Մաս 1
Փաշինյանական կապիտուլյացիայից հետո հորինվեց ու շարունակական ակտիվ շրջանառության մեջ է պահվում մի թունավոր միֆ, մի բացարձակ անհեթեթություն, թե՝ «30 տարի բան չեն արել... դրա համար էլ էսպես եղավ» կամ՝ «...հիմա Փաշինյանն ի՞նչ կարող էր անել» և այդպես շարունակ:
Դա ակնհայտորեն փաշինյանական ստամեթոդիկայով հորինված քարոզչական «թեզ» է, որի շրջանառման խնդիրներից մեկը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի նման աղետաբեր չարքին ու նրա «քայլաթիմը» սպիտկեցնելն է, նրանց աններելի հանցանքները արդարացնելը: Զուգահեռ նպատակը զանգվածային ուղեղալվացումն է կամ զոմբիացումը, հանրային հիշողությունը «դիլեյթ» անելը: «Ոչինչ»-ները ուզում են հետևողականորեն զրոյացնել ամե՛ն ինչ, որպեսզի այդ ֆոնին իրենք ինչ-որ բանի տեղ անցնեն:
Ու «30 տարի բան չեն արել»-ի այս թունավոր հորինվածքը, պետք է ասել, արդեն իսկ նստվածք է տվել հանրային կարծիքի ու ընկալման տիրույթում: Օրերս էլ, ի դեպ, զոմբիացման այդ վակխանալիային միացավ նաև ՀՀ նախագահ կոչվող անձնավորությունը: Այդ վերջին դրսևորումը նույնպես պարզորոշ հուշում է, որ գործ ունենք ոչ միայն թունավոր հորինվածքի, այլև ակնարկված նպատակները հետապնդող, ու որոշակի շրջանակների կողմից հետևողականորեն կիրառվող տեխնոլոգիական մոտեցման հետ:
Դե, ինչ, փորձենք դիտարկել այդ պարզունակ, բայց արդեն շատերի մեջ արմատակալած միֆը:
Մի քիչ թվաբանություն...
Նախ, այնքան էլ պարզ չէ, թե «30 տարի» ասելով, այդ ցնդաբանությունը թութակաբար կրկնողները հատկապես ի՛նչ ժամանակաշրջան նկատի ունեն: Այսինքն, նրանք դիտարկում են նախքա՞ն 2018 թվականի անարյուն հեղաշրջումը եղած 30 տարիները, այսինքն՝ 1988 թվականից սկսա՞ծ, թե՞ ներկա պահից հետ հաշված 30 տարի, այսինքն՝ 1990-91 թվականներից սկսած:
Թվաբանորեն հետաքրքրական մյուս հանգամանքն այն է, թե «30 տարվա» մանթրան կրկնողները այդ երեք տասնամյակի մեջ ներառո՞ւմ են իսկապես որ ոչ մի դրական բան չանելու այս երկուսուկես տարին, այսինքն՝ 2018-ի մայիսի 8-ից մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածը:
«Երեսուն տարին», եթե դիտարկենք Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումից (23.08.1990թ.) սկսած, պայմանականորեն պետք է բաժանել մի քանի հատվածի. ՀՀՇ-ի, ապա՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատված՝ 1990-1991, 1991-98թթ., նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջան՝ 1998-2008թթ, նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջան՝ 2008-2018թթ., Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման, ապա արտահերթ ընտրություններով իշխանավարման շրջան՝ 2018-ի մայիսի 8-ից, ցավոք՝ մինչ օրս:
...գումարած մի քիչ դատողականություն
Այժմ վերադառնանք «ոչ մի բան չեն արել» հիմնական մեղադրանքին:
Նշված «30 տարվա» մեկնարկը առավել քան ծանր էր՝ 88-ի ավերիչ երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում ու հատկապես սոցիալ-տնտեսական առումով կայսրության ավերակների տակ մնալ, Արցախյան պատերազմի սկիզբ:
Ի՞նչ է նշանակում «բան չեն արել», օրինակ, բանակի հետ կապված, մանավանդ, որ դա դիտարկվող թունավոր միֆի հիմնական մեղադրանքներից ու առանցքային ստերից մեկն է:
Հայոց բանակի կազմավորման սաղմերը ձևավորվել են դեռ 1988-89-ից, առավելապես՝ 1990-91 թվականներից սկսած՝ հիմնականում կամավորական ջոկատների, սահմանամերձ բնակավայրերում ինքնապաշտպանական խմբերի, ոստիկանական համակարգում մարտական ստորաբաժանումներ ձևավորելու տարբերակով: Նկատենք, որ Հայոց բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, քանզի 29 տարի առաջ, 1992 թվականի այդ օրն է ընդունվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին», ըստ էության՝ կանոնավոր Զինված ուժեր կամ բանակ ձևավորելու վերաբերյալ որոշումը:
Ընդգծենք, որ 1992-94 թվականներին Հայոց բանակը ձևավորվել է ընթացող ու ավելի մեծ թափ հավաքող պատերազմի պայմաններում:
Այնպես որ, «30 տարի բան չեն արել»-ի ցնդաբանությունը բանակաշինության առումով առնվազն առաջին 2-4 տարվա վրա տարածելը կանխամտածված նենգություն է: Այդ տարիներին արվել է հնարավոր ու անհնար ամեն ինչ ոչ միայն բանակի ձևավորման ու կայացման, այլև պատերազմի ընթացքում բեկում մտցնելու և հաղթանակի հասնելու համար: Ի դեպ, այդ գործում անուրանալի է Վազգեն Մանուկյանի ներդրումը: Ու կարծում գենք, նաև դա է այն հիմնապատճառներից մեկը, որ Նիկոլ Փաշինյանը և նիկոլականները պաթոլոգիկ ատելություն են տածում ու տարածում հենց Վազգեն Մանուկյանի հասցեին: Պարտվողական-կապիտուլյանտները, Հայրենիքը թշնամուն տվողներն ու նրանց կեղտոտ դուդուկը փչողները չեն կարող չատել իրական հաղթանակները հնարավոր դարձրած գործիչներին: Ատում են ու թիրախավորում, որովհետև նման գործիչների առկայությունն ու արձանագրած ձեռքբերումներն ավելի են ընդգծում այս հողատու-քաջնազարների ոչնչություն ու ոչինչ լինելը:
Մաս 2
Ինչպես այս կապիտուլյանտ «իշխանության» պարագլուխ Փաշինյանը, այնպես էլ նրա քարոզչաբամբասական մանկլավիկները, կարելի է ասել՝ շատերի ընկալման մեջ արմատավորել են այն բացարձակ ստահոդ կաղապարը, թե՝ «30 տարի շարունակ» բանակաշինության առումով ուղղակիորեն ու բացարձակապես ոչ մի բան չի արվել, հետևաբար... դե ի՜նչ կարող էր անել «խեղճ Նիկոլը», հետևաբար... «Նիկոլը չի մեղավոր, որ պարտվել ենք, այլ էն նախկինները...»:
Այս պարզունակ սրիկայախոսությունը արմատավորվում է ոչ թե այն պատճառով, որ գոնե մի թզաչափ մոտ է իրականությանը, այլ այն պատճառով, որ այդպես ավելի... հարմար է: Մի շարք առումներով է հարմար: Այդ թվում՝ թութակաբար այդ ապուշությունը կրկնողներին: Բայց դրա մասին, թերևս, վերջում:
Դիտարկենք հարաբերական խաղաղության՝ 1994-ին հաջորդող շրջանը: Այս ժամանակահատվածում՝ 1994-98թթ., ապա 2000-ականների առաջին 5-10 տարիներն, ըստ էության, եղել են ակտիվ բանակաշինության շրջան: Ու այս գործում էլ անուրանալի է ինչպես պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, այպես էլ՝ 2000-2007թթ. պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դերակատարումը:
Նախ, հիմնականում թարմացվել է Հայոց բանակի սպառազինությունը, ձեռք են բերվել նոր, առկա վտանգներին, հիմնականում՝ թշնամու շարունակական ու անթաքույց ագրեսիվ մղումները զսպող զինատեսակներ:
Միաժամանակ, համակարգային կայուն հիմքերի վրա է դրվել զինուժը մշտապես սպայակազմով համալրելու գործընթացը, ստեղծվել են ռազմական բարձրագույն կրթություն ապահովող բուհ-եր, ձևավորվել են նոր զորատեսակներ, շարունակաբար կատարելագործվել են զորատեսակների փոխգործակցությունն ու մասնագիտական հմտությունները:
Հիմա, իհարկե, ոմանք ասում են, թե դա միֆ է եղել, որ մենք ուժեղ ու մարտունակ բանակ ենք ունեցել: Նման բան ասողները առնվազն կեղծում են իրականությունը, եթե չասենք՝ միտումնավոր թշնամություն են անում:
Չմոռանանք, որ այդ «30 տարիներին» մեր զինուժը շարունակաբար մարտական հերթապահություն է իրականացրել, հաճախ ու արդյունավետ դիմագրավելով հակառակորդի ակտիվացումներին, զսպելով այդ ակտիվացումները: Տեղային նշանակության մարտեր էլ են բռնկվել տարբեր ժամանակահատվածներում ու մեր բանակը մշտապես պահել է իր դիրքերը, իսկ ըստ հնարավորության՝ բարելավել այդ դիրքերը: Ամենից կարևորը՝ ապահովվել է ռազմաքաղաքական բալանսը:
Ճիշտ է, ներկայում «պողոսազանգվածի» գլուխը մտցրել են, թե տասնամյակներ շարունակ Հայոց բանակի զինվորը կիսաքաղց, ցնցոտիներ հագած ու անգամ՝ տկլոր ու ոտաբոբիկ, միայն սակրավորական բահիկով ու գլխաբաց է կանգնած եղել դիրքերում, առանց ինքնաձիգի, առանց փամփուշտի, տանկերը անվառելիք ու անզինամթերք են եղել, և այլն և այլն: Սակայն դա ակնհայտ ստախոսություն է, եթե չասենք՝ հիմարություն:
Հարց է ծագում. բա եթե Հայոց բանակը, նախքան անթրաշ Փաշինյանի քաջնազարական իշխանազավթումը, ոչ միայն մարտունակ չէր, այլև իրենից ներկայացնում էր սոված-ցնցոտիավոր, անզեն երիտասարդության անհասկանալի հավաքույթ, այդ ի՞նչն էր զսպում ու խանգարում ալիևյան ֆաշիստական ռեժիմին, որ հարձակվի ու գրավի ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը:
Փաշինյանն ու մյուս նիկոլները գեբելսյան սուտ են հորինել ու այնքան են կրկնել, որ ոչ միայն «պողոսները», այլև արտաքուստ կարծես նորմալ մարդու տպավորություն թողնող առանձին հայրենակիցներ էլ են սկսել ընկել այդ ստասելավի ազդեցության տակ:
Եթե ինչ-որ մեկերն իրենց հոգեբանորեն բավարարված են զգում հիմարություններ կրկնելուց, դա հարցի մի կողմն է կամ այլ հարց է: Բայց եթե որևէ մեկը իսկապես հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, չի կարող չտրամաբանել, չհիմնվել փաստերի և իրողությունների վրա: Իսկ իրողությունն այն է, որ տասնամյակներ շարունակ Հայոց բանակը ունեցել է այն պատրաստականությունը, մասնագիտական (իր զենքին տիրապետելու, իր անելիքն իմանալու) այն աստիճանը, այն կարգի մարտունակություն, որ թշնամին ա) չի հանդգնել դիմել պատերազմական գործողությունների, բ) դիվերսիոն ելուզակությունների դիմսելիս ստացել է համարժեք պատասխան, գ) մարտական գործողությունների դիմելիս ստացել է հակահարված, բախվել անզիջում պաշտպանության:
Այդպես եղել է առնվազն մինչև փաշինյանական իշխանությունը:
Ավելին, եթե 1994-2016 թվականների միջակայքը կարելի է նշել որպես բանակաշինության ու զինուժի շարունակական կատարելագործման ու արդիականացվան հատված, 2016-2018-ը՝ պատերազմական նոր մարտահրավերներին և իրողություններին համապատասխան վերազինվելու նախամեկնարկ, ապա 2018-2020 թվականների փաշինյանական իշխանության շրջանը ակնհայտորեն նախորդ տասնամյակներում ստեղծածը քանդելու, ապականելու, փչացնելու, վարկաբեկելու տարիներ էին: Կյանքը ապացուցեց, որ այո, մեկուկես-երկու տարվա ընթացքում կարելի է արագորեն քանդել նույնիսկ ամենից կայուն և ամուր թվացող պետական կառույցը: Միակ կառույցը, որ վայելում էր համաժողովրդական լեգիտիմություն՝ Հայոց բանակը:
Ու սա, կարծում ենք, ոչ հեռավոր «Հայկական նյուրնբերգի» ժամանակ մեղադրանքի հիմնական կետերից մեկը պետք է լինի:
Հարց կծագի. Չեն եղե՞լ բացթողումներ: Իհարկե, եղել են, բացթողումներ էլ են եղել, թերություններ էլ են եղել, սխալներ էլ են եղել: Չէին կարող չլինել: Բայ՛ց: Դա չի կարելի զուգահեռել փաշինյանական իշխանության նպատակային քանդարարության հետ: Չի կարելի զուգահեռել փաշինյանական «վճռական սխալների» տխմարամիտ մոտեցման հետ: Սրանք պարզապես քանդել են տարիներով ու համաժողովրդական ահռելի զոհողությունների գնով ստեղծածը:
Եվ, այո, նաև նման հիմնավորված մեղադրանքները «ջրելու» նպատակ» են հետապնդում «30 տարի բանակի համար ոչ մի բան չեն արել» կամ այդ կարգի ցնդաբանություններ հորինողներն ու այդ հիմարությունը, այդ նիկոլաբանությունը ինտենսիվորեն տարածողները:
Մաս 3
Կյանքը ցույց է տալիս, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշ-մուցանիշ, տնտեսական աճ-մաճ, բնակչության եկամուտների ավելացում-մավելացում, միջին աշխատավարձի բարձրացում-մարձրացում, աշխատատեղերի ստեղծում-մստեղծում, բարեկեցություն-մարեկեցություն, գնողունակություն-մնողունակություն, վերջապես՝ պետության արտաքին և երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովում-մապահովում, ահա այդ ամենը ավելորդ ու անիմաստ, «պողոսերենով» ասած՝ սթից բաներ են:
Կյանքն ապացուցում է, որ ծայրահեղ միամիտ են բոլոր այն պետական գործիչներն ու ղեկավարները, որոնք իրենց պաշտոնավարման շրջանում ձգտում էին վերոհիշյալ «դիսցիպլինաներում» որոշակի ցուցանիշների հասնել: Անիմաստ չարչարանք: Ընդամենը պետք էր ծայրահեղ ատելություն քարոզել ու հանրությունը խառնամբոխի վերածելով՝ թույն ու մաղձ ներարկել, ու՝ վերջ: Նրանք կմոռանային ամեն ինչ, շարունակաբար կանիծեին անհամեմատ բարեկեցիկ ու ապահով անցյալը, և... կօրհնեին, կերկրպագեին, կպաշտեին ու կլպստեին մաղձի ու ատելության «գեներատորին»: Ասում եմ ձեզ՝ կպաշտեին այդօրինակ ապիկարի, չնայած վերջինս իրենց զրկել է Հայրենիքի մի զգալի մասից, պետականությունից, արժանապատվությունից, ֆիզիկական և սոցիալական անվտանգությունից, չնայած խլել է իրենց զավակների կյանքը, խլել է իրենց թոռների՝ սեփական երկրում երբևէ նորմալ ապրելու երազանքն անգամ:
Իսկ մի՞թե հենց դա չէ ահա 2,5, շուտով՝ 3 տարի անում գլխակեր ու տեղով ՎԱՐՉԱՂԵՏ Նիկոլ Փաշինյանը՝ նույնքան աղետաբեր իր մանկլավիկների խառնակույտով:
Տարիների մասին: Կոնկրետ՝ 30 տարվա, ավելի ճիշտ՝ «30 տարի բան չեն արել» փաշինյանական թունավոր միֆի:
Դրա ճյուղավորումներից մեկն էլ դեպի տնտեսությունն է հակվում: Ահավասիկ, խիստ բարձրաստիճան մեկը, օրերս գրված հոդվածում նշել էր, թե հեքիաթ էր, որ մենք առաջանցիկ տնտեսություն ենք ունեցել: Կանխամտածված նենգախոսություն է, իհարկե:
Խիստ հակիրճ՝ Հայաստանը 20-25 տարի, գրեթե քառորդ դար չէր կարող ոչ միայն բանակ ունենալ, այլև որևէ բան չէր կարող ունենալ, եթե հետխորհրդային ու հետպատերազմական ավերակների տակից դուրս չբերեր ու նորովի չձևավորեր այն տնտեսական, արդյունաբերական ու գիտաարտադրական հնարավորությունները, որոնք էլ ապահովում էին տնտեսական աճը: Այդ ծանրագույն առաքելությունը հիմնականում իր վրա վերցրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ավելին, նա դա արեց անհատական այն գաղափարական կայուն համոզմունքով, որ Արցախի խնդիրը ոչ թե բեռ է, այլ՝ հնարավորություն, որ այո, հնարավոր է տնտեսապես զարգանալ ու առաջ շարժվել անգամ երկկողմանի թուրքական տնտեսական շրջափակման պայմաններում:
«30 տարվա» մեջ առնվազն 10 տարի Հայաստանը տնտեսական վերականգնման ու եռուզեռի մեջ է եղել: Այնպես, որ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բազմապատիկ է աճել: Ասենք, կյանքի որակն ու բնակչության բարեկեցությունն էլ: Բազմապատի՛կ: Բայց դա ո՞ւմ է հետաքրքիր, չէ՞:
Կարևորը, որ հիմա, օրինակ, ՀՀ նախագահ հորջորջվող մեկը վեր կենա, ու հիշելով, թե ինչպես ժամանակին իր մոտ չստացվեց կամ իրեն ուղղակիորեն «դուրս հրավիրեցին», սկսի անհեթեթություններ «բլթացնել»՝ «30 տարի բան չի արվել» ծիրին մեջ:
Ի դեպ, նույն կանխամտածված նենգախոսությունը տարածում են նաև պետական կառավարման համակարգի վրա, թե՝ բան չի արվել, ու էլի՝ հիմնական թիրախը «կազմակերպված պետության» գաղափարն է: Շատ կարճ կարելի է հակադարձել, որ ինչ արվել կամ չի արվել, բոլոր սխալներով ու թերություններով հանդերձ, ձևավորվել էր այնպիսի մի համակարգ, որը կարողացավ առնվազն երկուսուկես տարի դիմանալ ու դիմակայել նպատակային քանդարարությանը, Հայաստանի ոչնչացման նպատակ հետապնդող իշխանազավթիչների հետևողական խարխլիչ գործունեությանը, իսկ որոշ օղակներ դեռ մինչ օրս լավ-վատ դիմացել են:
Հենց այստեղ թաղված շան, իսկ այս դեպքում «շնաբարո դուրսպրծուկի» և նրա համար վնգստացողների լեզուն, ականջները, մի խոսքով՝ գլուխը: Չենք ասի՝ սիրտը, քանզի դրանք սիրտ և հոգի չունեն:
Սրանցը «զրոյական կետն» է: Սրանց՝ առանց «իզմ»-երի «գաղափարախոսությունը» հանգում է այն մոտեցմանը, թե մինչև իրենց իշխանության գալը ամեն ինչ վատ է եղել, առհասարակ, ՈՉԻՆՉ չի եղել, հետո է միայն սկսել ինչ-որ բան լինել: Իրենց որ մնար, Հայաստանի պատմության մեկնարկն էլ 2018-ի մայիսի 8-ից կհաշվեին: Ասենք, այդպես էլ համարում էին: Կամ հիշենք թեկուզ այն հիմար հայտարարությունը, թե նույնիսկ Արցախի ազատամարտում հաղթանակը, ներառյալ՝ Շուշիի ազատագրումը պակաս կարևոր իրադարձություն էր, քան... անլվա-անթրաշների իրենց «թավշյա հեղաշրջումը»: Այո, ազգի, մեր պետության թշնամիների համար, իսկապես էլ «թավշյա հեղաշրջումը» գերկարևոր իրադարձություն էր...
Չշեղվենք բուն ասելիքից: Փաշինյանական «գաղափարախոսությունը» ՈՉԻՆՉ-ն է: Նրանց և նրանց պատվիրատուներին քիչ է թվում այն, որ նրանք ոչնչացրեցին կամ մեծապես զրոյացրեցին 1991-ից ի վեր հայության համատեղ ջանքերով ու զոհողությունների գնով ստեղծածը: Նրանց նաև պետք է հետևողականորեն ջնջե՛լ, զրոյացնել նաև այդ ժամանակահատվածի վերաբերյալ հիշողությունը, տվյալ դեպքում՝ այդ հավաքական հիշողությունը թաղել մաղձի, թույնի ու ատելության թանձր մլարի տակ: Ու հենց այդ նպատակին է ծառայում, այդ նպատակն է հետապնդում «30 տարի բան չեն արել»-ի վերաբերյալ ծայրեծայր կեղծ, ուղեղալվացման տեխնոլոգիայով կիրառվող թունավոր միֆը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը