12 11 2020

Անդրանիկ Քոչարյանի որդին սահման գնա՞ց

Անդրանիկ Քոչարյանի որդին սահման գնա՞ց

Հայաստանի ու Արցախի նախագահները, իմքայլական պատգամավորները կապիտուլյացիոն խայտառակ, աններելի ու ոչ մի կերպ չարդարացվող պայմանագիրն արդարացնելու համար գլխավոր թեզը, որ շրջանառում են, այն է, թե զորք չկար, կամավորներ չկային։ Մեղավորը ժողովուրդն էր, որ չգնաց պատերազմ։ Սա, բնականաբար, սուտ թեզ է։ Հազարավոր կամավորներ առաջնագիծ են մեկնել հենց առաջին ու երկրորդ օրը, Հայաստանն ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, «80-ականների զենքի ամոթալի էջն» էլ  փակել էիք, համաձայն Փաշինյանի՝ 2019թ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձի։

Լիքը մարդիկ կան, որ պնդում են՝ դիմել են զինկոմիսարիատ, կամավորագրվել են, բայց իրենց ասել են՝ գնացեք տուն, սպասեք՝ կասենք։ Ու այդպես էլ չեն կանչել։

Բայց հայրենիքի պաշտպանությունը միայն ընդիմության ու ժողովրդի ուսերին չէ, որ ամեն անգամ «մուննաթ» գաս։ Այն իշխանության ուսերին է՝ առաջին հերթին, որպես պատասխնատու։ Իսկ հայրենիքի պաշտպանության համար իշխանության տարբեր ներկայացուցիչներ ու նրանց զավակները մասնակցություն ունեցե՞լ են։ Ո՞ր իմքայլական պատգամավորն է զենք բռնել, ո՞ր նախարարն ու փոխնախարարը։ Գնացել են Սյունիքում խրամատ փորելո՞ւ, թե՞ տարվել են նկարներ անելու և տարածելու համացանցում։

Կառավարության ու Ազգային ժողովի քանի՞ տոկոսն է բանակում ծառայել։  Մեծամասնությունը ոչ միայն չի ծառայել, այլև կան դեպքեր, երբ զավակներին են ազատել բանակից՝ շատ կասկածելի հանգամանքներում։

Դեռ ապրիլ ամսին բազմաթիվ փաստերով, հարցումներով հետաքննություն էինք հրապրակել այն մասին, թե ինչպես է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կասկածելի հնգամանքներում որդուն ազատել բանակից։

2020 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ ՀՊՏՀ-ում։ Այդ ժամանակ նրան հարց հնչեց, թե ինչու չի ծառայել բանակում, որի պատասխանը չկար։ Օրենքը թույլատրում է զինծառայության չգնալ, եթե պաշտպանել ես թեկնածուական ատենախոսություն։ Անդրանիկ Քոչարյանի որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո անմիջապես չի պաշտպանել։ Ինչ-որ մի հրաշքով, ուսումն ավարտելուց հետո առողջապահական հիմքով տարկետում է ստացել, և 8 ամիս շարունակ խուսափել զորակոչվելուց՝ մինչև կպաշտպաներ թեզը։ Հետո արդեն պաշտպանեց, և այդպես էլ չգնաց բանակ։

Այդպես էլ մենք չկարողացանք ոչ կասկածելի հիմնավորում ստանալ Անդրանիկ Քոչարյանի որդու տարկետման վերաբերյալ, իսկ հանցակազմի ուսումնասիրության վերաբերյալ մեր նամակին ընդամենը մեկ-երկու օրում դատախազությունը պատասխանեց, թե ճշտել են, ամեն ինչ օրինական է։

Ի՞նչն էր օրինական, որ իշխանական պատգամավորի որդին չծառայելու բրոնյա՞ ունի։ Իսկ որ պատգամավորը «սովորական» չէ, այլ պաշտպանության և անվտանգության ոլորտը կարգավորողն է, դատախազության մոտ կասկածներ չէր առաջացրել։ Կոռուպցիան էլ պոզո՞վ է լինում, կասեք դու՛ք։

Էս մի ազատման մասին իմացանք, իսկ այսպես բանակից քանի՞ փախուստ են թույլ տվել իշխանական գործիչները, երբ այդպես «ափաշքյարա» են անում։ Երբ ժողովրդին, հայրենիքի պաշտպանության համար կյանքը տվածին անվանում եք դասալիք, այդ դեպքում դո՞ւք ովքեր եք։

Անդրանիկ Քոչարյանի որդու՝ բանակում չծառայելու մասին մեր հետաքննությունը՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ