29 03 2021

«Թալանը հետ վերադարձնելու» սուտն ու իրական թալանն այսօր

«Թալանը հետ վերադարձնելու» սուտն ու իրական թալանն այսօր

Ամբոխի վրա ազդելու ներկայիս իշխանության հիմնական արտահայտությունը «թալանն» է։ Նիկոլ Փաշինյանը այդ բառն օգտագործում է իր մոլագար նպատակներ իրականացնելիս, դրանով պաշտպանվում իրեն ուղղված քննադատություններից և բացատրում իր ապիկարությունը։ «Թալան» բառը նա ասոցիացնում է ոչ թե անցած երեք տարիներին իր անձնական և քա

ղաքական նպատակների համար պետական միջոցների անխնա վատնման, մաքսանենգ ներկրվող և արտահանվող ու պետական բյուջե չմտնող միլիարդների, իր խմբակին վճարվող աստղաբաշխական պարգևավճարների, այլ՝ «նախկիններ» հետ։ Նրա հիմնական խոստումն էր՝ «ես կգամ իշխանության և նախկինների թալանը հետ կվերադաձնեմ ու կբաժանեմ ժողովրդին»։

Անցել է երեք տարի։ «Հպարտ» քաղաքացիների աչքը ջուր կտրեց, սպասելով այդ գումարներին։ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս խուսափում է այդ թեմայով խոսալուց, երևի հասկանալով, որ այն ոչ միայն ձանձրացրել է մարդկանց, այլ կարող է հակառակ ազդեցությունը գործել՝ կատաղեցնել նրանց։ Բոլորը չեն, որ առանց հասկանալու գովերգում են «թավշյա վարչապետին», և ներկայիս սրված սոցիալական կացության պարագայում շատերը կպահանջեն նրանից կատարել խոստումը։ Մինչդեռ, ակնհայտ է, որ առ այսօր, երեք տարի անց Նիկոլ Փաշինյանը ոչ մի թալան չի վերադարձրել պետական բյուջե կամ էլ վերադարձրել է, բայց այն մտել է իր ընտանեկան և կուսակցական բյուջեները։

Պետական բյուջեում կա այսպիսի մի տող «Այլ եկամուտներ»։ Ըստ պաշտոնական պարզաբանման, այդ «Այլ եկամուտներում» ներառված են ճանապարհային հարկը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը, միասնական մաքսային վճարը, դրոշմանիշային վճարները և այլ եկամուտներ (այդ թվում նաև՝ ՀՀ ՊԵԿ արտաբյուջետային ֆոնդին մուտքագրված գումարները)։ Ինչպես տեսնում ենք պարզաբանումից, հենց այս տողում պետք է հանգրվանեն այսպես կոչված «թալանածից հետ բերված գումարները»։ Հասկանալու համար, թե անցած երեք տարիներին ինչքան գումարներ է ավելացել կամ պակասել այս տողում, նախ ներկայացնենք, թե որքա՞ն են կազմել այլ եկամուտները 2017 թ․-ին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, «Այլ եկամուտներ» տողում 2017 թ-ին ստացվել է մոտ 65 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը հիմք ընդունենք, տեսնելու համար, թե ի՞նչ է փոխվել դրան հաջորդած երեք տարիներին։ Այսպիսով, այլ եկամուտները կազմել են․ 2018 թ․՝ 72,5 մլրդ դրամ, 2019 թ․՝ 83 մլրդ դրամ, 2020 թ․՝ 122 մլրդ դրամ։

Ինչպես տեսնում ենք 2018-2019թթ․-երին միասին վերցրած բյուջեի այլ եկամուտներն ավելացել են մոտ 25 մլրդ դրամով։ Սա կազմել է մոտ ընդամենը 50 մլն դոլար, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կոռուպիցայի դեմ պայքարի արդյունքում այդ երկու տարիներին 105 մլն դոլարի հետ վերադաձման մասին։ Այսինքն, նա ստել է՝ մոտ 55 մլն դոլարով ավելի գումար ասելով։ Երկու տարում 50 մլն դոլարն էլ, ըստ էության, աննշան գումար է և ոչ մի կերպ չի մոտենում Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարավող միլիարդավոր դոլարների թալանի և հետ վերադաձնելու ենթակա գումարներին։

Կարող է թվալ, թե 2020 թ․-ին է կտրուկ աճ գրանցվել։ Ավաղ, 2020 թ-ին «Այլ եկամուտներ» տողում, նախորդ տարվա համեմատ կտրուկ աճը պայմանավորված է կառավարության  կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամից ապօրինաբար վերցրած 52 մլրդ դրամով։ Եթե արձանագրված 122 մլրդ դրամ այլ եկամուտներից հանենք այդ 52 մլրդ դրամը, ապա կստացվի, որ անցյալ տարի դրանք նվազել են՝ կազմելով մոտ 70 մլրդ դրամ։ Դա ավելի քիչ է, քան 2018 թ․-ին եւ 2019 թ․-ին ստացված եկամուտները։ Փոխարենը, կառավարությունը ինքն է 52 մլրդ դրամ թալանել հայության հավաքած գումարից, կատարելով կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող ծախսեր, հրաժարվելով հաշվետվություն ներկայացնել դրանց  վերաբերյալ։  Իրական թալան, որի համար ներկայիս իշխանավորները պետք է պատասխանատվություն  կրեն։

Ահա այսպիսին է կացությունը Նիկոլ Փաշինյանի հիմնական ամբոխավարական խոստման հետ։ Թերեւս դա նկատի ունենալով էլ, նա նախընտրում է այլեւս չխոսել թալանի եւ առավել եւս՝ այն վերադարձնելու մասին։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ