12 03 2021

Փաշինյանը և նրա «քայլաթիմը» ենթակա են ամենախիստ պատասխանատվության, որովհետև...

Փաշինյանը և նրա «քայլաթիմը» ենթակա են ամենախիստ պատասխանատվության, որովհետև...

Փորձենք պարզ արձանագրման եղանակով փոքր-ինչ ամփոփել այն հիմնավորված մեղադրանքները, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբոնին: Այս անդրադարձում ամփոփ թվարկենք հիմնականում արտաքին-քաղաքական բնույթի և նախապատերազմական շրջանին առնչվող մեղադրանքները: 

...Նիկոլ Փաշինյանը իր «թավշյա» վարչապետանալու 100-րդ օրը հրապարակավ նեղսրտեց, թե իրենց մեղադրում են, որ եկել են «հողերը, Արցախը տալու», այնինչ իրենք անգամ դեռ բանակցությունների չեն մասնակցել: Կյանքն ապացուցեց, ճի՛շտ էին մեղադրում:

Նույն հավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չի լինելու այնպես, որ ժողովրդից թաքուն որոշում կայացվի Արցախի հարցում: Իրականությունը տրամագծորեն հակառակն է. ոչ միայն ժողովրդից թաքուն որոշեց հանձնել Արցախը, այլև անգամ պետության գլուխ համարվող նախագահը հայտարարեց, թե «մամուլից տեղեկացել» կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման մասին:

Նիկոլ Փաշինյանը ենթակա է պատասխանատվության, որովհետև...

  • Հայտարարել է, թե ինքն իրավասու և լիազորված չէ բանակցել Արցախի փոխարեն, բայց առանց այդ իրավասությունների մասին հիշելու, Արցախի տարածքի 70-75 տոկոսը նվիրեց Ադրբեջանին
  • Հայտարարել է, թե ոչ մի բանակցություն էլ ադրբեջանական կողմի հետ չեն տարվում, այլ խորհրդատվական բնույթի հանդիպումներ, քննարկումներ են, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ա) իրականում ինտենսիվ ու նաև գաղտնի հանդիպումներ, բանակցություններ է վարել Ալիևի ու նրա լիազորած ներկայացուցիչների հետ, բ) Արցախը 5 միլիարդի դիմաց հանձնելու առաջարկությամբ նամակն ընդունել է, գ) երկու տարի շարունակ խաբել է Հայաստանի ու Արցախի հանրությանը, թե ինչ է դրված բանակցային սեղանին և ինչի վերաբերյալ են բանակցությունները:
  • Իրականում բանակցելու իրողության բացահայտումից հետո, հայտարարել է, թե ինքը՝ Փաշինյանը բանակցում է «սեփական կետից» կամ ինչպես հաճախ ասում է՝ «զրոյական կետից», մինչդեռ հիմա իր արածի մեղքը փորձում է տարրալուծել՝ բարդելով նախորդ տասնամյակների, բանակցային գործընթացի նախորդած շրջանի ու նախկին ղեկավարների վրա:
  • «Վերելակային պայմանավորվածությամբ» Նիկոլ Փաշինյանը զրոյացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով ձեռք բերված Վիեննայի և Սակտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Ալիևից ժամանակ է խնդրել՝ իր իշխանությունը ամրապնդելու համար:
  • *Միտումնավոր արել է այնպիսի անպատասխանատու հայտարարություններ, որոնք և՛ խեղաթյուրում են Արցախի հիմնախնդրի էությունը, և՛ խթանել, նաև որոշակիորեն լեգիտիմացրել են Ալիևի ռազմատենչ-ռևանշիստական նկրտումները:

Այո, խոսքը օրինակ, «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության մասին է, որը այլևայլ առիթներով նաև կրկնվել է, մասնավորապես, Արցախի ղեկավարությանը ցուցադրաբար Հայաստանի մարզերից մեկի մարզպետ ներկայացնելով: Նման հայտարարությունները ամենից շատ բխում էին Ալիևի շահերից: Սկզբունքորեն, նման հայտարարություններով Արցախի խնդրի բովանդակությունը կանխամտածված խեղաթյուրվել է՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի (Արցախի հայության ինքնորոշման իրավունքի) իրացման հարթությունից տեղափոխվելով հարևան պետությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրիվիալ «տարածքային վեճի»:

  • Հետևողականորեն, քայլ առ քայլ, ցուցադրաբար վատացրել է հայ-ռուսական հարաբերությունները, միտումնավոր հետապնդումներ է իրականացրել Հայաստանում գործող ռուսական կապիտալով խոշոր ընկերությունների դեմ, շարունակաբար լարել, գրեթե թշնամականի է հասցրել Ռուսաստանի առկա ղեկավարության հետ հարաբերությունները:
  • Նույնպիսի հետևողականումթյամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մեկուսացրել է բնական դաշնակիցներից: Մասնավորապես, կատարել է ակնհայտորեն Իրանին Հայաստանի դեմ տրամադրող քայլեր, ցուցադրաբար անգամագրվել է ԱՄՆ աջակցությամբ ստեղծված «հակաչինական ալյանսին»՝ «Կրոնական ազատության Ալյանս» կազմակերպությանը:
  • Հասցրել է նաև վատացնել հարաբերությունները հարևան Վրաստանի հետ (կհիշեք, կորոնավիրուսային տվյալները կեղծելու մասին վրացական իշխանություններին հասցեագրված սրանց հայտարարությունները, արձագանքներով հանդերձ):

Կրկնենք, սա ընդամենը նախապատերազմական շրջանում ու հիմնականում՝ արտաքին-քաղաքական առումով գործած սխալների, եթե կուզեք՝ մեղքերի ոչ ամբողջական թվարկման փորձ էր: Առաջիկայում կփորձենք ամփոփ թվարկել նաև ներքաղաքականին, ինչպես նաև՝ պատերազմի հետ կապված և պատերազմի ընթացքին վերաբերող հանցավոր քայլերը:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ