ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կրկին փայլել է մտքի գորհարներով: Նախօրեին «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում Նազարյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք, մեղմ ասած, առաջ են բերել հանրության զայրույթը:
Նազարյանն ասել է, թե համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնել պատերազմի միջոցով։ Ըստ նրա դա պետք է անել քաղաքական գործընթացի միջոցով:
«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,– ասել է նա։
Իսկ նոյեմբերի 19-ին, երկու ամիս առաջ նույն Լենա Նազարյանը ասել էր. «Եթե հոկտեմբերի 20-ին համաձայնվեինք, հիմա մեզ կմեղադրեին Շուշին հանձնելու մեջ»:
Եվ սա այն դեպքում, երբ պատերազմի չորրորդ օրը Գերագույն շտաբը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել էր, որ ռեսուրսներ չկան, պարտությունն անխուսափելի է և պետք է դադարեցնել պատերազմը: Այդ ժամանակ, իմանալով հանդերձ, որ պարտվելու ենք, Լենա Նազարյանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության մասին մտածելով առանց թույլտվություն հարցնելու մարդկանց 18 տարեկան երեխաներին գցում էին մսաղացը՝ ստիպելով մեռնել «բայրաքթարների» տակ:
Ավելին, Փաշինյանը լայվեր էր անում, կոչ անում կամավորագրվելու, անթասիբ անվանում սահման չմեկնողներին, ասում էր պետք է նրանք արժանանան հանրային պարսավանքի: Այսինքն՝ հանուն հայրենիքը կորցնելու պետք է գնալ և մեռնել, իսկ հանուն այն ազատագրելու և հետ վերադարձնելու՝ ոչ: Տրամաբանությունից այնքան հեռու է Նազարյանի այս միքտը, որ նույնիսկ դժվար է այն մեկնաբանել, կամ գնահատել: Կամ ինչպես միշտ, ստացվում է, որ իրենց իշխանությանը կարելի է ամեն ինչ, մյուսների դեպքում՝ ոչինչ:
Արցախյան երկրորդ պատերազմը խլեց ոչ միայն 5000 հերոսների կյանքը, խարխլեց ճակատագրեր ու կործանեց շատերի կյանքը, այլ նաև մի ամբողջ ժողովրդից խլեց հայրենիք ու երազանք, դատապարտեց պարտության հոգեբանության: Իսկ իշխանությունն, այս դեպքում Լենա Նազարյան ասում է՝ հարմարվեք իրականության հետ՝ դուք պարտված ազգ եք, չեք կարող այլևս հաղթել, եթե փորձեք, ձեր երեխաները կզոհվեն: Նույն ստոր մանիպուլյացիան է՝ «տեսեք, տեսեք, եթե մենք գնանք, գալու են նախկինները»:
Նազարյանը շարունակում է իր միտքը, թե պետք է երկարատև խաղաղություն ունենալ հարևանների հետ, տարածաշրջանում մարդկային դեմք է վերականգնվել:
Տարբեր տեսակի զինատեսակներով, այդ թվում պատերազմում անգամ չթուլատրված ֆոսֆորային ռումբերով Արցախն ու խաղաղ բնակիչներին հրետակոծածությունից հետո, ըստ Նազարյանի, վերականգնվել է մարդկային դեմքը: Եվ նա առաջարկում է այդ նույն հարևանի հետ խաղաղ ապրել և բանակցել: Այն նույն հարևանի, որ պատերազմի ավարտից հետո խաղաղ բնակիչներ է գերի վերցնում, գերիների խոշտանգման տեսանյութեր տարածում:
Իսկ քաղաքական ճանապարհով տարածքները հետ վերադարձնելուն անգամ ինքը՝ Նազարյանը հավանաբար չի հավատում։ Չնայած, մեծ հաշվով, ինչու պետք է վերադարձնել այն, ինչն ըստ իրենց, պատկանում է Ադրբեջանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը