14 08 2020

Այսքանից հետո ո՞վ կասի, թե կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը կոռումպացված չեն

Այսքանից հետո ո՞վ կասի, թե կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը կոռումպացված չեն

Հայաստանի տնտեսությունը պարզապես գահավիժում է, անկման տեմպը ամսեամիս խորանում է։ Տնտեսության բոլոր ճյուղերում շրջանառությունները նվազում են, նվազում են մարդկանց եկամուտները, հազարներով կրճատվում են աշխատատեղերը։ Ի՞նչ պետք է անի այսպիսի խորացող ճգնաժամի մեջ հայտնված երկրի կառավարությունը և նրա ղեկավարը։ Թվում է, թե օրուգիշեր պետք է զբաղված լինի տնտեսության խթանման ծրագրեր, մասնավորապես՝ մեծածավալ կապիտալ ծախսեր իրականացնելով, բիզնեսի կյանքը հեշտացնելով, երկու տարի շարունակ ցամաքող օտարերկրյա ներդրումները երկիր բերելու փորձեր անելով և այլն, և այլն։

Ի՞նչ է անում այս ամենի փոխարեն վարչապետի աթոռին հարմարավետ տեղավորված անձը։ Նույնը, ինչ մշտապես՝ բեմադրություններ է անում, խոսում է կոռուպցիայի մասին, ուրիշներին մեղադրում դրա մեջ, իսկ իրեն սրբացնում, տնտեսության վիճակն էլ դարձյալ պայմանավորում ՀԴՄ կտրոններ խփել-չխփելով։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը անտեղյակ է տնտեսությունից, գաղտնիք չէ, դրանում համոզվելու փաստերի պակաս չի եղել անցած երկու տարիներին։ Սակայն, որ այդ ընթացքում տնտեսության մասին նրա իմացության մակարդակը նույնն է մնացել, մեկ անգամ ևս փաստում է նրա սահմանափակ ունակությունների մասին։ Սա ողբերգություն է ցանկացած երկրի և առավել ևս՝ ճգնաժամային վիճակում հայտնված, սահմանափակ ռեսուրսներ ունեցող և աշխարհաքաղաքական բարդագույն կացություն ունեցող Հայաստանի համար։ Հատկապես, երբ մարդը չի էլ ցանկանում ինչ-որ բան սովորել կամ ընկալել, տվյալ դեպքում բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացվող հարցերը։

Փոխարենը իր հետ հանդիպումից դժգոհած գործարարներին Նիկոլ Փաշինյանը աում է․ «Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պե՞տք է մեր վարքագծի մասին մտածենք չէ՞»։ Ինչո՞ւ է այդպես նա ասում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի «տրամաբանության», ով ՀԴՄ կտրոն չի խփում, նա զինվորի հացն է գողանում։ Մարդը գտել է ազնիվ ձևանալու մի թեզ և անընդհատ կրկնում է, որ չմոռանա։ Զուհագեռաբար էլ ասում է, որ «ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է»։

ՀԴՄ կտրոն խփելու մասին։ Այն գործիք է ստվերի դեմ պայքարելու և տնտեսության իրական շրջանառությունը բացահայտելու։ Սակայն, այն նաև գործիք է տնտեսվարողներին, մասնավորապես՝ փոքր բիզնեսին ահաբեկելու և ի վերջո սնանկացնելու։ Երբ անզեն աչքով էլ տեսանելի է, թե որքան բիզնեսներ են փակվում և ամեն օր ավելանում «տրվում է վարձով» հայտարարությունները, ՀԴՄ կտրոն պահանջելը և այն չտրամադրելու դեպքում  տուգանելը, նշանակում է պարզապես փակել տվյալ բիզնեսը։ Այդ դեպքում, պետական բյուջեն չի ստանա փակված հերթական փոքր բիզնեսի կողմից ներկայումս վճարվող քիչ կամ շատ հարկային եկամուտը։ Հենց դա է նշանակում զինվորից հաց գողանալ՝ փակել բիզնեսը և կտրել պետբյուջե մտնող եկամտի ևս մեկ երակ։ 

Հարցնենք սրբի կերպարի մեջ մտած Նիկոլ Փաշինյանին՝ զինվորից հաց գողանալ կամ կոռուպցիա չի՞, երբ 500 հազար դոլար է աննպատակ ծախսվում, որպեսզի նա չարտերային թռիչքով մեկնի ԱՄՆ հանրահավաք անելու, երբ այդքան գումար էլ տրամադրվում է նրա համար պետական նոր զրահապատակ «Մերսեդես» գնելու, երբ 2 մլն դոլար է հատկացվում նրա կեցության վայր պետական առանձնատունը նորոգելու, երբ երկու տարվա մեջ մեքենաների շարասյունով կամ ուղղաթիռով գնում է ծառայության մեջ գտնվող որդուն տեսակցելու, երբ 4 մլրդ դրամ է հատկացնում Գյումրիում անգործության դատապարտված մաքսատուն կառուցելու համար, երբ մեկ տարվա ընթացքում 108 մլն դոլար է տրամադրվում պետական պաշտոնյաներին որպես պարգևավճարներ։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Եվ այսքանից հետո ղալաթ կանի նա, ով կասի, թե կառավարությունը, իշխանական պատգամավորներն ու մյուս պատշոնյաները և հենց Նիկոլ Փաշինյանը կոռումպացված չեն և զինվորից գողացած հացով չեն կտրուկ հարստացել ու ընկել վայելքների գիրկը։  Այդ նրանց արած «ղալաթները» չեն մարսվելու և պետության ու ժողովրդից, այդ թվում՝ արժեք ստեղծող գործարարներից  քերած ու յուրացրած գումարները «կոպեկ առ կոպեկ» վերադարձվելու են պետական բյուջե։

 Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ