11 09 2020

Փաշինյանի ուսապարկը բռնող նախկին «կլյուչնիկը»՝ պարեկային ոստիկանության պե՞տ

Փաշինյանի ուսապարկը բռնող նախկին «կլյուչնիկը»՝ պարեկային ոստիկանության պե՞տ

Ամիսներ տևած բանակցությունից հետո մեր երկրի արդարադատության նախարարն ու ոստիկանապետը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ օրերս` սեպտեմբերի 1-ին հուշագրեր են ստորագրել։ ԱՄՆ դեսպանատան ՖԲ էջում նույն այս առնչությամբ մասնավորոպես գրված է. «Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու ՀՀ կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում»։

Լրատվամիջոցները կրկնել են նույն տեղեկատվությունը` և ո՛չ մի բառ ավելի։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաջորդ օրն իր ՖԲ էջում գրառել է. «Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին» և հավելել է շնորհակալություններ «ԱՄՆ մեր գործընկերներին»․ բայց դարձյալ ոչ մի բառ` ստեղծվող կառույցների իրական գործառույթների ու ամերիկյան շահագրգռությունների վերաբերյալ։

Նախարարության կայքէջի հունվարի 16-ի լուրից տեղեկանում ենք նախարար Բադասյանի և դեսպան Լին Թրեյսիի հանդիպման պրոտոկոլին և կցկտուր, բովանդակությունից զուրկ նշումից հասկանում ենք, որ «ոստիկանության լայնամասշտաբ բարեփոխումներ»-ի համատեքստում ձևավորելու են «նոր հակակոռուպցիոն հաստատություններ»։ Հունիսի 19-ի լուրերից էլ իմանում ենք ընդամենը պարեկային ծառայություն ստեղծելու ընթացքը շարունակելու, բայց ո՛չ բովանդակության մասին։ Իսկ բովանդակային առումով օդում կախված լուր կա, ըստ որի` օգոստոսին «գործից ազատված» լեյտենանտ Ղազար Ղազարյանը, ով նախկինում «կլյուչնիկ» էր ու հսկել է Փաշինյանին, իսկ հիմա հայտնի է` որպես նրա ուսապարկը բռնող, առաջիկայում ստանալու է իր մեջ նաև ՊՊԾ-ն ներառող պարեկային ոստիկանության պետի գեներալական պաշտոնը (ՊՊԾ-ն 2019-ի հոկտեմբերի 5-ից առայսօր պետ չունի)։

Բովանդակային բացահայտումներ անհանարին է անել նաև կառավարության նիստերի օրակարգերում այս հարցերի «փակ» ու «չզեկուցվող» ընդգրկումներից, ժողովրդի համար գաղտնի մնացող «քննարկումներից» ու ընդունված իրավական ակտերից, ինչպես նաև` ԱԺ-ի դակած օրինագծերից։ Ո՛չ մի խոսք այն մասին, թե ինչո՞ւ են այսօրինակ ծրագրերն իրագործվում հենց ԱՄՆ-ի, (որտեղ պարեկային ոստիկանությունն ամեն օր ու անպատիժ սպանում է` սեգրեգացիոն սկզբունքներով, և որտեղ թմրամոլությունը սովորական ու համատարած երևույթ է) և ո՛չ երբեք, օրինակ, ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, ի՞նչ նպատակներով են ստեղծվում այս ներքին ուժային ծառայությունները, ինչո՞ւ է մեր երկիրը ավելի ու ավելի նմանվում ոստիկանապետության։

Այս առումով դժվար է անտեսել պատերազմական իրավիճակում ապրող մեր երկրի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի արտահայտած միանգամայն որոշակի մտահոգությունները` հատկապես հաշվի առնելով դեռ շարունակվող բելառուսական իրադարձությունների աշխարհաքաղաքական էությունը։ Մասնավորապես. օգոստոսի 6-ին ՌԴ իշխանության դիրքորոշումներն արտահայտող RT-ն առանձնակիորեն ներկայացրել էր ՌԴ ԱԳՆ անդրադարձը ԱՊՀ տարածքում գործող ԱՄՆ-ի մանրէակենսաբանական լաբորատորիաներին։

Մասնավորապես, շեշտված էր, որ ՌԴ-ին անհանգստացնում են ամերիկյան այս լաբորոտորիաների ակտիվությունը. «Պենտագոնը մեկը մյուսի հետևից ԽՍՀՄ նախկին երկրներում մանրէակենսաբանական լաբորատորիաներ է կառուցում ու արդիականացնում։ ԱՄՆ-ի ու դաշնակիցների ակտիվ ռազմա-կենսաբանական գործունեությունը ո՛չ իրենց ազգային սահմաններում, այդ թվում` հետխորհրդային տարածքում, իրագործվում է սանիտարա-համաճարակաբանական օգնության քողի ներքո։ Ընդ որում` անհնարին է վերահսկել այս օբյեկտների ներգրավվածությունը փակ հետազոտական ծրագրերում։ ԱՄՆ ռազմական կենսաբանների ստացած վարակիչ հիվանդություններ հարուցող շտամները կարող են հետագայում կիրառվել ՌԴ և ԱՊՀ այլ երկրների ազգային անվտանգության շահերին անհամատեղելի նպատակներով։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ն գործարկել է ավելի քան 200 կենսաբանական լաբորոտորիաներ ողջ աշխարհում»։ 

Նույնպիսի մտահոգություն է առկա novostink.net կայքի սեպտեմբերի 2-ի հրապարակման մեջ։ Մասնավորապես, շեշտված է, որ  Հայաստանում հակակոռուպցիոն հաստատություններ և պարեկային ոստիկանություն է ստեղծում ԱՄՆ-ն։ Նա էլ որոշելու է «կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը»։ Այս առումով լրատվամիջոցը հիշեցրել է, որ հակակոռուպցիոն այսպիսի կառույց ու ոստիկանություն ԱՄՆ-ն ստեղծել է նաև Ուկրաինայում։

Ապա ներկայացված է այս հաստատությունների մասին Ուկրաինայի 2013-2014 թթ-ի արդարադատության նախարար Ելենա Լուկաշի գնահատականը. «Այդ НАБУ-ն ամենևին չի աշխատում։ Այն չի ստեղծվել` աշխատելու համար։ Սա պաշտոնյաների և հարուստների մասին տեղեկություններ հավաքող և դրանք (ԱՄՆ) դեսպանատուն փոխանցող, այս կերպ իշխանություններին ինստիտուցիոնալ կարգով վերահսկող սովորական ռեզիդենտուրա է։ Պետք չէ կոռուպցիայի դեմ պայքար ակնկալել մի կառույցից, որը դրա համար չէ, որ ստեղծվել է»։

Կայքը ներկայացրել է նաև ԱՄՆ դեսպանատան ստեղծած ուկրաինական պարեկային ոստիկանության գործունեության վիճակագրությունը. «Առաջին 6 ամիսներին նրանք ջարդել են իրենց տրամադրված նորագույն 350 «Պրիուս» ավտոմեքենաներից 201-ը։ Միայն Կիևում մեկ տարվա ընթացքում շարքից դուրս է եկել ստացված 235 ավտոմեքենաներից 150-ը։ Վթարների գերակշիռ մասի մեղավորը հենց ոստիկաններն են եղել»։ Ապա և հավելել է. «Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն ինչքա՞ն է շարունակվելու։ Ուկրաինայի այս փորձից նույնիսկ «ոզնուն» է պարզ, որ ԱՄՆ-ին այդ կառույցները պետք են միայն իշխանություններին, նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանը վերահսկելու համար։ Հայաստանին տրամադրած ԱՄՆ ողջ օգնությունն ընդամենը 806 հազար դոլար է, իսկ դրամային փոխանցումներով միայն Հայաստանը տարեկան ՌԴ-ից ստանում է 1 միլիարդ դոլար»։

Այս ամենը համադրելով, կարող ենք ասել, որ առաջիկայում ատ ուշագրավ զարգացումներ են սպասվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ