02 12 2021

Ինչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր

Ինչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր

Մասիս խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված  իշխանական թեկնածու Սայեն Հայրապետյանի հետ Yerevan.Today-ի չստացված հարցազրույցից հետո սոցցանցում բուռն քննարկվում է այդ անձի՝ դատալեքսում առկա սնանկության  մասին «տպավորիչ»  կենսագրությունը, որի «սքրինշոթերը» հրապարակել էինք նույն տեսանյութում։ Խոսքը նրա պարտատերերի ցուցակի մասին է, որն իմի է բերել դատարանը, և նրա գույքը 2018 թվականին հանել է վաճառքի:

Այո, իրականում Մասիսում Փաշինյանի քաղաքական թիմի առաջադրած քաղաքապետացուն,  ըստ պաշտոնական տվյալների, անաշխատ մեկն է, դատական պաշտոնական  տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ պարտքերով ապրող․ չունի եկամուտներ, ապրում է, ենթադրաբար, ընտանիքի անդամների հաշվին և ժողովրդական լեզվով ասած՝ քցել է  իր պարտատերերին, ու առնվազն 6 տարի դատական քաշքշուկների մեջ է պարտքերի պատճառով: Ավելին, դատարանով անգամ սնանկ է ճանաչվել, վաճառքի է հանվել նրա ողջ ունեցվածքը

«Դատալեքսի» առկա տեղեկատվության համաձայն՝ 2016թ․-ին, երբ վերջնական հաստատվել է պարտքատերերի ցուցակը, պարզվել է՝ Սայեն Հայրապետյանը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին պարտք է եղել շուրջ 64 հազար ԱՄՆ դոլար և լրացուցիչ 508 հազար դրամ, իսկ ոմն Արմեն Սարգսյանի՝ 5 մլն  500 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս պարտքերի արանքում  իր «մեղքի բաժինն» է ունեցել երկու տարի առաջ սպանված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր  Յուվեցի Կարոն, ասում են՝ ինչ-որ գործարքում «քցել է» Սայեն Հայրապետյանին։

Բայց նրա մահից առաջ է  Սայեն Հայրապետյանն իր ողջ գույքով հանդերձ կանգնել դատարանի առաջ, 2018-ին բանկի պահանջով հանվել է նրա գույքը վաճառքի, գնահատվել է ընդհանուր 66 մլն 430 հազար դրամ բայց մինչ օրս  Սնանկության դատարանում  է գործը ու անավարտ փուլում է համարվում:

Ընդունենք, սա իրականում բավականին  ծանրակշիռ փաստ է, որ խոսում է թեկնածուի անձնական որակների մասին և,  թերևս, չի կարող չանդրադառնալ  ընտրություններն արդյունքների վրա: Ի վերջո, պարտքեր վերցնել ու դրանք պատասխանատու կերպով չմարել, արդյունքում ընկել դատական քաշքշուկի մեջ, կանգնել ողջ ունեցվածքը փաշիացնելու ռիսկի առջև ու սնանկ ճանաչվել դատարանով, սա առնվազն խոսում է անձի  պատասխանատվության զգացումի և անձնային կարևոր որակների մասին (անկախ տվյալ իրավիճակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից):

Եվ հիմա, երբ այդ անձը առաջադրել է իր թեկնածությունը Մասիսի խոշորացված համայնքի  ղեկավարի պաշտոնում, առնվազն պետք է կռահեր, որ գյուղական նեղլիկ միջավայրում մարդիկ ճանաչում են միմյանց, ուրեմն փորփրելու են իր անցյալը և ահա բացելու են այսպիսի ոչ ցանկալի էջեր:

Հիմա հարց էառաջանում. Արդյո՞ք Մասիսի 27 համայնքների բնակիչների կյանքի որակը կարող է փոխել մեկը և մի ամբողջ խոշորացված համայնքի սոցիալական պատասխանատվություն ստանձնել մի մարդ, ով պատասխանատվության հարցում կասկածի հիմքեր է ստեղծել ոչ վաղ անցյալում, անգամ իր անձնական հարթության վրա իրավիճակը չի կարողացել կառավարել այնպես, որ պարտքերի աստղաբաշխական թվեր չկուտակի, չվտանգիի  իր ապագան՝ իրեն փոխկապակցված կամ իր հոգածությամբ ապրող այլոց կյանքի որակով հանդերձ:

Ի վերջո, ընդունենք, որ անավարտ դատական գործերը հուշում են, որ ստանձնած ու չկատարած պարտքերի ահռելի պատասխանատվության բեռը այսօր էլ ուղեկցում է իշխանական թեկնածուին, և դեռ հարց է՝ Սայեն Հայրապետյանն իշխանության է ձգտում, որ այս բեռն ավելացնի՞, իսկապե՞ս.... թե՞ այդ իշխանությունն ստանալու այլ հաշվարկներ կան։ Ասենք՝ քաղաքապետ դառնալու  օրվանից ի հաշիվ պետության ռեսուրսների պարտքերը մարելու նպատակով է նա այսօր համաձայնել իր երկրապահի անցյալը հավասարեցնել հողատուի համբավ վայելող մի իշխանության հետ, որի պարագլուխը հրապարակայնորեն Շուշիի հայկական լինելը կասկածի տակ է դնում և ուրախացնում թշնամուն:

Ի վերջո, չմոռանանք, որ իշխանությունն առաջին հերթին լծակ է հատկապես ցանկացած տղամարդու համար։

Բայց համաձայնենք, ամենազավեշտալին Սայեն Հայրապետյանի անձնական բեռը չէ ու ոչ էլ դատարանով սնանկ ճանաչվելը,  ոչ էլ պարտքերի ցուցակը, որ այդքան բուռն քննարկվում է սոցցանցում...  Շատ ավելի ուշագրավ է Սայեն Հայրապետյանի անցած ուղին  Փաշինյանի «Քաղպայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավարն է եղել,  երկրապահ է, մասնակցել է  Արցախյան շարժմանը:  Հորադիզի գումարտակի հրամանատարն է եղել։ Ուշադրություն՝ 1989 թ սկսած՝ մասնակցել է Երասխի, Տավուշի, Կրասնասելսկի, Շահումյանի, ԼՂՀ Մարտունու, Հադրութի, Մարտակերտի և Շուշիի շրջանների պաշտպանական և ազատագրական մարտերին։ Եվ ահա այս հերոսական անցյալով մարդուն այսօր տեսնել Արցախի տարածքները թշնամուն հանձնած իշխանության շարքերում, մեղմ ասած, անըմբռնելի է ....

Չի բացառվում որ Սայեն Հայրապետյանն համաձայնել է հողատուի համբավ վայելող իշխանության հետ մտնել քաղաքական պայքարի մեջ ու սերտաճել միայն մի պայմանով՝ ապրելու խնդիր ունի... Կենցաղային ծանր բեռը երևի ստիպել է պարոն Սայենին սեփական ձեռքով ջուր լցնել իր երկրապահի ներկայանալի անցայլի վրա ու զրոյացնել անցյալի հետ փողային հաշիվները...

Հիշեցնենք, Դեկտեմբերի 5-ին  Մասիս խոշորացված համայնքում քաղաքային իշխանություն ձևավորելու համար պայքարի մեջ է մտել երկու քաղաքական ուժ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սայեն Հայրապետյանի դեմքով, և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ իր անվամբ ստեղծած դաշինքով: Դավիթ Համբարձումյանի կենսագրական տվյալներում երկու բարձրագույն կրթության դիպլոմների մասին է նշվում՝  ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետ՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ և Պետական կառավարման ակադեմիա՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ: Դավիթ Համբարձումյանը  2011-թից սկսած մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀՀ վերահսկիչ պալատում և մասնավոր բիզնեսում եղել է տնօրեն:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ