Օրերս գլխավոր դատախազը փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ ապացույցների ու օբյեկտիվ հիմքերի առկայության դեպքում պատրաստ է ձերբակալել Նիկոլին։ Ավելի քան 700 փաստաբաններ համատեղ հրապարակային հայտարարությամբ միացան Նիկոլի հրաժարականի պահանջին։ Բոլոր չհեռակառավարվող ու չվնգստացող քննիչները, դատախազները, դատավորները, փաստաբանները, իրավաբանները միասնաբար ու արժանապատվորեն հանձն առան` փաստերով հիմնավել, որ Նիկոլը պետական դավաճանություն է կատարել։ Նաև հավաստիորեն երաշխավորեցին, որ Նիկոլի դեմ հարուցված բոլոր քրեական գործերը ազնիվ, օբյեկտիվ, համակողմանի, օրինական, անկողմնակալ, արդար քննություն կանցնեն։
Այս իրողությունը անառարկելիորեն ապացուցում է, որ արժանապատվություն ու պատասխանատվության զգացում ունեցող, ճշմարտությունը տեսնել ցանկացող ու արդարամիտ բոլոր իրավաբանները, ու անգամ գլխավոր դատախազը նշույլ իսկ կասկած չունեն, որ Նիկոլը ոչ միայն դավաճան է, այլ նաև կատարել է քրեական օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր հանցագործությունները։ Կանխատեսելի ու ընկալելի է, որ միայն Նիկոլին իշխանազրկելուց հետո արդարադատությունը ազատ ու անկախ կկարողանա բնականոն ընթացքով, անհերքելի փաստերով, անբեկանելի հիմնավումներով ապացուցել ու բացահայտել իշխանափոխությունից հետո թավշյա ռեժիմի բոլոր գործիչների, գործիքների, սպասարկուների գործած հանցանքների ամբողջական իրավաբանական պատկերը։
Մինչդեռ, Նիկոլի ու իր խմբակի գործունեությանը քաղաքակա՛ն ու բարոյակա՛ն հիմնավորված ու անաչառ գնահատականներ տալու ժամանակը հենց հիմա է։ Եթե ոմանք կարծում են, թե հիմա կարելի է սահմանափակվել միայն նրա կատարած դավաճանության փաստը ընդգծելով ու նրա հրաժարականը պահանջելով, ապա կա չհասկացված ու չընկալված լինելու ռիսկ։ Հենց դրա վրա է առնվազն նոյեմբերի 10-ից խաղում Նիկոլը` իր անբովանդակ, թյուրիմացություններ սփռող, մերկ ստերով կառուցված ուղերձներով ու ֆեյքերի ֆաբրիկայի շտամպած հնարանքներով։ Իսկ եթե լինի քաղաքական ու բարոյական ճշգրիտ ու անբեկանելի գնահատական, ապա այն հասկանալի ու ընկալելի կդառնա նույնիսկ «դուխով» պողոսներին ու ողջ ժեխին։ Միայն այս կերպ` ամբոխին գիտակցության բերելով հնարավոր կլինի Նիկոլին ու իր ռեժիմին արագ և ուղղակիորեն զրկել օխլոսի անգիտակից աջակցությունից։
Պետք է հանգամանորեն բացահայտել, պարզաբանել ու համապատասխան քաղաքական գնահատականերով արձանագրել, որ Նիկոլը իր իշխանակալման 32 ամիսների ընթացքում մեզ 32 տարով հետ է տարել։ Պետք է բոլորը առարկայորեն տեսնեն ու հասկանան, գիտակցեն ու ընկալեն, որ մենք հիմա 1988 թ-ի վիճակում ենք` թրքաբարո դուրսպրծուկի նկատմամբ անթույլատրելի հանդուրժողականության ու աններելի համբերատարության պատճառով։ Բարոյական մնայուն ու անհերքելի իր բարձրագույն գնահատականն էլ պետք է տա Հայոց Առաքելական եկեղեցին` սրբապղծության մեղադրանքով Նիկոլին վտարելով քրիստոնեությունից ու հակաքրիստոնյա հռչակելով։ Նա իր վարքով ու բարքով միայն դրան է արժանի։
Հ.Գ. Իրավական պատժից առաջ բարոյական գնահատականի անհրաժեշտությունը հուշում է նաև Շեքսպիրը. «Անմիտ ամբոխը չի սիրում իր դատողությամբ, այլ` իր աչքերով։ Եվ երբ այդպես է` նա հանցավորի պատիժն է տեսնում, բայց` ոչ հանցանքը»։ «Համլետ», IV, 3
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը