15 04 2022

Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Արմենիկում»-ն ու «Հեր-հերը»․ «Հրապարակ»

Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Արմենիկում»-ն ու «Հեր-հերը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է։ 2 ամիս առաջ ընկերությունների բաժնետոմսերը ՊՆ-ից փոխանցվել են տարածքային կառավարման նախարարությանը։ Նպատակն է՝ «ընկերությունների մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերությունների արդյունավետ գործունեության ծավալմանը»: «Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից։

Ժամանակին մամուլն այս գործարքը կապում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ, քանի որ համանման գործարքով արդեն ՊՆ-ի կազմում էր հայտնվել Մինասյանի հետ փոխկապակցված «Ձորա ՀԷԿ»-ը: Ինչ վերաբերում է «Արմենիկում»-ին, այն ստեղծվել է 1999թ․ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության նախարարն էր, ՊՆ-ին է փոխանցվել 2004թ. որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարարն էր։ «Արմենիկումն» իր գործունեությունը, որպես ինֆեկցիոն հիվանդանոց, շարունակեց մինչեւ 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ: Ապա փակվեց, այսօր այնտեղ լաբորատոր հետազոտություններ են արվում` մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են հանձնված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ