15 12 2020

Մուրադովը վերադարձրեց 44 գերի, իսկ որքա՞ն լայք ստացան Նիկոլը, Արայիկն ու Տիկոն

Մուրադովը վերադարձրեց 44 գերի, իսկ որքա՞ն լայք ստացան Նիկոլը, Արայիկն ու Տիկոն

Երեկ ուշ երեկոյան ռուսական օդանավով Հայաստան վերադարձավ, Ադրբեջանում պահվող 44 հայ գերի, որոնցից 14-ը քաղաքացիական անձինք են, 30-ը՝ զինվորականներ։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դրան նախորդել են մեծ նախապատրաստական և բանակցային աշխատանքներ ադրբեջանական և հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները:

Մուրադովը նշեց նաև, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

Ավելի ուշ իրավաբաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հայտնեցին, որ գերիների փոխանակման գործընթացի շրջանակում հայրենիք են վերադարձել նաև մինչև պատերազմը Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացիներ։

«Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը», - իր էջում գրել էր Զեյնալյանը:

Դեռ պարզ չէ, թե ինչ թվով գերիներ են շարունակում մնալ Ադրբեջանում, ամբողջական ցանկ չկա, որևէ նորություն չկա նաև անհետ կորած զինծառայողներին գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքերի մասին:

Պատերազմի մեկնարկից ամիսուկես և ավարտից 36 օր անց կառավարությունը չի կարողանում որևէ սպառիչ, հոդաբաշխ պատասխան տալ ոչ միայն հանրությանը, այլ առաջին հերթին հենց այդ զինծառայողների ընտանիքներին:

Մի քանի անգամ հանդիպումներից հետո, «դե ամեն ինչ մեզնից չի կախված», «ակցիաները մեզ խանգարում են այդ աշխատանքերում», «ՌԴ-ն պետք է բանակցի» պատասխաններից բացի այլ պատասխան այդ մարդկանց չի տրվել: 

Եվ, հանկարծ, զարմանալիորեն, իրար հերթ չտալով ՀՀ և Արցախի իշխանությունները սկսեցին խոսել և ավետել գերիների վերադարձի մասին:

Նախ, առավոտյան Նիկոլ Փաշինյանը անհասկանալի հերթական ուղերձով դիմելիս հանրությանը նշեց, որ արդեն սկսվել է գերիների փոխանակման առաջին փուլը, ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրեց այդ մասին, հետո Արայիկ Հարությունյանը նույնը արեց և Տիգրան Ավինյանի հետ շտապեց դիմավորել գերիներին:

Ավելի ուշ էլ իշխանական քարոզչամեքենան անցավ գործի: Դե, հիշում եք, չէ՞ կորոնավիրուսի ժամանակներից արձանագրված օրինաչափությունը՝ վատի մասին՝ քար լռություն, լավ լուրերի մասին՝ խոսում են բոլորով:

Եվ, երբ թվում է, որ կան թեմաներ, որոնց շահարկումը անվիճելիորեն անթույլատրելի պետք է լինի, պարզվում է, որ այս իշխանության համար կորցրած հեղինակությունը վերակենդանացնելու համար չխորշեց անգամ այս չափազանց զգայուն թեման օգտագործել:

Ինչպես ասում են՝ պետք չի կանգ առնել, պետք է խայտառակվել մինչև վերջ: Նախորդ օրերին և առավոտյան ռուս խաղաղապահներին հոխորտացող Փաշինյանը, երեկոյան նրանց ջանքերով տեղի ունեցած գերիների փոխանակումից ոչ միայն օգտվեց, այլ ոչ մի խոսք, ակնարկ, շնորհակալություն ռուսական կողմին, գործողությունը կազմակերպողներին, աշխատանք տարածների հասցեին: Այն դեպքում, երբ անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ ավելի ուշ էլ Ռուսաստանի հայերի միության նախագահը հայտնել էր, որ իրենք ևս դիմել են ՌԴ նախագահին և տեղեկացել են, որ այժմ այդ հարցով զբաղվում է անձամբ նախագահ Պուտինը։

Ոչ մի խոսք չասվեց նաև ՄԻԵԴ-ում մեր գերիների հարցերով զբաղվող իրավաբաններին:

Պարզապես հերթական անգամ արձանագրվեց, որ ՀՀ-ում իշխանություն չկա, կա միայն առիթից օգտվելով, էժանագին PR արշավ իրականացնողների խումբ, որն այս իրադարձությունից կարողացավ շահել եթե հանրագումարի բերենք Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի և Տիգրան Ավինյանի հրապարակումների լայքերը, կստացվի 61 200 լայք:

Իհարկե, անտեսելով մեկնաբանությունները, որոնց կեսից ավելին շնորհակալական խոսքեր են ուղղված գեներալ Մուրադովին, Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին:

 Տաթև Միրզոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ