01 09 2021

Չարչյանին պահում են, որ ի՞նչ անեն՝ սպանե՞ն

Չարչյանին պահում են, որ ի՞նչ անեն՝ սպանե՞ն

Պրոֆեսոր Արմեն Չարչյանն արդեն երկու օր է՝ սրտամկանի սուր ինֆարկտով գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Այս մասին նախօրեին ահազանգեց պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանը պատրաստվում է միջնորդել հրատապ նիստ անելու և խափանման միջոցը փոխելու համար: Թե ինչ ընթացք կունենա միջնորդությունը, դժվար է կանխատեսել, բայց առաջարկում ենք հիշել, թե ինչից սկսվեց այս ամբողջ ապօրինությունները պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ:

Արմեն Չարչյանը օրթոպեդ-վնասվածքաբան է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի ամբիոնի վարիչ: 181 տպագրված գիտական աշխատությունների հեղինակ է, 1990-1995 թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի հերոսամարտին:

Պրոֆեսոր Չարչյանը 44-օրյա պատերազմից և Արցախի կապիտուլյացիայից հետո, այնպես ինչպես հազարավոր մեր հայտնի և անհայտ քաղաքացիներ, իր հստակ դիրքորոշումն է հայտնել, քննադատել այս իշխանություններին, իսկ արտահերթ ընտրություններին մասնակցում էր «Հայաստան» դաշինքի կազմում:

Քաղաքական գործընթացներին իր մասնակցությունը պրոֆեսորը բացատրում էր այն օրհասական վիճակով, որում հայտնվել է երկիրը, ինչպես ինքն էր ասում՝ սա ավելի շատ քաղաքացիական դիրքորոշում է, գալիս է, որ իր չափով բուժի հայրենիքը:  

Ընտրություններից երկու օր առաջ ՀՔԾ-ն հղում անելով տելեգրամյան ալիքներում տարածված ձայնագրության, անմիջապես ձերբակալում է պրոֆեսորին՝ նշելով, որ վերջինս իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Չանայած դատավորների նկատմամբ սկիզբ առած աննախադեպ ճնշումներին, ինչի մասին մամուլը տարբեր հրապարակումներ արեց, դատարանը ոչ իրավաչափ համարեց ձերբակալությունը և Չարչյանը երկու օր անց ազատ արձակվեց:

Այնուամենայնիվ դրանից երեք օր անց՝ հունիսի 23-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանը, ով կարճ ժամանակում հասցրել է վաստակել այս իշխանության «սրտի դատավոր» պիտակը, պրոֆեսորին մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց: Նախքան այդ որոշումը վատացել էր պրոֆեսորի ինքնազգացողությունը և նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Օրեր անց Արմեն Չարչյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ, չնայած կար բժշկի կողմից տրամադրված համապատասխան ուղեգիր, որ նա բժշկական հսկողության կարիք ունի: Այդ ընթացքում պրոֆեսորը գտնվել է սովորական խցում, բժշկական հսկողությունը փաստացի չի ապահովվել:

Մոտավորապես մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո Չարչյանը գրավի դիմաց ազատ է արձակվում: Նշենք, որ այդ ընթացքում արդեն գործի նախաքննություն ավարտվել էր, գործը մտել էր դատարան:

Ի դեպ, այդ ընթացքում պատգամավորներ և բժիշկներ անձնական երաշխավորություն էին ներկայացրել պրոֆեսորի խափանման միջոցը փոխելու համար, որը դատախազությունը մերժել էր՝ ասելով, որ նախաքննության փուլում դա հնարավոր չէ, քանի որ վկաների են լսում և Չարչյանը կարող է ազդել նրանց վրա: Դրանից ընդամենը երկու օր հետո հայտարարվում է նախաքննության ավարտ:

Դրանից հետո Արմեն Չարչյանը վերցնում է պատգամավորական մանդատը՝ մինչ այդ արդեն թողնելով Իզմիրլյան ԲԿ-ի տնօրենի պաշտոնը:

Օգոստոսի 17-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնում՝ պահանջելով կալանավորել Արմեն Չարչյանին: Կասկածելի արագությամբ մեկ օր անց նշանակվում է դատական նիստ: Դատախազը շարունակում էր պնդել, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանը կազդի գործի ընթացքի վրա իր հեղինակությամբ, թեև նախաքննությունը վաղուց էր ավարտվել, ցուցմունքներն էլ հետը: Այնուամենայնիվ՝ Վերաքննիչ դատարանը Արմեն Չարչյանին, որն արդեն պատգամավոր է և ըստ ՀՀ սահմանադրության, օգտվում է անձեռնմխելիությունից, կալանավորելու որոշում է կայացնում:

Հենց նույն օրը Արմեն Չարչյանը ինքնակամ ներկայանում է «Վարդաշեն» ՔԿ՝ նշելով, որ վստահ է, որ արդարադատությունն, ի վերջո, կհաղթի: Հետաքրքիր է, որ Արմեն Չարչյանը երբեք որակումներ չի տվել այս գործին՝ ասելով, որ ինքը չի մտնում իրավական դաշտ, չնայած աչք ծակող անօրինականություններին:

Պրոֆեսորը գնահատականներ չի տալիս, չտանք նաև մենք: Բայց մի քանի փաստեր նշենք, որակեք ինքներդ:

Մինչ Արմեն Չարչյանը զրկված է ազատությունից, իշխանական պատգամավորները ազատություն են տալիս բռունցքներին և դատախազությունը լուռ է: Արցախի նախագահի մասնակցությամբ ձայնագրություն է տարածվում, որտեղ նա մեղադրում է Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ, դատախազությունը անգամ հարցաքննության չի կանչում Փաշինյանին:

Իսկ ինչ վերաբերում է հեղինակությանը, ապա պետք է հիշել միայն այս իշխանության մաս կազմող քայլողներից Դավիթ Սանասարյանին, ով զբաղեցնում էր առանցքային պաշտոն, ում դեմ գործ հարուցվեց կոռուպցիայի մեղադրանքով, սակայն դաստախազությունը լռեց, հավանաբար գտավ, որ պաշտոն զբաղեցնելով չի կարող ազդել գործի վրա, իսկ Չարչյանը, պրազվում է՝ կարող է:

Դժվար է տրամաբանություն, ավելին՝ արդարադատություն ակնկալել մի մարմնից, ով երկու տարի հակասահմանադրական հոդվածով անազատության մեջ պահեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մինչ հիմա ներողություն չի խնդրել նրանից:

Իրավակա՞ն է, քաղաքակա՞ն, թե այլ գործընթաց է այս ամենը, սակայն բոլորս ենք հիշում գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքը, որը անազատության հետ անհամատեղելի հիվանդություններ ուներ, բայց շարունակում էր գտնվել բանտում, ավելին դատական նիստերին մասնակցում էր թթվածնի դիմակով, անվասայլակին նստած: Ինչ եղավ գեներալի դեպքում, բոլորս ենք հիշում, հուսով ենք, որ դատախազությունը՝ ևս: Հույս ունենք նաև, որ դատախազությունը հիշում է, որ պատասխանատվություն է կրում ոչ միայն արդարադատության իրացման, պահպանման, այլ նաև մարդկային կյանքի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ