Որքան էլ վրդովեցուցիչ ու տարօրինակ լինի, փաստը, ցավոք, ակնհայտ է. հայկական զույգ պետությունները միտումնավոր ու արյունահեղ աղետի մատնած Նիկոլ Փաշինյանը դեռևս ոչ միայն ազատության մեջ է տեղաշարժվում, այլև համարվում է ՀՀ վարչապետ, այսինքն՝ պահպանում է այլևս զուտ անվանական կամ ձևական բնույթ կրող իր իշխանությունը և իր գործակիցների «կամանդը»:
Ինչ վերաբերում է վերջինին, այսինքն՝ ՔՊ և ԻՔ կոչվող կուսակցական ու խմբակցական կազմավորումներին, ապա տեսանք, որ ԱԺ «քայլական» հավաքույթը վերջերս ճաքեր տվեց: Սակայն փաշինյանական վարչախումբն ու հողատուի «նեղ կռուգը» ձգտում են այդ «ճաքերը» սվաղել և իրենց շուրջը միավորված պահել Արցախի կործանման ու հայության գլխին բերած աղետների համար համապատասխանատու գործակիցներին:
Հայտնի է, որ նրանց «համախմբված» են պահում փողը կամ «օրինականացված կոռուպցիան»՝ անհիմն բարձր աշխատավարձերի և ոչ մի արդարացում չունեցող պարգևավճարների տեսքով, ԱԺ մանդատ կամ գործադիրում պաշտոն ունենալը՝ առանց Փաշինյանի իրենցից բացարձակապես ոչինչ չներկայացնելու պայմաններում: Արդեն մի երկու ամիս է, որ կա դրանց «համախմբման» էլ ավելի զորեղ գործոն. կոլեկտիվ հանցակցությունը և նույնքան կոլեկտիվ վախը՝ արածի համար պատասխան տալուց և դրա անխուսափելիությունից:
Ժամանակ առ ժամանակ, Փաշինյանը փորձում է, «պրեմիա-կաշառքից» բացի, նաև «դուխ» տալ համբակների իր հավաքույթին: Մասնավորապես, շշուկներ ու խոսակցություններ կան, որ Փաշինյանը կամ նրա «նեղ կռուգ» գործակիցները մյուսներին ինչ-որ հարցումներ են ցույց տալիս, թե տեսեք՝ «բարձր վարկանիշ ունենք, ժողովուրդը մեր կողմից է, Ռուսաստանի հետ հարցեր չկան, և Փաշինյանը Կրեմլի համար հարմար է և ընդունելի»:
Բոլորը, այդ թվում՝ հենց գործակից-թիմակիցները հրաշալի հասկանում են, որ այդ ամենը փչոց է, եթե ոչ՝ զառանցանք: Նախ, «բարձր վարկանիշ» ունեցողը նույնիսկ կեցավայրից աշխատավայր «ազատ տեղաշարժվում» է բացառապես երկու-երեք հազար ոստիկանների ու անվտանգություն ապահովողների բազմության ուղեկցությամբ: Այ թե որքա՜ն է «բարձր» նրա վարկանիշը: Իսկ թիմակիցներն էլ նույն հարցում համոզվում են, երբ պատահաբար հայտնվում են հանրային վայրերում, անգամ իրենց բնակության վայրերում թուքումուրն ապահովված է: Ու, այդպես լինելու է՝ ցմահ: Ոմանց դեպքում՝ նույնիսկ մեռնելուց հետո:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար ընդունելի լինելու զառանցանքին, ապա բավարար է հիշել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովի վերջին հայտարարությունը, որով նա մերկացնում է Արցախի խնդրի կարգավորման «ռուսական առաջարկությունների» մասին Փաշինյանի ասած ստերը: Մեծ հաշվով, դա խիստ եզակի դեպք է, երբ որևէ երկրի դիվանագիտական ներկայացուցիչը բացաիբաց ստախոսության և կեղտոտ մանիպուլյացիայի մեջ է մեղադրում գործընկեր պետության ղեկավարին: Այո, միգուցե, որպես ձեռնասուն կամակատար Նիկոլ Փաշինյանի մի որոշ ժամանակ դեռ «ընդունելի է» Կրեմլի համար: Բայց՝ ընդամենը: Սակայն Ռուսաստանի ղեկավարությունն էլ միանգամայն հստակ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը թունավոր ռումբ են հայ-ռուսական նորմալ հարաբերությունների համար, որ փաշինյանական խմբավորումը շարունակելու է «հակառուսական խաղեր տալ» ու տալիս է, ի դեպ:
Եվ դա չէ միայն հարցը: Խնդիրը շատ ավելի լուրջ է և խորքային: Բանն այն է, (և դա արդեն գրեթե լիովին կարելի է ապացուցված համարել), որ հետևողական ջանքերով հրահրած այս «տարօրինակ պատերազմում» Նիկոլ Փաշինյանի «պլանը» եղել է Արցախի ամբողջական ոչնչացումը, Հայոց բանակը, առհասարակ՝ զինուժը ամբողջապես շարքից հանելը, մարտունակ երիտասարդության և կամավորագրված հայերի շատ ավելի արյունահեղ կոտորածը, քան՝ տեղի ունեցավ: Հանրագումարում այդ «պլանը» ենթադրում էր և հիմա էլ նախանշում է Հայաստանը երկնագույն եզրաշերտով սկուտեղի վրա Թուրքիային մատուցելը կամ Հայաստանի վիլայեթացումը: Հենց այդ համոզմանն են մղում արդեն ոչ մեկ վկայությամբ ամրագրված այն իրողությունները, որ այս «տարօրինակ պատերազմում» քանիցս եղել է պատերազմը դադարեցնելու ռեալ հնարավորություն, սակայն Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ու համառորեն դրանք մերժել է: Մերժել է, ունենալով ինչպես ՊՆ-ի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, այնպես էլ՝ ԱԱԾ-ի ամենօրյա զեկույցները՝ ռազմաճակատում և պատերազմի հետ կապված օբյեկտիվ իրականության և կռիվը շարունակելու դեպքում՝ ջախջախիչ պարտության անխուսափելիության:
Կրկնենք, որ Հայաստանի վիլայեթացման այդ փաշինյանական ծրագիրը տակավին գործողության մեջ է: Թերևս, հուրախություն բոլոր նրանց, ովքեր շարունակում են երկրպագել այդ հերձվածողին:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը