28 01 2021

Աղքատությունը Հայաստանում աճել է՝ հետ ենք շպրտվել երկու-երեք տարով

Աղքատությունը Հայաստանում աճել է՝ հետ ենք շպրտվել երկու-երեք տարով

Ուշագրավ փոփոխություններ են արձանագրվել «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2020» զեկույցում, որոնք փաստում են երկու կարևոր իրողությունների մասին՝ 1․ Հայաստանում աղքատությունն աճում է և 2․իշխանությունը «մեթոդաբանական փոփոխություններ» անվան տալ ճգնում է մեղմացրած ներկայացրել աղքատության պատկերը։

Մինչ զեկույցի հիմնական ցուցանիշներին անդրադառնալը, տեղեկացնենք, որ ուսումնասիրության արդյունքները արձանագրում են 2019 թ․-ին աղքատության պատկերը, պարզապես դրանք ամփոփվում և հրապարակվում են յուրաքանչյուր հաջոդ տարվա վերջում։ Այսինքն, այս զեկույցում ներկայացված են «թավշյա» իշխանությունից ընդամենը մեկ տարի անց՝ 2019 թ․-ի աղքատության ցուցանիշները։ Կարելի է միայն ենթադրել, թե աղքատության ինչ աճ ենք ունեցել 2020 թ-ին, որի վերաբերյալ զեկույցը կհրապարակվի այս տարվա դեկտեմբերին։

Այսպիսով, 2019 թ-ին աղքատությունը կազմել է բնակչության 26,4 տոկոսը։ Հասկանալու համար, թե սա լավ է, թե վատ, անդրադառնանք նախորդ ուսումնասիրությունների ցուցանիշներին։ Սկսենք 2017 թ․-ից։ 2017 թ․-ին աղքատությունը նախորդ տարվա համեմատ նվազել էր 3,7 տոկոսով և կազմել 25,7 տոկոս։ 2018 թ․-ին աղքատությունը կազմել էր 23,5 տոկոս  2017 թ․-ի համեմատ նվազելով ևս 2,2 տոկոսով։ Հիշեցնենք, որ 2017 թ-ը և 2018 թ-ի առաջին ամիսները աչքի էին ընկել բարձր տնտեսական աճով։ Հայաստանը, ըստ էության, գտնվում էր թռիչքային տնտեսական աճի մեկնարկին, բայց այն կոտրվեց 2018 թ-ի ապրիլ-մայիսին՝ չարաբաստիկ «թավշյա» իշխանազավթմամբ։ Այդուհանդերձ, այդ տնտեսական բարձր աճի շնորհիվ էր, որ երկու տարվա ընթացքում միասին վերցրած, 2018 թ․-ին աղքատությունը Հայաստանում նվազել էր 5,9 տոկոսով և 29,4 տոկոսից հասել 23,5 տոկոսի։

Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի ամբողջական իշխանության մեկ տարում՝ 2019 թ․-ին աղքատությունը կրկին աճել է՝ 3,1 տոկոսով։ Այսինքն, աղքատության մակարդակով մենք հետ ենք շպրտվել ավելի քան երկու տարով և գտնվում ենք 2017 թ-ից առաջ եղած վիճակում։ Սա է իրականությունը և այն անհնար է թաքցնել «նոր մեթոդաբանությամբ»։ Այժմ անդրադառնանք նոր մեթոդաբանությանը։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, այս՝ վերջին ուսումնասիրությունը տարբերվում է նախորդ 10 տարվա ընթացքում անցկացվածներից երեք կետերով՝ վերանայվել է հարցաթերթիկը, տվյալների հավաքման համար սկսեն են օգտագործել պլանշետ և փոփոխվել են աղքատության գծերի հաշվարկման հիմքերը։ Միանգամից նշենք, որ առաջին երկու կետերը պարզապես ծիծաղ են առաջացնում։ Ինչ մնում է երրորդ կետին, ապա նշվում է, որ աղքատ են համարվում այն անձիք, որոնց սպառումը փաստացի հաշվարկված պարենային զամբյուղի արժեքից ցածր է։ Այսինքն, վերահաշվարկվել է աղքատության գիծն ըստ այդ զամբյուղի, որի արդյունքում էլ աղքատության ցուցանիշը բարձրացել է։ Տրամաբանություն իհարկե կա, որքան բարձրացնում ես աղքատության գիծը, այնքան ավելանում է աղքատ համարվողների թիվը։ Սակայն, վերջին երկու-երեք տարիներին կա մեկ այլ տրամաբանություն ևս՝ տարբեր խորամանկություների միջոցով տվյալների կեղծման։

Տվյալ դեպքում աղքատության աճն իրականում անհամեմատ ավելի բարձր է եղել, այդ պատճառով էլ հորինվել է «նոր մեթոդաբանությունը» որպեսզի համադրելի չլինի նախորդ տարիների հետ։ Սակայն քանի որ այս ձևով նախորդ տարիների հետ համադրելիության խնդրի «լուծումը» անխուսափելիորեն նոր խնդիր էր առաջացնելու՝ արձանագրելով, որ աղքատությունն, այնուամենայնիվ, մեծ աճ է ունեցել, վիճկոմը որոշել է պարզապես «սրբագրել» նոր մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության ցուցանիշը և այն ներկայացնել էապես մեղմացված։ Ցավոք, վիճկոմի ղեկավարն ու խորհուրդը այդպես էլ չձերբազատվեցին երկիրը կործանման տանող իշխանության քմահաճույքներին բավարարելու և ներկայիս աղետալի կացության համար իրենց բաժինը «ստանձնելու» ճանապարհից։

Արա Մարտիրոսյան   

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ