11 01 2021

Հայաստանի վերջնական ոչնչացման հնարավոր տարբերակ

Հայաստանի վերջնական ոչնչացման հնարավոր տարբերակ

Արդեն իսկ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում իրականացվեց թուրք-ադրբեջանական հեղաշրջում: Փաշինյանն ու  նրա շուրջ հավաքված դավաճանները, առանց էական դժվարությունների, կազմաքանդեցին Հայաստանի պետական համակարգը, ճյուղ առ ճյուղ: Առաջնահերթ փչացվեցին հարաբերությունները հնարավոր դաշնակիցների հետ, ապա ոչնչացվեց պետական կառավարման համակարգը, ապա կազմաքանդվեց բանակը, կազմալուծվեցին ԱԱԾ-ն, ոստիկանությունը: Բոլոր այս կառույցները դրվեցին դավաճանապետի անձնական իշխանության սպասարկման ու ապահովման տակ:

Այն պահին, երբ կազմաքանդման գործընթացը հասել էր առավելագույն հնարավոր արդյունքի, թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես և պայմանավորվել էին Հայաստանը ներսից գրաված իրենց գործակցի հետ, սկսեցին «տարօրինակ պատերազմը»:

Ի՞նչ կատարվեց այդ 44 օրերի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն ու Զինված ուժերում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում, նաև, բնականաբար, Արցախում նրա ներդրած դավաճան-հանձնակատարները, հետևողականորեն, միանգամայն միտումնավոր ու կանխամտածված, կազմակերպեցին Հայոց բանակի մարտունակ ստորաբաժանումների, պատրաստված ու մարտունակ զինվորականության կոտորածը: Հետևանքները սահմռկեցնող են՝ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, Հայոց զինուժի սպառազինության մեծ մասի ոչնչացում կամ հանձնում, Արցախի կորուստ, Հայաստանի պետականության, ինքնիշխանության, սուբյեկտայնության բովանդակային կորուստ...

Չնայած այդ ամենին, իշխանությունը պահպանած դավաճանը և նրա դավաճանակույտը, իրենց երկրպագող զանգվածի վրա այդ ամենը «վաճառում» են որպես՝ խաղաղություն, «կյանքերի փրկություն», իրենց ազգակից թուրքերի ու ադրբեջանցիների հետ վերջապես բարեկամանալու հնարավորություն, ինչ-որ կոմունիկացիաների բացման հնարավորություն: Մի խոսքով, կարող են դուրս տալ ցանկացած հիմարություն, իսկ «պողոսազանգվածը» գլուխը կախ դա կընդունի: Վաղը, մյուս օրը նույնպիսի հնազանդությամբ կընդունեն, որ իրենք, օրինակ, արդեն ոչ թե Հայաստանի, այլ ասենք, Արևմտյան Ադրբեջանի բնակիչներ են ու, առհասարակ, ոչ էլ հայ են...

Դա ամենևին ֆանտաստիկա չէ:

Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանն ու մյուս նիկոլիկները Հայաստանում զբաղված են բացահայտորեն թուրքական քարոզներով ու ծրագրերի իրականացմամբ, Թուրքիան ու իր խնամակալության տակ անցած Ադրբեջանը պատրաստվում են իրենց վաղեմի ծրագրերի հաջորդ՝ կարևոր փուլի իրականացմանը:

Դե, եթե Արցախի զավթման պլանը մեծամասամբ իրագործվել է, ապա ինչո՞ւ կորցնեն նպաստավոր իրավիճակը և չանցնեն Հայաստանի վերջնական ոչնչացմանը: Դրա տարբերակը նույնպես շատ պարզ է ու ակնհայտ: Ունենալով Փաշինյանի նման գործակից՝ թուրքերն ու Ադրբեջանը արդեն իսկ զբաղեցրել են Հայաստանի, կոնկրետ՝ Սյունիքի ու Գեղարքունիքի վրա հարձակման համար առավելագույն շահեկան դիրքեր: Ավելին, Ադրբեջանը համալրում և թարմացնում է սպառազինությունը, բազայավորվում է նոր՝ շահեկան դիրքերում, Թուրքիան էլ, իր համապատասխան ռազմական հենակետերն է ամրացնում և կարգավորում: Հայաստանը շարունակում է թուլանալ ու քանդվել, քավ լիցի, Նիկոլ Փաշինյանը քանդելու և ապականելու անգերազանցելի վարպետ է: 

Կուզե՞ք, Փաշինյանին համարեք ոչ թե դավաճան, այլ պարզապես թույլ ու ապաշնորհ ղեկավար: Դրանից առանձնապես շատ բան չի փոխվում՝ հետևանքների իմաստով:

Դժվար չէ կանխատեսել, որ որոշ ժամանակ անց, ենթադրենք, առաջիկա երկու-երեք ամիսներին, ավարտելով վերադասավորման ու դիրքավորման գործընթացը, իրենց հարմար «իքս» պահին, կա՛մ ուղղակի ռազմական գործողությամբ, կա՛մ միայն պատերազմի վերսկսման սպառնալիքով Թուրքիան ու Ադրբեջանը, առանց մեծ ճիգերի, Հայաստանից կպոկեն նաև Սյունիքը, շատ հնարավոր է, նաև՝ Սևանա լճի արևելյան ափագիծը: Այնուհետև հերթը կհասնի Վայքին: Եվ եթե անգամ թուրքերն այնքան «մեծահոգի» գտնվեն, որ թողնեն Երևանն ու մերձակայքը, ապա միևնույն է՝ առանց Արցախի ու առանց Սյունիքի Հայաստանն իրենից այլևս ոչ մի բան չի ներկայացնում: Դառնում է մի 10-15 հազար քառակուսի կմ զբաղեցնող ոչինչ:

Հա, ու մի կարծեք, թե այդ կղզյակում ձեր «կյանքերը փրկվելու» են: Ոչ, իհարկե: Ավելի ճիշտ, «կյանքերը փրկելով», մնացածն էլ կա՛մ ազգությունը կուրանան կա՛մ հավատը, վերջացավ՝ գնաց:  

Այս է Հայաստանի ոչնչացման հնարավոր տարբերակն ու հեռանկարը:

Բայց դա ո՞ւմ է հետաքրքիր, որ: Կարևորը, որ զանգվածը իր Նիկոլին երկրպագում է ու աստվածացնում: Իսկ սատանային աստվածացնելը այնպիսի մեղք է, որ չի ներվում երբեք ու ոչ մեկին: Ու ոչ մի ժողովրդի: Ու չի ներվում:

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ