22 02 2021

Ու՞մ «շնորհիվ» Հայաստանը խայտառակվեց ցուցահանդեսում

Ու՞մ «շնորհիվ» Հայաստանը խայտառակվեց ցուցահանդեսում

Հայաստանի կառավարությունը անծրագիր ու փնթի գործելաոճի արդյունքում հաճախ հայտնվում է սկանդալների կենտրոնում։ Հերթականը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում՝ «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսում, որտեղ հայկական պատվիրակությունը պարզապես խայտառակվել է։ Նախապես հայտարարվել էր, որ Հայաստանը ցուցահանդեսին կներկայացնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որի միասնական տաղավարում ներկայացված կլինեն հայկական 14 ընկերություն։ Այդ ընկերությունները կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Ընկերությունները պետք է այդ ցուցահանդեսում վաճառքի նոր շուկաներ գտնեին, նոր կապեր հաստատեին, նոր գիտելիքներ ձեռք բերեին նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ, նախարար Հակոբ Արշակյանն էլ պաշտոնական հանդիպումներ ունենար այս ցուցահանդեսի շրջանակներում, որը համարվում է պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից    մեկը։

Պարզվում է, սակայն, որ պատվիրակությունը հասել է ցուցահանդեսի, ցուցանմուշները՝ ոչ։ Բոլոր այն երկրները, որոնք մասնակցում էին Աբու-Դաբիի՝ «IDEX-2021» 5-օրյա ռազմարդյունաբերության ցուցահանդեսին, ներկայացել էին իրենց տեղական արտադրության զենքեր, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, իսկ Հայաստանը՝ տեղական արտադրության բուկլետ ու ծաղիկներ։

Ինչո՞ւ։ Ո՞վ է որոշել դիտմամբ խայտառակել մեզ։

ԲՏԱ նախարարությունը տեղեկացնում է, որ․ «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»։

Այս՝ ինքնարդարացող հաղորդագրությունը չի ազատում նախարարությանը պատասխանատվությունից։ Բանն այն է, որ նախարարությունը երեկ չէ, որ իմացել է այդ ցուցահանդեսի մասին։ Երկրները ամիսներ առաջ իմանալով այդ մասին՝ պատրաստվում են ցուցահանդեսին, հատուկ ընտրություն կատարում, թե կոնկրետ ինչ արտադրանք են ներկայացնելու, որպեսզի տարբեր երկրների արտադրանքի մեջ արժանապատիվ ներկայանան, նոր շուկաներ ձեռք բերեն։ Ի վերջո, սա ոչ միայն իրենց ընկերության, այլև երկրի հեղինակության հարցն է։ Այնպես որ, հնարավոր էր հաշվարկել այնպես, որ ճիշտ ժամանակին, անգամ՝ շաբաթներ կամ գոնե օրեր առաջ ցուցանմուշները հասնեին տեղ։

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նշում են, որ կատարվածի մեջ խառն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մատը։  «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը գրում է․ «Համաձայն ասեկոսեների՝ այս ամոթալի ֆեյլի հետևում պրիմիտիվ, նեղ անձնական շահեր և բախումներ են «Իմ քայլ»– ում ռազմարդյունաբերության ոլորտի վրա աչք դրած կամ ՊՆ նախարարի ամբիցիաներ ունեցող մեկը, կարողացել է ձախողել մեր էքսպոնատների՝ ժամանակին տեղ հասնելը, որ Նիկոլի աչքում քցի կազմակերպիչներին ու ոլորտը իրենով անի»։

Ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը, փետրվարի 18-ին հարցազրույց էր տվել, որում խոսում էր  գիտական պոտենցիալի մասին և ցույց էր տալիս այն բուկլետները, որոնք զենքի փոխարեն ներկայացվեցին ցուցահանդեսի։ Եվ զարմանալի չէ, որ տեղեկություններ են շրջանառվում Անդրանիկ Քոչարյանի՝ նման բիզնեսի հետ կապի մասին։ Հիշեցնենք, որ մամուլը փետրվարի 13-ին գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանը այցելել է ռազմաարդյունաբերական գործարան՝  անհայտ նպատակներով։

Ամեն դեպքում, անհասկանալի է, թե Անդրանիիկ Քոչարյանը, որպես ոլորտի պատասխանատու անձ, ինչ է արել, որ Հայաստանը պատշաճ ներկայանա ցուցահանդեսին։ Բացի հարցազրույց տալուց և այլոց վրա մատ թափ տալուց կամ սպառնալուց կրակ բացել ժողովրդի վրա։

Այնուամենայնիվ, անկախ ներքին գզվրտոցից, չխայտառակվելու համար շատ ավելի ճիշտ էր տաղավարը չբացելը։

Ի դեպ, ադրբեջանական տաղավարը ոչ միայն ներկայացված էր զենքերի տեսականիով, այլև նրանք հատուկ ծաղրի առարկա էին դարձրել մեր՝ հայկական տաղավարի դատարկությունը։ Տպավորություն էր, որ պատերազմում զրկվել ենք բոլոր զինատեսակներից, նորարար միտք չունենք, բան չենք կարողանում ստեղծել։

Նշվեց, որ «IDEX-2021» ռազմարդյունաբերության ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանը վճարել է 40 միլիոն դրամ։ Ստացվում է, որ Հայաստանը ծախսել է 85 հազար դոլար, որ ցուցահանդեսին տանի բուկլետ և դաշտային ծաղիկներ, որոնցով Աննա Հակոբյանը խաղաղասիրության քարոզ էր անում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ