09 02 2021

Նիկոլի անիշխանությունը ու Քոչարյանի ձեռնոցը

Նիկոլի անիշխանությունը ու Քոչարյանի ձեռնոցը

Անվիճելի իրողություն է. անխտիր բոլո՛րը համակ ուշադրությամբ հետևում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամեն խոսքին, յուրաքանչյուր գործողությանը։ Ու ո՛չ մեկին չի հետաքրքրում, թե ինչի մասին ու ինչ է ասում Նիկոլը։ Վերջինս այնպես է բացակա մեր իրական կյանքից ու այնքան չկա, որ նույնիսկ չի արտացոլվում հայելու մեջ։ Ինքն էլ նայում է հայելուն ու չի տեսնում իրեն։ Մենք նայում ենք իրեն և տեսնում ենք Էրդողանի, Իլհամի, Սորոսի, մի մեծ շարք օտար ու հատուկ ծառայությունների արտացոլանքը. ամեն ինչ` բացի իրենից։

Նիկոլի իշխանությունը ո՛չ թե թույլ ու անկարող է, այլ` ընդհանրապես չկա։ Մինչդեռ մեզ ուժեղ ու ամենակարող իշխանություն է անհրաժեշտ, քանի որ մեր պետությունն ու ժողովուրդը աննախադեպ ծանր, դժվարին մարտահրավերների առջև, խորը ու համապարփակ ճգնաժամի մեջ են։ Այս արհավիրքը դիմակայելու, հաղթահարելու, հոգեվարքի չհասնելու, անգամ ուղղակի գոյատևելու համար մեզ իրազեկ, վստահելի, հասկանալի, ազգին միավորելու և դեպի նոր հաղթանակներ առաջնորդելու, կառուցելու և վերականգնելու ընդունակ իշխանություն է պետք։

Այս հատկանիշերը Նիկոլը երբեք չի ունեցել, չունի ու հաստատապես չի էլ կարող ունենալ։ Իսկ երկրի տեր դառնալու ընդունակ իշխանություն ունենալու ճանապարհ կարող է լինել արտահերթ ընտրությունները։   

Նիկոլի չգոյության մասին հերթական հաստատումը «իրենցքայլը» տարածեց փետրվարի 7-ի կիրակնօրյա հանդիպումից հետո։ Արված հայտարարությունից նախ պարզ դարձավ, որ դավաճան հողատուն թեև շարունակելու է բունկերում թաքնվել ամենքից, բայց իր կռապաշտներին ստիպել է` հավատարմության երդում տալ. «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին»։ Համաձայնեք. երբ որևէ մեկը հայտարարում է իր «աջակցության» մասին, այն առավել կասկածելի է դառնում։ 

Պարզվեց նաև, որ ոստիկանների ու թիկնազորի պատնեշած տարածքում միայն իշխանություն ունեցող «վարչապետը» վախենում է առերեսվել իրականությանը։ Իր մասին ժողովրդի կարծիքը չիմանալու համար նա «իրենցքայլին» պարտադրել է արձանագրել հերթական սուտը. «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։ Սա այն դեպքում, երբ բոլորը ու անգամ «իրենցքայլն» է միանշանակ գիտակցում, որ իրենց գոյությունը անիմաստ ու տարաժամ է, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները օբյեկտիվ անհրաժեշտություն են։   

Այսինքն. Նիկոլը իր խամաճիկներին հիմա էլ ստիպում է ծաղրածու լինել։ Իսկ իրեն ի՛ր տերերը ուղղակի արգելել են նոր ընտրությունների ռիսկի տակ մտնել` եթե արդյունքում նույն պառլամենտն էլ չեն ունենալու։ Հանրաքվեի միջոցով իրենց հակահայ-թուրքական պլանը դակելու գաղափարն էլ նրանք արագ չեղարկեցին, երբ հասկացան, որ իրենց դրածոն ոչինչ է, իսկ քաղաքացու միանշանակ հայտնի կարծիքը «ստուգելու» ռիսկին պետք չէ գնալ, քանզի` ընտրակեղծիքի նման ռեսուրս ևս չունեն։

Իսկ հիմա` նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ ազգն ու պետականությունը պահպանելու համար։ Ես վերադարձել եմ մեծ քաղաքականություն» հայտարարությունից հետո վիճակն էլ ավելի է բարդացել։ Ռոբերտ Քոչարյանի հետ մրցելու միտքը սարսափելի է նրանց համար։ Փաստացի. Նիկոլն ու իր տերերը վախեցան ընդունել իրենց նետված մարտահրավերը ու հիմա ստիպված են բունկերում էլ ավելի խորը թաքցնել խամաճիկին` հայակործան պլանը ավարտին հասցնելու ակնկալիքով։ Այսինքն. կիրակնօրյա հայտարարության իմաստ այն է, որ իրենք արդեն պարտված են, բայց տերերն այս անգամ խստագույն կերպով արգելել են կապուտուլյացիա ստորագրել։

Մինչդեռ նախագահ Քոչարյանի՝ «Ընտրություն կլինի իշխանության և նրա հակոտնյաների միջև։ Մարդիկ ճաշակել են պոպուլիզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները։ Հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա» հաստատումը հենց նրանց կապիտուլյացիան է։ Սա նշանակում է, որ արտահերթ ընտրություններ կլինեն, բայց այն ժամանակ ու այն պայմաններով, որը կսահմանի «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևով համախմբված միացյալ ընդդիմությունը։

Գևորգ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ