22 02 2021

Պիրոմանի ցինիկ խրախճանքը կամ Արցախի ի՛նչն է շնորհավորում այն հանձնողը

Պիրոմանի ցինիկ խրախճանքը կամ Արցախի ի՛նչն է շնորհավորում այն հանձնողը

Մի կերպ հաղթահարելով բնական եղկանքը, այնուամենայնիվ ծանոթացա ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի «շնորհավորական ուղերձը»... Արցախի վերածննդի օրվա՝ փետրվարի 20-ի կապակցությամբ: Դժվար, ավելին՝ անհնար է հույզերը դնել մի կողմ և այսպես ասած՝ սառը, անկողմնակալ հայացքով դիտարկել ցինիզմի այդ յուրօրինակ դրսևորումը:

Ամենից առաջ հռետորական հարց է ծագում, թե կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, այն ամենից հետո, ինչ արեցին ինքը, իր տիկինը, իրենց «քայլաթիմը», ահա այդ ամենից հետո նա Արցախի ի՛նչն է շնորհավորում: Լավ, ի՞նչ աստիճան պիտի ատես Հայաստանը, Արցախը, ինչ կարգի անտակտ պիտի լինես, որ Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելուց, ժողովրդին ու երկիրը աղետի մեջ խորտակելուց հետո լեզուդ պտտվի ու... «շնորհավորական ուղերձ» հղես:

Ո՛ւմ:

Քո պատճառով հայրենազրկված, տնազրկված, ռուսական խաղաղապահների հույսին թողնված արցախցիների՞ն, եղբայր, հայր, որդի, երեխա կորցրած հայրենակիցների՞ն է շնորհավորում...

Լավ, իսկ ի՞նչ է «շնորհավորել» և ինչպես: Սկսենք նրանից, որ ուղերձի տեքստը թվաբանական սխալով էր: Փաշինյանը կամ նրա տեքստագիրը թվերը խառնել էր և գրել, թե 32 տարի առաջ է սկսվել Արցախյան շարժումը, այսինքն՝ 1988-ից մինչ այժմ, նրանց հաշվելով, 32 տարի էր անցել: Միայն այն բանից հետո, երբ սոցցանցերում շրջանառվեցին ծաղրական դիտողություններ, թիվը ուղղվեց, սրբագրեցին՝ 33 տարի առաջ:

Բայց ի՞նչ կար այդ «շնորհավորական ուղերձում»: Եթե հակիրճ՝ դատարկություն: Դա շատ թույլ, 4-րդ դասարանի մակարդակի շարադրություն է, պաթոսախեղդ, ճչան բառակուտակումներով: Որպես շարադրանք, միգուցե կարող էր դպրոցականի դեպքում նորմալ դիտվել: Բայց, ամեն դեպքում, դա պետության ղեկավարի անունից, նրա նկարով, ստորագրությամբ տարածվող պաշտոնական ուղերձ է:

Ըստ որում, այն կարող է հետաքրքիր լինել նաև հոգեբանների համար: Համենայն դեպս, ինչ-որ պիրոմանական հակում է զգացվում: Տեսեք, Նիկոլ Փաշինյանը, նշում է, որ արցախցիների ըմբոստ ոգու կայծը «վառեց մեր սրտերը», «բոցավառեց» Ազատության հրապարակը, զոհվածների «փառքի կրակն անմար է»: Կայծ, վառել, բոցավառել, կրակ... Շատ կրակոտ ուղերձ է:

Մեկ այլ դրվագ: Ուղերձի մեջ Նիկոլ Փաշինյանը նշում է. «Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը»: Դրանից բառացիորեն մեկ պարբերություն անց նույն անձը նշում է. «...հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը»: Ո՞ր վերքերը կբուժի, անբուժելի՞...

Հիմնականը: Նիկոլ Փաշինյանի ուղերձը քաղաքականապես սնանկ է, ինչպես իր աղետաբեր իշխանությունն ու դրա անիմաստ երկարաձգումը՝ նոյեմբերի 9-ի խայտառակ ու կործանարար կապիտուլյացիայի հայտարարությունն ստորագրելուց հետո:

Ուղերձում նշվում է, որ 33 տարի առաջ «Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի մասին բարձրաձայնելու համար»:

Ըստ էության, միտումնավոր լղոզված է Արցախյան շարժման բովանդակությունը: Չի՛ նշվում և միտումնավոր չի նշվում, որ խոսքը ժողովրդի ինքնորոշման բնատուր և միջազգայնորեն ամրագրված իրավունքի և դրա իրացման մասին է: Չի նշվում Արցախի հայության պայքարի ու պահանջի բովանդակային ու պատմական հենքը, անգամ թեթևակի ակնարկ չկա դրանց մասին:

Բնականաբար, հարց է ծագում, երբ Նիկոլ Փաշինյանի կարգի մեկն է նշում. «Մենք այսօր ոգեշնչվում ենք այն իդեալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը և պատրաստ ենք շարժվել առաջ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման ուղիով»:

Նա ոգեշնչվում է, պատկերացնո՞ւմ եք, Արցախի վերածնունդը սնած իդեալներով: Նա՞ է ոգեշնչվում, ով ուղղակիորեն, թե անհատապես, թե՛ իր «քայլաթիմով», թե՛ քաղաքական առումով, թե՛ առհասարակ, ենթակա է պատասխանատվության՝ Արցախը ավերի ու արյունահեղության մատնելու, Արցախի 70-75 տոկոսը թշնամուն հանձնելու համար:

Իդեալներից ու Արցախի վերածննդից է խոսում Արցախը կործանման տարածը:

Էլ ինչպե՞ս դա չանվանել՝ պիրոմանի ցինիկ խրախճանք:

Մեկը, ով միտումնավոր խեղաթյուրեց Արցախի խնդրի բնույթը, արեց ամեն ինչ՝ ներկայացնելու համար այն որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ, իր անհավասարակշիռ ու անպատասխանատու հայտարարություններով արագացրեց պատգերազմի վերսկսման վտանգը: Նախ, սկզբունքորեն, արեց ամեն ինչ, որպեսզի խնդիրը բանակցային հարթությունից տեղափոխվի պատերազմական հարթություն, ապա՝ արեց ամեն ինչ՝ այդ պատերազմում Հայոց բանակի ձախողման ու մեզ մեծ կորուստներ պատճառելու համար, արեց ամեն ինչ՝ ջնջելու համար 33 տարի առաջ վերսկսված պայքարի, Արացխի ազատամարտի բոլոր ձեռքբերումները՝ սկսած Շուշիի ազատագրումից, վերջացրած՝ Հայաստանի ինքնիշխանությամբ:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի անունից տարածված «շնորհավորական ուղերձը» ավելին է, քան՝ ցինիզմը, դա ցինիզմի խորանարդ է՝ բազմապատկված անպատկառությամբ:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ