03 07 2021

Խախտված ընտրություններ. կեղծված պատկեր՝ կեղծ ժողովրդավարներով

Խախտված ընտրություններ. կեղծված պատկեր՝ կեղծ ժողովրդավարներով

Հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունները 1995-ից ի վեր տեղի ունեցած ամենից խայտառակն ու զազրելին էին թե՛ ընտրակեղծիքների կիրառման, թե՛ իշխանության կողմից ընտրակաշառքներ բաժանելու, թե՛ առհասարակ նախընտրական ու հետընտրական շրջանում տիրող եղկելի մթնոլորտի և իշխանություն համարվող հակահայ խմբի կողմից տարածվող ատելության տեսակետից:

Ակնհայտ է, որ ա) անցած ԱԺ արտահերթ ընտրությունները խախտված են, բ) դրանց հետևանքով ձևավորված կամ ձևավորվելիք իշխանությունը ոչ լեգիտիմ է և ապօրինի՝ դրանից բխող հետևություններով, գ) ներքաղաքական ճգնաժամը ոչ թե հանգուցալուծվել է, այլ հակառակը՝ ավելի է խորացել ու ավելի է խորանալու՝ անխուսափելիորեն հանգեցնելով ապստամբության, հեղափոխության կամ նման այլ «պայթյունային վիճակի»:

Պարզ է նաև, որ ապօրինի, ոչ լեգիտիմ «իշխանությունը» ավելի ու ավելի է հակվելու բռնաճնշումների, քաղաքական հակառակորդների հետապնդումների, ինչն օրինակ, արդեն այսօր բացահայտ դրսևորվում է Նիկոլին մերժած համայնքապետերի, զինվորականների, բժիշկների դեմ ամբողջ թափով իրականացվող հակահայ ու թրքաբարո, հակամարդկային հետապնդումների միջոցով:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, ապա փաստեր և հիմնավորված փաստարկումներ, իհարկե, շատ կան:

Եվ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը բավականին հանգամանորեն ներկայացրել է այն հիմնական խախտումները, որոնց վրա խարսխված է ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ ՍԴ ներկայացված դիմումը:

Նախ, Նիկոլի կողմից աննախադեպ ծավալով վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տրվել: Իրականացվել են համակարգված բռնաճնշումներ ու թիրախային խոչընդոտումներ մրցակիցների, հիմնականում՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների դեմ: Զինվորական ծառայության մեջ գտնվողներին հարկադրել են «բաց» քվեարկել, ավելի ճիշտ, ձեռքները արդեն Նիկոլին քվեարկած ծրարներ են տվել: Կամ, օրինակ, ուսուցիչներին և աշակերտներին հարկադրաբար տարել են Նիկոլի հավաքներին՝ դասաժամերը կրճատելով։

Ի դեպ, հետաքրքիր է, որ Նիկոլի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը հաստատված է օրինական դատական ակտով:

Ընդհանուր առմամբ, ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի, քվեարկության հրապարակված պաշտոնական տվյալներում առնվազն 200 հազար քվե խեղաթյուրված է: Իսկ դա չափազանց մեծ թիվ է՝ մոտ 1,2 մլն քվեարկության մասնակցի պարագայում:

ՍԴ-ն արդեն գրանցել է «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու (կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով):

Դե ինչ, կլինի ՄԴ-ում այս դիմումի քննությունը, նշանակում է նաև առնվազն կլինեն բազմաթիվ առիթներ՝ ներկայացված պնդումները, ինչպես նաև քվեարկության օրը 109 618 քաղաքացու դեպքում անձնագրի «չաշխատելու»՝ գրանցող սարքի կողմից չճանաչելու, 23 790 քաղաքացու նույնականացումն առանց լուսանկարի իրականացնելու, 10 993 զինծառայողի քվեարկության ամբողջ գործընթացը խիստ գաղտնի պահելու և մի շարք այլ փաստական հանգամանքների ավելի մանրամասն անդրադառնալու համար:

Այստեղ սակայն կարելի է ընդգծել մի չափազանց կարևոր հանգամանք, որի մասին Սահմանադրական դատարանում հազիվ թե խոսվի:

Իրավիճակի ամբողջ զավեշտն ու ծաղրն այն է, որ զուտ «աճպարարական», քվեարկության արդյունքներ նենգափոխելու, ինչպես նաև՝ ոստիկանական բռնություններով, այլևայլ ապիկարություններով ուղեկցված ընտրակեղծիքներ, առհասարակ, կեղծարարություն արվում է կոնկրետ այն անձանց, այն ուժերի կողմից, որոնք 20-25 տարի շարունակ, իբր թե հանդես էին գալիս ընտրակեղծիքների դեմ, իբր թե՝ «ժողովրդավարական» էին, իբր թե՝ իրավապաշտպանությամբ էին զբաղված, իբր թե՝ արդար ընտրությունների կողմնակիցներ էին և այլն, և այլն: Այսինքն, բոլոր այդ անձինք, իրենց Նիկոլով հանդերձ, տասնամյակներ շարունակ ընդամենը զբաղված են եղել ստախոսությամբ, կեղծավորությամբ, հանրությանը ներկայացել են մի դեմքով, սակայն իրականության մեջ եղել են ամենազզվելի, ամենաողորմելի ու նաև՝ ծաղրանկարային բռնապետիկներ, կեղծարարներ, շառլատաններ:

Այսինքն, անկախ այն բանից, թե ինչ ելք կլինի ՍԴ-ում ընտրությունների հետ կապված դիմումի քննությունը, թե՛ Նիկոլը, որպես այդպիսին, թե՛ նրա անխտիր բոլոր թիմակիցները, թե՛ նրանց այսպես ասած՝ կրծքով պաշտպանող-արդարացնողները, ամենաշարքային կեղծավորներ են, ըստ էության՝ վերջացած մարդիկ: Անձինք, որոնք պատրաստ են ցանկացած ստորության, առնվազն պատրաստ են արդարացնել ցանկացած ստորություն, բայց առիթ-անառիթ բողոքում են, որ 25 կամ 14 տարի առաջ միկրոավտոբուսում իրենց ոտքը տրորել են, իսկ հոսանքն էլ 1 դրամով թանկացրել: Դրանք նրանք են, որ նույն այդ միկրոավտոբուսի ուղեվարձը 50 դրամով թանկացնելը թույլ չտալու համար պատրաստ էին քաղաքապետին սրախողխող անել, բայց բացարձակապես թքա՛ծ ունեն, որ մի ամբողջ սերնդի երիտասարդության լավագույն ներկայացուցիչներին կոտորելով՝ իրենց սիրելի Նիկոլը թուրքին նվիրեց Արցախը:

Ա՜խ, հա, չէ՞ որ դրանք պարտությա՛մբ հպարտացողների մանկուրտ տեսակն են:

Արմեն Հակոբյան 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ