15 04 2022

Քվեարկությամբ հարց որոշողը մենք չենք․ ընտրություններին ժողովուրդն այդ լծակը տվել է սրանց․ Գեղամ Մանուկյան․ «Հրապարակ»

Քվեարկությամբ հարց որոշողը մենք չենք․ ընտրություններին ժողովուրդն այդ լծակը տվել է սրանց․ Գեղամ Մանուկյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։

- Նիկոլ Փաշինյանն իր ելույթով պարզ հասկացրեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ուրիշ ճանապարհ չկա։ Որո՞նք են ձեր քայլերը։

- Այն թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է, տեւական ժամանակ կրկնվող թեզերի, հայտարարությունների հանրագումարն են։ Այդ բոլոր թեզերին մենք բազմաթիվ փաստարկներով ներկայացրել ենք հակաթեզեր, ներկայացրել ենք այն ստերը, թյուրիմացությունները, որ նա չի հասկացել բանակցային պրոցեսը, բայց կառչած է մնում իր այդ, պայմանական ասած՝ «խաղաղության դարաշրջանից»։ Կարծում եմ՝ այդ հայտարարությամբ ամբողջ հասարակության մեջ գծվում է ջրբաժան՝ «կա՛մ-կա՛մ»-ի հարց է դրվում հայ ժողովրդի առաջ։ Եվ սրան պետք է դիմագրավել, քանզի այսօրվա սերունդն իրավունք չունի հետագա բոլոր սերունդների փոխարեն նման որոշում կայացնել, որը ճակատագրական կլինի։

- Այսինքն՝ հասել ենք մի փուլի, որ պետք է գործնական քայլերից խոսենք, որո՞նք են լինելու ձեր քայլերը։

- Հանրային ընդվզում, հանրային դիմադրություն։ Այդ մասին բարձրաձայնել ենք, դրա մի արտահայտությունը եղավ ապրիլի 5-ի հանրահավաքը, առաջիկայում այդ գործողությունները շարունակվելու են։

- Այսօր, երբ արդեն բացահայտ են Նիկոլ Փաշինյանի մտադրությունները, ընդդիմությանը ձայն տված շատ քաղաքացիներ իրենց հիասթափությունն են արտահայտում ձեզնից` պահանջում են կոնկրետ գործողությունների գնալ։

- Ես վստահ եմ՝ այդ մարդիկ, վաղը եթե հանրահավաք կայանա, բոլորն էլ ներկա են լինելու, որովհետեւ սիրում են հայրենիքը, սիրում են Արցախը։ Միշտ այդ քննադատությունը կա, բայց ես չեմ էլ փորձում արդարացումներ փնտրել, թե չէ կարող եմ 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ պայքարի այդ ամիսները հիշեցնել, որ, ի վերջո, փողոցում, հրապարակում մնում էինք ընդամենը մի քանի հարյուր հոգի։

- Իսկ երբ փողոցում մի քանի տասնյակ հազարներով էիք, դուք ոչ մի գործողություն չէիք անում, ամեն անգամ մարդկանց ուղարկում էիք տուն։

- Չէ... մեր հայրենակիցների հետ որ խոսում եմ, ասում են՝ գործողությունը ո՞րն է։

- Ասում են՝ գնայինք մտնեինք կառավարական ամառանոց, երբ հասել էինք Պռոշյան փողոց, կամ նոյեմբերի 9-ին հարցերը լուծեիք, հիմա կառավարության շենք մտնողները դատվում են։ Դուք պատգամավոր եք՝ մանդատ ունեք, իսկ մյուսները մանդատ չունեն եւ դատվում են, օրինակ՝ Նարեկ Մանթաշյանը։

- Եկեք տարբերակում չդնենք՝ մեկը մանդատավոր է, մյուսը՝ դատվում է, որովհետեւ մի քանի օր առաջ է իմ քրեական գործը կարճվել, տղաս էլ դատարաններից տուն չի գալիս` դատվում է։ Անհրաժեշտ է հասարակության այնպիսի համախմբում, ներկայություն հրապարակներում, որին դիմագրավելը լինի անհնար։

- Դուք մտածե՞լ եք այն մասին, թե ինչով չեք արդարացնում ձեր ընտրողների հույսերը, ինչն է խանգարում, որ արդարացնեք։

- Մի առակ կա էշի եւ իշատիրոջ մասին։ Երբ հայր ու տղա քայլում են, կողքներից էլ էշն է քայլում, անցորդներից մեկն ասում է՝ նայեք սրանց, էշը կողքները՝ չեն նստում էշի վրա։ Երկուսով նստում են էշի վրա։ Մի քիչ էլ են անցնում, մեկն ասում է՝ նայեք, խեղճ էշի վրա երկուսով են նստել․ հայրն իջնում է, տղան՝ նստում։ Մեկ ուրիշն էլ ասում է՝ նայեք, ջահել տղան նստել է, հայրը ոտքով է։ Ու էդպես՝ վերջում հայր ու տղա էշը գրկած՝ շարունակում են ճանապարհը։ Գիտե՞ք, մեր ընտրողների, մեր հասարակության ամեն շրջանակ յուրովի է պատկերացնում, թե ինչ գործունեություն պետք է իրականացնենք։ Մի շրջանակ ասում էր՝ հերիք է գոռաք կամ կռիվ անեք Ազգային ժողովում, պետք է գործ անել, պետք է օրենքների նախագծերով ժողովրդին ցույց տալ, որ մենք իրական այլընտրանք ենք այս իշխանությանը։

- Դրա համար պետք է հստակ ձեւակերպեք, թե ձեզ ձայն տված 300 հազար քաղաքացիներն ինչ առաքելությամբ են ձեզ պատվիրակել, գործուղել ԱԺ, որ ի՞ նչ անեք։

- Մի քանի հստակ ձեւակերպումներ էին. սա սովորական խորհրդարանական ընդդիմություն չէ, որ ուղղակի օրենսդրական գործունեություն ծավալի Ազգային ժողովում։ Այս խորհրդարանական խմբակցությունն օգտագործել է իր բոլոր գործիքակազմերը՝ խանգարելու այս իշխանությունների ապազգային գործողություններն ու նախաձեռնությունները , երկրորդ՝ ստեղծի մի իրավիճակ, որ հնարավորինս շուտ այս իշխանությունները հեռանան։ Բայց պետք է արձանագրենք մի բան, որ քվեարկությամբ մեր քվեները չէին հերիքելու խորհրդարանում, ուստի մենք պետք է օգտագործենք այն գործիքները, որով կարող ենք ինչ-որ հարց արծարծել, որն անում ենք, եւ հասկանում եմ, որ քվեարկությամբ հարց որոշողը մենք չենք, եւ նաեւ հասկանում ենք, որ ընտրություններին ժողովուրդն այդ լծակը տվել է սրանց։

- Այս օրերին նորից հարց են բարձրացնում, թե ինչու չեք դնում մանդատները եւ դուրս գալիս։ Քանի՞ գրոշի արժեք ունի այս պահին ընդդիմության էքզիստենցիալ գոյությունն ԱԺ-ում։

- Ի սկզբանե ասեմ, որ խորհրդարանական ընտրություններն ավարտվել ե ն , այդ հարցը քննարկվել է, եւ այդ ժամանակ էլ որոշումը կայացվել է, որ մանդատները դնելու հարցը մեր օրակարգում է, եւ երբ անհրաժեշտ համարենք...։ Բայց զուգահեռ նաեւ կուզեմ երկու իրողություն ասել․ 29 հոգի մանդատները դրեցին, գալիս է մյուս 29-ը, նրանք էլ դուրս եկան, գալիս է մյուս 29-ը։ Չեղավ «Հայաստան» դաշինքի որեւէ պատգամավոր խորհրդարանում` հայտնվելու է մեկ այլ կուսակցություն՝ ավելի քիչ քվե ստացած։

- Թող հայտնվի։ Տարբերությունն այն կլինի, որ այդ մանդատն ու աշխատավարձը դուք չեք ստանա, ասենք՝ «Լուսավոր Հայաստանը» կստանա։

- Անկեղծ ասեմ՝ մեր խմբակցության անդամների մեծ մասը այն աշխատանքները, որ թողել է, ավելի բարձր աշխատավարձ է ստացել, քան խորհրդարանում է ստանում։

- Բայց ոմանք գուցե երազում էին մանդատ ունենալու եւ խորհրդարանում հայտնվելու մասին:

- Մի հատ արագ աչքի անցկացնեմ՝ մեր խմբակցության պատգամավորների մեծ մասը, ամեն մեկը կայացած է։

- Բայց, ամեն դեպքում, ձեր՝ մանդատ ունենալը չի արդարացվում։

- Ես խոստանում եմ՝ մանդատ դնելու որոշումը որ կայացնենք, առաջինը Դուք կիմանաք։

- Դրանից, միեւնույն է, երկիրն էլի չի փրկվի։ Մոտ մեկ տարի է՝ պատգամավոր եք, ուզում եմ հասկանալ՝ քանի՞ մետրով, քանի՞ քայլով եք մոտեցել իշխանափոխությանը` ձեր գործիքակազմով, որը, պարզ է, շատ լայն չէ։

- Առնվազն ես կարող եմ ասել էն հանրային տրամադրությունների փոփոխությունը, որ մեր խոսքով, հանդիպումներով, գործով հասարակության մեջ տեղի է ունեցել։

- Դա արտացոլվե՞ց ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ, օրինակ, թվային առումով։

- Տեսեք, հանրահավաքները, որ մենք հրավիրում ենք, գլխաքանակով կյանքում չենք հաշվել, որովհետեւ մեր հանրահավաքներում ես տեսնում եմ անհատ դեմքեր»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ