Հայաստանի տնտեսությունը պարզապես գահավիժում է, անկման տեմպը ամսեամիս խորանում է։ Տնտեսության բոլոր ճյուղերում շրջանառությունները նվազում են, նվազում են մարդկանց եկամուտները, հազարներով կրճատվում են աշխատատեղերը։ Ի՞նչ պետք է անի այսպիսի խորացող ճգնաժամի մեջ հայտնված երկրի կառավարությունը և նրա ղեկավարը։ Թվում է, թե օրուգիշեր պետք է զբաղված լինի տնտեսության խթանման ծրագրեր, մասնավորապես՝ մեծածավալ կապիտալ ծախսեր իրականացնելով, բիզնեսի կյանքը հեշտացնելով, երկու տարի շարունակ ցամաքող օտարերկրյա ներդրումները երկիր բերելու փորձեր անելով և այլն, և այլն։
Ի՞նչ է անում այս ամենի փոխարեն վարչապետի աթոռին հարմարավետ տեղավորված անձը։ Նույնը, ինչ մշտապես՝ բեմադրություններ է անում, խոսում է կոռուպցիայի մասին, ուրիշներին մեղադրում դրա մեջ, իսկ իրեն սրբացնում, տնտեսության վիճակն էլ դարձյալ պայմանավորում ՀԴՄ կտրոններ խփել-չխփելով։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը անտեղյակ է տնտեսությունից, գաղտնիք չէ, դրանում համոզվելու փաստերի պակաս չի եղել անցած երկու տարիներին։ Սակայն, որ այդ ընթացքում տնտեսության մասին նրա իմացության մակարդակը նույնն է մնացել, մեկ անգամ ևս փաստում է նրա սահմանափակ ունակությունների մասին։ Սա ողբերգություն է ցանկացած երկրի և առավել ևս՝ ճգնաժամային վիճակում հայտնված, սահմանափակ ռեսուրսներ ունեցող և աշխարհաքաղաքական բարդագույն կացություն ունեցող Հայաստանի համար։ Հատկապես, երբ մարդը չի էլ ցանկանում ինչ-որ բան սովորել կամ ընկալել, տվյալ դեպքում բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացվող հարցերը։
Փոխարենը իր հետ հանդիպումից դժգոհած գործարարներին Նիկոլ Փաշինյանը աում է․ «Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պե՞տք է մեր վարքագծի մասին մտածենք չէ՞»։ Ինչո՞ւ է այդպես նա ասում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի «տրամաբանության», ով ՀԴՄ կտրոն չի խփում, նա զինվորի հացն է գողանում։ Մարդը գտել է ազնիվ ձևանալու մի թեզ և անընդհատ կրկնում է, որ չմոռանա։ Զուհագեռաբար էլ ասում է, որ «ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է»։
ՀԴՄ կտրոն խփելու մասին։ Այն գործիք է ստվերի դեմ պայքարելու և տնտեսության իրական շրջանառությունը բացահայտելու։ Սակայն, այն նաև գործիք է տնտեսվարողներին, մասնավորապես՝ փոքր բիզնեսին ահաբեկելու և ի վերջո սնանկացնելու։ Երբ անզեն աչքով էլ տեսանելի է, թե որքան բիզնեսներ են փակվում և ամեն օր ավելանում «տրվում է վարձով» հայտարարությունները, ՀԴՄ կտրոն պահանջելը և այն չտրամադրելու դեպքում տուգանելը, նշանակում է պարզապես փակել տվյալ բիզնեսը։ Այդ դեպքում, պետական բյուջեն չի ստանա փակված հերթական փոքր բիզնեսի կողմից ներկայումս վճարվող քիչ կամ շատ հարկային եկամուտը։ Հենց դա է նշանակում զինվորից հաց գողանալ՝ փակել բիզնեսը և կտրել պետբյուջե մտնող եկամտի ևս մեկ երակ։
Հարցնենք սրբի կերպարի մեջ մտած Նիկոլ Փաշինյանին՝ զինվորից հաց գողանալ կամ կոռուպցիա չի՞, երբ 500 հազար դոլար է աննպատակ ծախսվում, որպեսզի նա չարտերային թռիչքով մեկնի ԱՄՆ հանրահավաք անելու, երբ այդքան գումար էլ տրամադրվում է նրա համար պետական նոր զրահապատակ «Մերսեդես» գնելու, երբ 2 մլն դոլար է հատկացվում նրա կեցության վայր պետական առանձնատունը նորոգելու, երբ երկու տարվա մեջ մեքենաների շարասյունով կամ ուղղաթիռով գնում է ծառայության մեջ գտնվող որդուն տեսակցելու, երբ 4 մլրդ դրամ է հատկացնում Գյումրիում անգործության դատապարտված մաքսատուն կառուցելու համար, երբ մեկ տարվա ընթացքում 108 մլն դոլար է տրամադրվում պետական պաշտոնյաներին որպես պարգևավճարներ։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Եվ այսքանից հետո ղալաթ կանի նա, ով կասի, թե կառավարությունը, իշխանական պատգամավորներն ու մյուս պատշոնյաները և հենց Նիկոլ Փաշինյանը կոռումպացված չեն և զինվորից գողացած հացով չեն կտրուկ հարստացել ու ընկել վայելքների գիրկը։ Այդ նրանց արած «ղալաթները» չեն մարսվելու և պետության ու ժողովրդից, այդ թվում՝ արժեք ստեղծող գործարարներից քերած ու յուրացրած գումարները «կոպեկ առ կոպեկ» վերադարձվելու են պետական բյուջե։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը