Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հասարակությունից թաքցվող գերիների, զոհերի ու անհետ կորածների թվի մասին տեղեկատվությանը ևս մեկ գաղտնիք գումարվեց. Կառավարությունը որոշել է այսուհետ գաղտնի պահել պատերազմի զոհերի արտաշիրմումների դեպքերը, և այս մասին Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է՝ Yerevan.Today-ի հարցման պատասխան նամակում:
ՔԿ-ն գաղտնի պահելու մասին որոշումը պատճառաբանում է իբր նախաքննական շահի հիմքերով, մինչդեռ կարող էին գոնե դեպքերի քանակը հայտնել, ի վերջո քանի՞ զինծառայողի մարմին ու մասունք է հուղարկավորվել երկրորդ անգամ՝ ԴՆԹ սխալ հետազտության և դիերն այլոց գերեզմաններում թաղելու պատճառով:
Իսկ այսպիսի դեպքերը հաճախակի են դարձել, մամուլը պարբերաբար է գրում, որ պետական մարմինների փնթի աշխատանքի հետևանքով նահատակված զինծառայողներից մեկի փոխարեն հուղարկավորել են մեկ այլ մարդու, պատճառները մեծամասամբ ԴՆԹ հետազոտություններն են: Անհետ կորածների ծնողները հաճախ են ահազանգում, որ «ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, ակցիաներից մեկի ժամանակ էլ ընդհուպ սպառնացին, թե «Կվառենք Հերաց հիվանդանոցում գործող ԴՆԹ հետազոտությունների կենտրոնը»:
Իսկ ո՞ւմ մեղքով են դիերը փոխանակվում հուղարկավորումից ամիսներ անց… ի՞նչ հանգամանքներում են զոհվածների ընտանիքները հայտնաբերում իրենց զավակների կամ ամուսինների մարմիններն ու մասունքները: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան լռել է Առողջապահության նախարարությունը:
Ստիպված Քննչական Կոմիտե դիմեցինք՝ պահանջել էինք 44 օրյա պատերազմի հետևանքով զոհվածների վերահուղարկավորման դեպքերի մասին տվյալներ տրամադրել, հետաքրքրվել էինք՝ քանի՞ դեպքի առնչությամբ է քրգործ հարուցվել:
Բայց ՔԿ-ն առհասարակ մերժել է տեղեկատվոթյուն տրամադրումը՝ ընդգծելով, որ պահանջվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, փաստորեն՝ գաղտնիքին դասվեց:
Մինչդեռ հայրենի կառավարությունը պարտավոր է հանրության առջև բաց լինել: Փոխարենը դա անկաշկանդ անում են ՌԴ կառույցները՝ հիմար դրության մեջ դնելով Նիկոլ Փաշինյանին, ով 5 ամիս շարունակ համառորեն թաքցնում է զոհերի, գերեվարվածների անհետ կորածների թիվը, որպեսզի իր կառավարման տակ տիրող բարդակը քողարկի:
Հիշեցնենք, արտաշիրմումի աղմկոտ դեպքերից մեկը Եռաբլուրում 5 ամիս առաջ հուղարկված «Արցախի հերոս», գնդապետ Սերգեյ Շաքարյանի գերեզմանը քանդել-տեղափոխելու զավեշտալի միջադեպն էր: Փետրվարին հայտնաբերվել էր Սերգեյ Շաքարյանի իրական դին, և հարազատները ստիպված համաձայնել էին արտաշիրիմում անել։ Պարզվել էր՝ Շաքարյանի փոխարեն դեռևս անցած տարվա նոյեմբերին նրա գերեզմանում հուղարկավորել էին վանաձորցի մի սպայի:
«Հրապարակը» գրել էր նաև Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում թաղված մի զինծառայողի մասին, նոյեմբերին ծնողները հուղարկավորել էին իրենց զոհված զինծառայողին,, սակայն փետրվարի կեսին զանգ էին ստացել․ ասել էին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ այլ անձի են հուղարկավորել, գերեզմանում իրենց որդին չէ, պետք է արտաշիրմում անել և մարմինը հանձնել իրական տիրոջը։
Yerevan.Today-ին հայտնի է դարձել հունվարին Գյումրիից Արմավիր տեղափոխված, վերահուղարկավորված մի զինծառայողի մասին: Իսկ ահա ապրիլի 2-ին անհետ կորածներից մեկի մայրը՝ էջմիածնեցի Անահիտ Ադոյանը, հայտնել էր մի խայտառակ դեպքի մասին․ որդու մասունքներից 2 ոսկոր հուղարկավորած ծնողները Մեծամորի դիահերձարանում օրերս գտել են իրենց որդու ամբողջական մարմինը։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը