Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը Արցախում շարունակվում է, չնայած արդեն երրորդ հրդադադարի փորձին: Գնալով ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի ախորժակը զսպել հնարավոր է միայն Ռուսաստանի ջանքերով, քանի որ ՆԱՏՕ անդամ երկրները, մեղմ ասած, չեն հանդգնում խառվել և իրենց անդամ երկրին զսպել:
Ռուսաստանցի բազմաթիվ ազդեցիկ գործիչներ Հայաստանի և այս պատերազմում Հայաստանին աջակցությունից խոսելիս չեն մոռանում հիշատակել, որ մեր երկրում արմատներ է գցել Ռուսաստանի թշնամի Ջորջ Սորոսը, որն իր հիմնադրամով մի շարք հակառուսական նախագծեր է ֆինանսավորում։
Արդեն անդրադարձել ենք, թե այս օրերին հիմնականում ինչ շրջանակներ են ակտիվորեն լծված հակառուսական տրամադրություններ տարածելուն և քարոզելուն, հիմա կներկայացնենք կոնկրետ անձանց: Եվ այսպես, այս անգամ կներկայացնենք որոշ մանրամասներ Արթուր Սաքունցի մասին, որը այս օրերին ևս ակտիվ հակառուսական գործունեությամբ է զբաղված:
Ինժեներ-քիմիկոսի մասնագիտությամբ այս անձը, որը իրավապաշտպանական և լրագրողական սեմինարներ անցնելուց հետո ներկայանում է որպես իրավապաշտպան և լրագրող, 2012 թվականին ստացել է «Ազատության պաշտպան մրցանակը՝ ԱՄՆ դեսպանության, Քաունթերփարթ ինթերնեյշնլի, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ-ի և ԵՄ գրասենյակների կողմից: 2013 թվականից հանդիսանում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն» աշխատանքային խմբի համակարգող: 2001 թվականից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարն է:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ից, այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակից դրամաշնորհներ է ստացել սկսած 2006 թվականից, և մինչ օրս այդ կառույցից ստացած դրամաշնորhների չափը կազմում է ավելի քան 1 միլիոն 100 հազար դոլար։ Բացի այդ, նույն հիմնադրամից այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար ՀՔԱՎ-ը ստացել է 82.300 դոլարի դրամաշնորհ։
Գրանտային ծրագրերով Արթուր Սաքունցի ղեկավարած կազմակերպությունը տարբեր տարիների անդրադարձել է բանակին, ներկայացրել վիճակագրական տվյալներ՝ մահացության դեպքերի վերաբերյալ:
ՀՔԱՎ-ը 2019-ի հունվարին 220.900 դոլարի գրանտ էր ստացել Սորոսի հիմնադրամից։ Իսկ այս տարի՝ 2020թ․, ստացել է 187,500 դոլար գրանտ:
Ի դեպ, 2019 թվականի դրամաշնորհի նպատակներից մեկը եղել է նաև խաղաղության քարոզը, ինչը, պարզվում է, մշտապես եղել է իրավապաշտպանի գործունեության առանցքում: Այսպես, նա, տարիներ առաջ հակամարտության լուծումը պատկերացնում էր ազատագրված շրջանների հանձմամբ՝ դրանք համարելով «գրավյալ տարածք»։ «Ա1+»-ի եթերում ասում է․ «Ես անձամբ այն տեսակետն եմ կիսում, որ գրավյալ տարածքները պետք է աստիճանաբար որոշակի ժամանակահատվածի ընթացքում հանձնել ադրբեջանական կողմին, որպեսզի մեր համախոհները Արցախում կարողանան լավ ֆունդամենտ ստանալ և իրենց գործունեությունը իրականացնել․․․ Ինձ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունը որպես հանրապետություն, որպես ժողովրդավարական պետություն, որպես խաղաղության երկիր, իր հարևանների հետ խաղաղ ապրող երկիր եմ ուզում տեսնեմ միշտ»:
Արթուր Սաքունցը շփումներ էր քարոզում Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակությունների երկխոսությամբ: Այս նույն համատեքստում, Արթուր Սաքունցն իր աջակցությունն էր ցուցաբերում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման համար: Այդ փառատոնը ձախողվեց Վանաձորում դիմադրության արդյունքում։
Ի դեպ, Սաքունցը շատ ակտիվորեն պայքարում էր նաև ռուսական ռազմաբազայի դեմ, պահանջում էր դուրս բերումը Հայաստանից, նշում էր, որ որևէ դրական բան դա մեզ չի տալիս: 2015թ․ հունվարի 22-ի հարցազրույցում ասում է․ «Իհարկե, միֆերից հրաժարվելը միշտ շատ դժվար է և, երևի թե, սա լրացուցիչ և էական ազդեցություն ունեցավ, քանի որ հայ հասարակությունն ուներ պատկերացում, թե ով է իր թշնամին և ումից կարող էր սպասել վտանգներ՝ չնայած ռուսական ռազմաբազայի հետ կապված խնդիրների միշտ առնչվել է: Նման տիպի ոճրագործություն, որ կապվի ռուսական բազայի հետ, դա անակնկալ էր և հանրությունը անակնկալի եկավ և դա կարևոր գործոններից, հետևանքներից մեկն է, որ հանրությունը ստիպված է լինելու հրաժարվելու ռուսական բազան որպես անվտանգության երաշխավորի այդ միֆից, որը շատ դժվար է, իհարկե»:
Հիմա ի՞նչ է ստացվում։ Մարդը գրանտներ է ստանում Սորոսից, Սորոսը հայտնի է որպես ուղնուծուծով հակառուս գործիչ, որը Եվրոպային կոչ էր անում ռուս-թուրքական հակամարտության հարցում աջակցել Թուրքիային։ Իսկ Սորոսի գումարներով բազմաթիվ կազմակերպություններ են սնվում, որոնք, բնականաբար, նրա քաղաքականությունն են առաջ տանում՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասով։ Սաքունցը պայքարում է Ռուսաստանի դեմ, Սաքունցն աջակցում է ադրբեջանական ֆիլմերի փառատոնին, ու այդքանով հանդերձ, նրան թույլ է տրվում գործունեություն իրականացնել Հայաստանում։ Ու այսքանի ֆոնին, ոստիկանությունը մեզ տուգանում է քննադատական նյութեր գրելու համար, բայց թշնամուն աջակցողներից գրանտ ստացողներին թույլ է տալիս խոսել, ազատորեն գործել։ Ինչո՞ւ, որտե՞ղ է իրավապահ համակարգը։
Շեշտենք, Արթուր Սաքունցը անգամ հիմա՝ այս օրերին չի քննադատել Ջորջ Սորոսի՝ Թուրքիային աջակցելու հայտարարությունը։ Ավելին, այս ընթացքում, Թուրքիան ահաբեկիչներ է բերում Արցախի հետ պատերազմի դաշտ, երբ շատ երկրներ քննադատում են Թուրքիային, Սաքունցը անգամ չի դատապարտել Թուրքիայի ահաբեկչական գործողությունները։ Այս օրերին, երբ թուրքական F16-ով հարվածներ հասցվեցին Ստափանակերտի, Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, վստահ ենք, որ Սաքունցից չենք լսի դատապարտող խոսք։
Ամենևին ցանկություն չունենալով մտնել մարդկանց անձնական տարածք, այնուամենայնիվ անդրադառնանք մի դեպքի, որը հրապարակային է․ վերջերս Արթուր Սաքունցի հայրը բաց նամակով դիմել էր լրատվամիջոցներին` պնդելով, որ որդին ունեզրկում է իրեն։
Ահա այսպիսի կենսագրություն ունեցող մարդիկ դժգոհում են, թե իրավապաշտպանները թիրախավորված են։ Ոչ, հարգելիներս, թիրախավորված են անձինք, որոնք այն էլ այս դժվարին օրերին աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների դեմ, մեր ներքին միասնականության դեմ, իսկ նրանց ղեկավար և ֆինանսավորողը կոչեր է անում աջակցել Թուրքիային։ Այդպիսի անձինք պետք է մերժելի լինեն հասարակության կողմից, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուշի ուշով հետևի նրանց գործունեությանը, միգուցե նաև արտաքին կապերին, շարժին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը