Օրերս 168․am կայքը տեսանյութ հրապարակեց, որն առարկայորեն ու տեսանելի ապացուցում է, որ Նիկոլի խորհրդական, նախկինում` արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը իրեն թելադրված կամքն է ուղղակիորեն պարտադրել քննիչին և այս կերպ կոպիտ միջամտել է արդարադատությանը՝ կապված ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու հետ։ Ապա նաև հիմնավորված լուրեր շրջանառվեցին, որ նույն Աննա Վարդապետյանը պարբերական հանդիպումներ է ունեցել բանսարկությունների անգերազանցելի վարպետ, ԲԴԽ անդամ նշանակված Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խորհրդարանում լրագրողների պնդումներից հետո, երբ ստիպված է եղել մեկնաբանել առաջացած սկանդալը, թեև խոստովանել է`. «Ես ժամանակ չեմ ծախսում բոլոր նյութերին ծանոթանալու համար», բայց նաև թիմի անդամին հատուկ ինքնաբերական իներցիայով` կարծիք է հայտնել, թե «համացանցում շատ տեղեկություններ են տարածվում և դրանց գերակշիռ մասը փաստական հիմք չի ունենում»։
Բադասյանը վարչապետի խորհրդական-նախկին փոխնարարի առաջացրած տհաճ վիճակից գլուխն ազատելու համար նաև ասել է․ «Երբ տվյալ փաստը կհերքվի կամ կհաստատվի, այդ ժամանակ ինձնից գնահատական կարող եք հարցնել»։ Այսինքն` պարզ ասել է. երբ նիկոլի վնգստացող դատավորներից որևէ մեկը վճիռ կայացնի ու իմ գնահատականը գրոշի արժեք էլ չունենա, նոր միայն ես իմ «տղամարդու» խոսքը կասեմ, իսկ հիմա ինձ ուրիշի շառի մեջ մի գցեք։
Աբսուրդ է, բայց նաև` փաստ, որ արդարադատութայն նախարարը թքած ունի առկա արդարադատության վիճակի վրա։ Իսկ հերթական պաշտոնազրկված նախարարը չդառնալու համար` նախընտրում է աչքերն ու ականջները պինդ փակել, որպեսզի ոչինչ չիմանա վերահսկվող նախաքննությունների ու հեռակառավարվող դատավարությունների մասին։ Նույնիսկ «դատարանի աշխատանքին չմիջամտելու» պատրանք ստեղծելու նպատակով արդարադատության նախարարը նախընտրում է չնկատել արդարադատության ոտնահարումների մասին վկայող սկանդալային հրապարակումները, երբ գործադիր իշխանությունը բացահայտորեն միջամտում է դատական իշխանության աշխատանքին` երբ վարչապետի խորհրդական - նախկին փոխնարարն է ուղղակի հանձնարարում, թե Նիկոլի հերթական թիրախը դարձած Ռուբեն Հայրապետյանին ինչպես է պետք պատժել։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը