող ապրանքների, այդ թվում ու հատկապես՝ դիզվառելիքի գները պետք է իջնեն, բայց գնանկում չկա, ընդհակառակը, գնաճը շարունակում է իր թռիչքաձև ընթացքը։ Սա նշանակում է, որ ներմուծողները իշխանությունների թողտվության պայմաններում կարող են իրենց թույլ տալ գերշահույթներ ստանալ։
Այնինչ, օրինակ՝ համընդհանուր պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանում ռուբլու արժևորումը նույնիսկ հանգեցրել է նրան, որ մայիսի երկրորդ կեսից գների աճը կանգ է առել։ Դրա արդյունքում է, որ պատժամիջոցների ճնշման ներքո գտնվող երկրի նախագահը իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ այժմ գնաճը զրոյական մակարդակի վրա է, իսկ մեր պաշտոնյաններն, անգործություն ցուցաբերելով, միայն ուրախանում, «շուլուխներ» են անում այս թեմաներով:
Հ.Գ.-Հիշո՞ւմ եք՝ «նախկիններից» մեկը մոտավորապես ասում էր՝ մսի փող չունեք, կարտոֆիլ կերեք: Հիմա նույնիսկ կարտոֆիլն է ճոխություն: Մնում է ազգովի անսանք Նիկոլին ու միայն կանաչի ուտենք, հետո փառք տանք մեր «վսեմաշուք առաջնորդին»՝ գուցե նաև երգելով. «Այսքան ուրախ կյանքը մեր...»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը