28 12 2021

Եվ տարուց երկար ձգվում է օրը․․․

Եվ տարուց երկար ձգվում է օրը․․․

Ըստ օրացույցի՝ մի քանի օրից 2022 թվականն է մեկնարկելու: Նոր տարի է: Թեպետ, միայն «ասում են»-ով չէ: Այլ հուշումներ էլ կան: Օրինակ, առայժմ Հանրապետության կոչվող կենտրոնական հրապարակում նույնիսկ տոնածառ է տնկված: Զարդարված: Մերձակա շենքերի տանիքներին համապատասխան լուսային էֆեկտների պատրաստություն տեսած:

Մենակ տոնածառը չէ:

Երևանյան զանազան-զարմանազան վաճառա-մոլերի մերձակայքերի մոտ խտացող խցանումներն ու մայթեզրերում շարված նպարամանդարինանարնջավաճառներն էլ են հուշում, որ ինչ-որ Նոր տարի է՝ բնորոշ եռուզեռով: Այն օրն անգամ մեր արվարձանում տեսա մի պատկեր, որ թվում էր, թե «ցուրտ ու մութ» 90-ականներում պիտի մնացած լիներ. հենց մայթի վրա՝ քոթուկը (կոճղ), ավտոյի «բագաժնիկում» (բեռնախցիկ) էլ մսեղիքը դրած առուտուր էին անում: Հերթ էր գոյացել անգամ: Չգիտեմ՝ մոռացված «պատմական» տեսարա՞նն էր հերթի պատճառը, թե՞ «էժանով միս կպցնելու» ոմանց ցանկությունը...
Մի ակնթարթ հավաքվածների վրա «Նի-կո՜լ, վարչապետ» գոռալու հիստերիկ մղում ծագեց, բայց զսպեցի այդ վայրկենական ազդակն ու անասելի տխրությամբ ամփոփեցի «խրախճանք ժանտախտի ժամանակ» համայնապատկերը՝ երևանյան սառնաշունչ եղանակին արվարձանի գլխավոր փողոցը հեղեղած գորշահանդերձ առևտրականներով ու գորշադեմ գնորդ-սակարկողներով:

Ասում են, որ մի քանի օրից 2022 թվականի հունվարի 1-ն է: Հա՞ որ... Մոլորակի վրա, միգուցե: Հայաստանում... դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ն է: Շատ-շատ՝ նոյեմբերի 10-ը: Դեռ օրը չի փոխվել: Ու երկրակուլ խավարը շարունակում է տարածել իր եղկելի, մահաբեր ու ամայացնող« շոշափուկները: Եվ տարուց երկար ձգվում է օրը...

Թեպետ, նայած՝ ո՛ւմ համար: Նրանք, որ «անջատված» դեսուդեն են շարժվում մայթեզրի վաճառականների կամ սուպերմարկետների ճոխառատ ապրանքաշարքերի արանքում, նրանք, որ խոզի բդի, չալաղաջի կամ էժան բանանի պատրաստության մեջ են, հենց որովայնային Նոր տարի են «անելու», իսկ գեղարվեստական մասով էլ «սալյուտ են խփելու»:

Իսկ ինչո՞ւ «չանեն», ինչո՞ւ չխփեն: Չէ՞ որ նրանք արդեն իրենք իրենց համոզել են, որ «Արցախը հլա դեռ յեսիմ երբ տված էր...»: Կարող են չէ՞ ասել, որ Արցախը դեռ Վասակ Սյունին էր տվել, օրինակ, կամ ասենք՝ դեռ 1988-ին էին արդեն տվել ու տվողն էլ «Ղարաբաղ» կոմիտեն էր: Չնայած, շուտով երևի հենց այդպես էլ կասեն: Ի վերջո, թեկուզ այս 2021 կապիտուլյատիվ տարում այդպիսի՞ նիկոլաստեր են կուլ տվել, դեռ տասնամյակների «ՀԺ»-աստերը չհաշված... Նրանք իրենք իրենց համոզել են, թե՝ «30 չեն ապրել», հասկանո՞ւմ եք:

Իրենց ի՞նչ: Իրենց համար արդեն վերացել են 1992-94թթ. պատերազմն ու այդ պարտերազմում կրած զրկանքները, այն, որ քարտով կանաչ հացակտորով, մոմի լույսի տակ ու վառած կոշկատակով մի քիչ տաքացող վառարանով դիմացան, այն որ՝ հազարավոր տղաների կյանքի գնով այդ պատերազմում հաղթեցինք։ ...Մոռացել են, որ 1994-ից 2018 թվականներին հարյուրավոր լուսավոր զավակներ են իրենց կյանքը դրել, որ հեռավոր թիկունքում, Երևանը լինի, թե Քաշաթաղը, Գյումրին լինի, թե Փարաքարը, հարյուր ու հարյուր հազարավոր հայրենակիցներ «Նոր տարի անեն» ու ամեն տարվա ամեն օրը խաղաղ պայմաններում ապրեն:

Չի՛ եղել, հասկանո՞ւմ եք: Չի՛ եղել ոչինչ: Մի «30 տարի ընդհանրապես ոչ մի բան չի եղել» սրանց համար, քանի որ մի արկածախնդիր ստախոս եկել ու իրենց համոզել է, որ իրենք չեն ապրել, «զրոյական կետով» հրապուրել է, ինչպես վիշապն է հրապուրում որպես կեր դեմը հայտնված մկանը կամ ճագարին՝ կուլ տալուց առաջ: Հրապուրել է ու բերել «զրոյական կետին» ու... երջանի՜կ են: Չնայած դա երջանկություն չէ, քանի որ երջանկության գիտակցումն ինտելեկտի հետ է այնուամենայնիվ զուգահեռվում: Դա ուղղակի բնազդ է: Երևի այնպիսի բնազդ, որ մորթվելուց առաջ, սպանդանոցի մոտ դրված աղը լիզելիս հորթն ու ցլիկն են ունենում:

Բայց ո՞ւմ ես ասում: Բայց ո՞ւմ ասես: Եթե նրանք ջնջել են իրենց սրտերից ու մտքերից, որ 44 օրվա մեջ մի ամբողջ սերունդ եռաբլուրվեց՝ հազարավոր ու հազարավոր տղաներ, ամեն մեկը՝ մի տան ճրագ...
Ու հիմա, երբ մայթին, եռուզեռի մեջ գետնին ընկած մանդարինի կճեպի նման տրորել ու ճզմել են իրենց մեջ գրեթե ամեն ինչ, հիմա, երբ Երևանը «սահմանամերձ գյուղ» դառնալու ընթացքի մեջ է, հիմա, երբ հանկարծ կարող է պարզվել, որ Գյումրի-Ջաջուռ հատվածում թուրքերը մաքսակետ են դրել, հիմա, երբ ոստիկանական բռնակալություն է, հիմա, երբ կարող են տուգանել ու տուգանում են ամեն քայլափոխի, երբ անգամ այդ ամենի համար այդ ամենի գլխավոր մեղավորի հասցեին թույլերի մենաշնորհ-հայհոյանքն է տուգանքի ու «գործ հարուցելու» առիթ, նրանք «Նոր տարի են անում» և... երջանիկ են, հիմնականում՝ մեռած-չթաղածի կարգավիճակով:

Մի լավ գրող իր հանրահայտ վեպում, գլխավոր հերոսի միջոցով նկատում է. «Если смерть для них ничто, то, выходит, и жизнь цены не имеет. В чем же смысл, для чего и как они живут там?» («Եթե մահը նրանց համար ոչինչ է, ապա ստացվում է, որ կյանքն էլ ոչ մի արժեք չունի: Հապա էլ ո՞րն է իմաստը, հանուն ինչի՞ և ինչպե՞ս են նրան այնտեղ ապրում»:

...Հա, մոլորակում ամսաթիվը փոխվելու է: Աղոտ առկայծում է հույս, որ Հայաստանում էլ մի օր «նոյեմբերի 11»-ը կգա: Ու թող դա 2022-ին լինի, ու հնարավորինս շուտ, որ երկիրն ազատվի ստից, կեղտից, խավարից, բթությունից, քանի դեռ բոլո՛րը այդ թունավոր ճահճի մեջ չեն խեղդվել:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ