Սեպտեմբերի 1-ին առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ նախորդ օրվանից ալկոհոլային ինտոքսիկացիա ախտորոշմամբ Արմավիրի հիվանդանոց, «Արմենիա» հանրապետական ու «Էրեբունի» բժշկական կենտրոնների և Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքներ են տեղափոխվել տասնյակ քաղաքացիներ, որոնցից 11-ը մահացել են։ Հավելվեց ևս, որ կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ։ Ժամեր անց քննչական կոմիտեն հայտնեց, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում թունավորման դեպքերի առիթով քրեական գործ է հարուցվել` 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, և նախաքննություն է ընթանում։ Նաև հայտարարվեց`«ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից` այն չօգտագործեն»։
Փաստացի, միայն տասնյակ քաղաքացիների մահվան դեպքերից և դրանք հանրությանը հայտնի դառնալուց հետո քննչական կոմիտեի ստորաբաժանումները և ոստիկանությունը հարկ համարեցին` ձեռնամուխ լինել, և ոչ միայն Արմավիրում, իրենց անմիջական պարտականությունների կատարմանը։ Սեպտեմբերի 3-ին էլ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի առաջին 3 օրերին բուժհաստատությունները գրանցել են ալկոհոլային թունավորման 38 դեպք, որոնցից 25-ը` Արմավիրի մարզում, 12-ը` Երևանում, մեկը` Կոտայքի մարզում։ Թունավորվածներից 14-ը մահացել են։
Պարզվեց, որ իրավապահները կարողացել են բացահայտել նույնիսկ, որ մայրաքաղաքի բուժհիմնարկներում ալկոհոլային ինտոքսիկացիայից մահերի պատճառը եղել է օգտագործված բժշկական սպիրտը։ Արձանագրված մյուս դեպքերում մահացածների օգտագործած սպիրտի տեսակը պարզելու նպատակով համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն (ՍԱՏՄ) էլ հայտնեց, որ 11 մարդու մահվան պատճառ դարձած ոչգործարանային օղու լաբորատոր փորձաքննությունը հաստատել է, որ նրանում «առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»:
Տպավորություն է, որ մինչ սեպտեմբերի 1-ը մեր երկրում ոչ մի ալկոհոլային թունավորում չի եղել և մարդիկ վերջին 5 ամիսներին միայն թագաբացիլի վարակից են մահացել, որևէ թաղային լիազոր ոստիկան իրեն վստահված տարածքում ոչ մի տնայնագործ օղի «թորողի» հետ փոխշահավետ պայմանավորվածություն չի ունեցել, քննչական կոմիտեն անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանք թողարկելու, իրացնելու, այլ ծառայություններ մատուցելու ոչ մի ահազանգ չի ստացել, ՍԱՏՄ-ն էլ ոչ մի առիթ չի ունեցել` քաղաքացիներին զգուշացնելու, որ զերծ մնան անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց։ Մինչդեռ բոլորին է պարզ, որ իրականությունը միանգամայն այլ է։
Ալկոհոլային թունավորումների այս համատարած պատկերը (ընդամենը 3 օրում 38 դեպք) բացահայտվեց միայն այն պատճառով, որ այլևս հնարավոր չի եղել պարտակել մահվան դեպքերը։ Անհնարին է պնդել, որ մինչ այս բուժհիմնարկները ալկոհոլային ինտոքսիկացիայի ախտորոշումներ չեն ունեցել և դրանք մահերով չեն ավարտվել։ Ամենայն հավանականությամբ, այդ դեպքերը պարզապես պատշաճ չեն գրանցվել, իսկ մահվան «մեղավոր» է նշանակվել, օրինակ՝ թագաբացիլը։ Ընդամենը 3 օրում միայն արկոհոլային թունավորումից 14 քաղաքացիների մահը միանշանակ հուշում է, որ սպիրտային խմիչքների պարբերական թանկացումների ու երկրի բնակչության շարունակական աղքատացման պայմաններում ալկոհոլային թունավորումները հաստատուն երևույթ են դարձել, վերասկողությունը եղել է այնպիսին ինչպիսին դիմակ դնելու հսկողությունն է (Կենտրոնից դուրս հսկողություն գրեթե չկա), իսկ դրա մահաբեր հետևանքները չեն հանրայնացվել։
Միայն սեպտեմբերի 3 օրերին գրանցված դեպքերով փաստացի ունենք 14 քաղաքացիների մահվան արձանագրում։ Այսինքն. պետության վերահսկողական, իրավապահ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների թերի, վատ աշխատանքի կամ գործունեության իսպառ բացակայության հետևանքով միայն այս բացահայտմամբ հայտնի է դարձել 14 մահվան փաստ։ Ստացվում է, ընդդիմադիր Փաշինյանի սադրիչ գործունեության հետևանքով մարտի 1-ին եղել է 10 զոհ ու հարյուրավոր վիրավորներ, իսկ վարչապետ Փաշինյանի նշանակած պաշտոնյաների միայն այս դեպքով անգործության հետևանքը 14 քաղաքացու կյանք է խլել։ Մինչդեռ սա փաշինյանական իշխանության ավելի քան երկամյա գոյության մի քանի օրվա գինն է, որի դիմաց քաղաքացին իր կյանքով է վճարում։
Ստացվում է, որ երբ ոստիկաններին հրամայվում է ամեն ինչ թողնել ու ողջ ներուժով հետևել միայն դիմակ կրելու պահանջը կատարելու ընթացքին, երբ նրանց հրահանգվում է վայրագ ուժ ցուցադրել դիմակի վաճառքի պլանը կատարել չցանկացող քաղաքացիների նկատմամբ և նրանց անողոքաբար տուգանելու միջոցով լցնել բյուջեն, պետական վերահսկողությունը բոլոր տեղերում վերանում է։ Այսինքն, հենց այդ հրամանը տվողն է մեղավոր, որ ինչ-որ մեկը հնարավորություն է ստանում` ինչ-որ տեխնիկական սպիրտ ձեռք բերել, դրան ինչ-որ բան խառնել, հանգիստ վաճառել ու շահույթ սատանալ, որից, սակայն, գնորդ քաղաքացին մահանում է։ Այս հանցավոր շղթայի գլխավոր ու հիմնական պատասախանատուն պետության ղեկավարն է, որը չի ուզում գիտակցել իր պատասխանատվությունը և, երկու տարվա ընթացքում ձևավորված սովորության համաձայն, դարձյալ մեղավոր է նշանակելու մեկ ուրիշին։ Այս դեպքում` տուժած կամ մահացած քաղաքացուն։
Իր տրամաբանությամբ 1163 կորոնավարակի մահերն էլ կրկին այդ քաղաքացիների ու մնացած բոլորի մեղքն են, բայց ոչ մի դեպքում ոչ իրենը՝ պետությանը կամ պաշտոնավորողներինը։ Այդ նույն տրամաբանությամբ՝ բա, այդ նույն մարտի 1-ի զոհերի մեղքը ինչու՞ է երկրի նախագահի վրա, ինչու՞ մեղավոր չեն հենց այդ անկարգությունների մասնակցած, այնուհետ զոհված քաղաքացիները։ Այս մարդիկ ուղղակի էժան օղի էին գնել, մյուսները վարակվել և մահացել են, հնարավոր է ոչ պատշաճ տեղեկացվածության, կամ որ իշխանությունը ժամանակին չէր փակել օդային հաղորդակցությունը և թույլ էր տվել որ, օրինակ՝ Իտալիայից օդանավեր գան և առանց ստուգելու մարդկանց մուտքի հնարավորություն էր տրվել, կամ ուղղակի բժշկական ոչ պատշաճ օգնություն է ցուցաբերվել բուժհաստատությունում՝ առողջապահության նախարարության ցուցումներին համապատասխան։ Ստացվում է, որ մի դեպքով, իշխանությունը, որ զգուշացրել ու հորդորել է մարտիմեկյան գործիչների (այդ թվում Փաշինյանի․խմբ) ոչ օրինական հրահանգներին չհետևել և դադարեցնել անկարգությունների վերացված հանրահավաքը՝ մեղավոր է, իսկ մյուս դեպքով, իշխանությունը, որ ուղղակի անգործություն է ցուցաբերել, հետո սկսել է էքսպերիմենտներ անել միջոցներ կիրառելու առումով, որի արդյունքում մահերը հասել են 1000-ից ավելի՝ անմե՞ղ է։
Հենց այս իրավիճակն է թույլ տալիս պնդել, որ օրվա իշխանությունը չի կարողանում, անընդունակ է կառավարել։ Ինչպես ժողովուրդն է դիպուկ որակում` իշխանությունը վերցրել են, բայց ծանրությանը չեն դիմանում ու անընդհատ ոտներին են գցում։ Իշխանափոխությունը շատ արագ սկսեց կործանիչ հետևանքներ թողնել, իսկ հիմա վերածվում է ողբերգության, քանի որ ամեն օր վատ, անարդյունք կառավարման հետևանքով մարդկային զոհեր են լինում։ Ցավոք, զոհերը արդեն միայն թագաբացիլով վարակվելու հետևանքով չեն։
Անխուսափելիորեն բոլորը առաջիկայում կանգնելու են դատարանի առաջ և անվերապահորեն պատասխան են տալու կատարած բոլոր հանցավոր քայլերի ու ժողովրդի համար կործանարար հետևանքներ ունեցող սխալների համար։ Բոլոր մեղավորները խստագույնս ու արժանիորեն պատժվելու են, դրանում անշուշտ կասկած չկա։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը