28 12 2020

Ինչո՞ւ պատերազմի օրերին պաշտոնական քարոզչությունը լռեց զոհված ոստիկանների մասին

Ինչո՞ւ պատերազմի օրերին պաշտոնական քարոզչությունը լռեց զոհված ոստիկանների մասին

Արցախյան պատերազմին մասնակցություն ունեցան տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, այդ թվում՝ ոստիկանության։ Ոստիկանությունն այս պատերազմում մարդկային ոչ փոքրաթիվ կորուստներ ունեցավ։ Սակայն ոստիկանության ղեկավարությունը, կառավարությունը որքան կարող էր՝ անարգեց իրենց նահատակ կոլեգաների հիշատակը։ Պատերազմի ավարտից միայն շուրջ երկու ամիս անց, նոր միայն ոստիկանությունը հայտնեց անուններ, թեև ի սկզբանե հայտնի էր։

Դեկտեմբերի 24-ին Mediaport տելեգրամյան ալիքը հրապարակեց սահմռկեցուցիչ փաստեր՝ Շուշիում ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ։ Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ մեծ քանակի ոստիկաններ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրամանով կենտրոնացրել էին Շուշիի մշակույթի տանը, որից հետո թշնամին հստակ տեղորոշել և ռմբակոծել էր շենքը։ Ալիքը գրեց, որ միջադեպի օրը ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է կատարվածն ու ցույց է տվել այս և մյուս փաստերը, որից հետո Փաշինյանը հրահանգել է գաղտնի պահել զոհված ոստիկանների անունները և վերացնել բոլոր տեսանյութերը, որպեսզի կանխվի դրանց հանրայնացնումը։

Այնուհետև ՎԵՏՕ շարժման ղեկավար, ոստիկանության նախկին աշխատակից և համակարգում կապեր ունեցող Նարեկ Մալյանը գրեց․ «Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով: Մշակույթի տանը այդ պահին գտնվում էին հարյուրավոր ձեր ծառայակից ընկերներ Տավուշի, Լոռու և Շիրակի ռեգիոնալ վարչությունից: Այդ ոստիկանները հիմնականում «թաղայիններ» էին ու անչափահասների տեսուչներ: Նրանք զորքերից չէին, բայց նրանց ավտոբուսներով խաբելով կամավորական աշխատանքների անվան տակ քշել էին Շուշի, որտեղից էլ առանց որևէ նախապատրաստության պատրաստվում էին ուղարկել առաջնագիծ: Հրթիռի հարվածից տեղում զոհվեցին 21 ոստիկաններ ևս մեկը՝ Թովմասյան Հակոբը հետո մահացավ հիվանդանոցում, հարյուրավոր ոստիկաններ վիրավորվեցին ու դարձան հաշմանդամ:  Զոհվածների մեջ է Տավուշի ռեգիոնալ վարչությունից Վահե Ղազարյան անունով ոստիկանը, ով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ազգականն է: Մի սարսափելի փաստ ևս ի լուր աշխարհի հայտնեմ: Շուշիի մշակույթի տանը հրթիռակոծումից հետո անհետ կորել է Ամասիայի միլպետը՝ Արմեն Ղազարյանը: Նա ուղղակի անհետացել է և որոնումները անարդյունք էին: 22 զոհ, 1 անհետ կորած, հարյուրավոր վիրավորներ ու այդ ամենը իշխանությունը ամիսներ շարունակ թաքցրել է արծրունասյունեական հաղԴելու ենք քարոզի տակ»:

Միայն դեկտեմբերի 26-ին՝ այս հրապարակումներից հետո ոստիկանությունը հարկ համարեց անդրադառնալ իր զոհված աշխատակիցներին՝ նշելով, որ պատերազմում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող, 6-ը համարվում է անհայտ կորած, 164-ը վիրավորվել է։

Հոկտեմբերի 4-ին, երբ ողբերգական մահ ունեցավ ոստիկանությունը, պատերազմի մեկնաբանների ֆեյսբուքյան էջերում հաղթանակի մասին էին, թշնամուն ձեռք էին առնում, հազար ու մի բաներ, բայց ոստիկանության զոհերի մասին՝ ոչ մի խոսք։ Կրկին վերընթերցեցինք Պատերազմի մասին հիմնական ինֆորմացիա տվող պաշտոնյաների էջերը, դիտեցինք ելույթները, սակայն որևէ պահի չհանդիպեցինք ոստիկանների մասին տեղեկատվության։

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին հարցազրույց էր տալիս ֆրանսիական «Ֆրանս24»-ին, հոկտեմբերի 5-ին այցելել էր Արցախի Հանրապետություն, լսել զեկույց իրավիճակի, ելքերի մասին։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին արցախյան բունկերից գրառում արեց՝ վերջին մեկ տարվա զորացրվածներին մարտակոչ հղելով և պատերազմ հրավիրելով։ Ակտիվ ստատուսներ էր գրում։ Սակայն ոստիկանների մասին՝ ոչ մի խոսք, տեղեկություն, ցավակցություն։ Իսկ մի քանի օր անց, արդեն, զանգել էր առաջնագիծ ու զինվորների և հրամանատարների որպիսությունն էր հարցնում։ 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս կարծես մոռացել էր իր ղեկավարած երկրում պայթյունից միանգամից 20-ի ավելի ոստիկանի զոհվելու մասին։ Այդ և հաջորդ օրը Արայիկ Հարությունյանը սուրճ էր խմում առաջնագծում և սելֆի անում, իրեն գովազդում էր որպես ռազմիկ։ «Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար»,- գրել էր նա՝ այդպես էլ մոռանալվ շնորհակալություն և ցավակցության խոսքեր հայտնել նույն օրը զոհված ոստիկանների ընտանիքներին։ Հնարավո՞ր է որ Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանը չեն իմացել դեպքի մասին՝ բացառվա՛ծ է։ Արցախի նախագահը գրում էր, որ Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին են խփել և չի ասում, որ կան մեծ քանակի և մի հարվածով զոհված ոստիկաներ։ Ավելին, Արայիկ Հարությունյանն այդ օրը զինծառայղների հետմահու մեդալներ էր տալիս, կոչումներ էր տալիս ու շքանշան։

Պատերազմի ընթացքում բոլոր կարգի ստերի հերն անիծած մյուս հերոս Արծրուն Հովհաննիսյանը ևս լուռ էր։ Այդ օրերին նա գրում էր արտասահմանցի լրագրղների վիրավորվելու մասին, ադրբեջանցիների փախչելու մասին՝ խոսքը համեմելով մեծաչափ հումորով ու ծաղրով (փախուստը՝ ազգային սպորտաձև, վազելն առողջությանը օգուտ է և այլն), նավթամթերքի պահեստ ու Բրիգադ ոչնչացնելու մասին։ Ոստիկանները չարժանացան նաև Արծրունի ուշադրությանը։ Ինչո՞ւ։ Որովհետև պետք է ճիշտը ասեր, իսկ դրան սովոր չէր, կարծես։

Զարմանալի է, իհարկե, բայց ոստիկանների զոհվելու մասին ոչինչ չէր հայտնում նաև ոստիկանության կայքը։ Այդ օրերին երկու հաղորդագրություն կար ու այն մասին էր, որ ոստիկանության զորքը հայրենիքի պաշտպանի կողքին է։ Իսկ թե ինչ է լինում նրանց հետ ու ինչպես են մոռացության մատնվում, ոչ մի խոսք։ Իր զավակների մասին այդ օրերին մոռացության տվեց նաև ոստիկանությունը։

Եվ այսպես, ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն ոստիկանների մասին ո՛չ այդ, ո՛չ հաջորդ օրերին։ Ստացվում է, որ իշխանությունը՝ վարչապետը, Արցախի նախագահը, ոստիկանության զոհերի թիվը դարձրեցին սոսկ վիճակագրություն, առանց անուն-ազգանունի։ Նրանցից ոչ մեկը «բախտ չունեցավ» հուղարկավորվելու Եռաբլուրում։

Եվ բոլորովին զարմանալի չէ, որ հիմա, երբ ոստիկանության աշխատողներն ակտիվորեն ծեծում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին, և հետայսու էլ որքան նման բաներ լինեն, շատերը հիշելու են ոստիկանների ուրացումը, դավաճանական գործողությունները իրենց զոհված ու անտեսված ծառայակից ընկերների նկատմամբ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ