31 07 2020

Համավարակն արդյո՞ք մոտենում է ավարտին

Համավարակն արդյո՞ք մոտենում է ավարտին

 

Իշխանությունը կարծես թե սկսում է հիմարության հերթական շքահանդեսը՝ այս անգամ թեմա ընտրելով կորոնավիրուսը եւ դրա՝ Նիկոլ Փաինյանի բնորոշմամբ «հաղթահարման փուլը»։ Շուտով իմքայլական ակտիվը կսկսի կոկորդ պատռել կորոնավիրուսի դեմ կառավարության  «հերոսական պայքարի» եւ «փառապանծ հաղթանակի» մասին։ Փույթ չէ, որ համաճարակի սկզբից ի վեր, առնվազն երեք անգամ Նիկոլ Փաշինյանը չափավոր լավատեսություն կամ հույս է հայտնել կորոնավիրուսի ընթացքի դրական փոփոխության վերաբերյալ։ Եվ ամեն անգամ, դրանից հետո կորոնավիրուսն ավելի է մոլեգնել եւ տարածվել։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կորոնավիրուսի վիճակի «էականորեն» բարելման մասին, քանի որ «6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր»։ Այն որ Հայաստանում կորոնավիրուսի աշխարհում ամենամեծ տարածման ցուցանիշներից մեկն ունենք հենց այս իշխանության եւ նրա ղեկավարի պատճառով, մեկ անգամ չէ, որ շեշտվել է։ Մեկ անգամ չէ, որ փաստվել է այս իշխանության կողմից վարակի դեմ պայքարի փաստացի բացակայությունը, քանի որ ժողովրդին դիմակ կրելու պարտադրանքը պայքար չէ, այլ պայքար ցույց տալու ձեւականություն։ Հիմա էլ փորձում են մարդկանց հավաստիացնել, թե պայքարի իմիտացիան կարող է արդյունք տա եւ վարակի «ողնաշարը ջարդել»։ Սակայն այդպես չի լինում եւ այդպես չի եղել։ Պայքար չի տարվել եւ դրա հետեւանքն էլ Հայաստանում 40 հազարի մոտեցող վարակման դեպքերն են եւ հազարի մոտեցող մահվան դեպքերը։

Հարց է առաջանում, իսկ այդ դեպքում ինչի՞ հիման վրա է նման հայտարարություններ անում Նիկոլ Փաշինյանը։ Բանն այն է, որ վերջին մի քանի օրերին նվազել է թեստավորման քանակը՝ ավելի քիչ մարդիկ են թեստավորվում եւ համապատասխանաբար՝ ավելի քիչ հիվանդներ հայտնաբերվում։ Այս տրամաբանությամբ կարելի է օրական թեստավորել 10 մարդ եւ հայտնաբերել 2-3 վարակակիր՝ «հպարտ» քաղաքացիների համար «հեղափոխական» իշխանության եւ նրա ղեկավարի փառաբանման հերթական հումքը մատակարարելով։

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ եթե մեկ-երկու շաբաթ առաջ թեսատավորվածների մոտ մեկ երրորդն էլ վարակված լինում, ապա հիմա՝ 25-30 տոկոսը։ Սա իհարկե ոչ ողնաշար ջարդել է, ոչ էլ էական բարելավում։ Համավարակը Հայաստանում շարունակվում է փոքր ինչ նվազած տեմպով։ Խոսել երկրորդ ալիքի մասին, ահեթեթություն է, քանի որ մեզ մոտ երբեք էլ առաջին ալիքը չի մարել։ Փոքր-ինչ նվազումն էլ մասնագետները չեն համարում բեկման նշան։ Առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանում կորոնավիրուսի շուտով արդեն վեցերորդ ամսին իշխանությունը չունի դրա տարածման իրական պատկերը։ 

Երբ բնակչությունը պաբերաբար կոչ են անում դիմակ կրել, ձեռքեր ախտահանել եւ սոցիալական հեռավորություն պահել, ապա մինչ այդ կառավարությունն էլ իր կանխարգելիչ քայլերը պետք է անի։ Քայլեր, որոնք եւ կկանխեին վարակի տարածումը եւ հնարավորություն կտային իմանալ վարակի տարածման իրական պատկերը։ Խոսքը լայնածավալ թեստավորման մասին է, որ այդպես էլ համավարակի տարածման կես տարվա ընթացքում չիրագործվեց։ Արժեր երեւի մի տեսահոլովակ էլ զօր ու գիշեր պտտեցնել հեռուստատեսությամբ, որտեղ կառավարությանը խորհուրդ տրվեր վարակման առաջին իսկ ախտանշանների, այլ ոչ թե ութերորդ օրը, 38,5 ջերմության դեպքում թեստավորել մարդուն, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամներին եւ նրա հետ շփում ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք չհասցնեն վարակվել։ Հենց դա կլիներ վարակի դեմ պայքարի գլխավոր անհրաժեշտ միջոցառումը՝ հասարակական տրանսպորտի, փողոցների եւ շենքերի պարբերական ախտահանմանը զուգահեռ։ Մինչդեռ, վարակի դեմ իր պայքարի բացակայության մեղքը կառավարությունը բարդում է ժողովրդի վրա։ Նույն տրամաբանությամբ վարակի հաղթահարման ժամանակ կարո՞ղ ենք ասել, որ ժողովուրդն է այն հաղթահարարել առանց կառավարության ջանքերի։

Գաղտնիք չէ, որ անգամ ամենասարսափելի եւ երկարատեւ համավարակը ինչ-որ պահի ավարտվում է։ Այդ պահը մոտենում է վարակվածների աճին զուգահեռ։ Մոտենում ենք այդ պահին, թե՞ ոչ, դժվար է ասել վերեւում նշված պատճառով։ Սակայն եթե սարից գլորվող ձնագնդին ստորոտին կանգ է առնում, դա չի նշանակում, թե այն կանգնեցրել է ձնագնդիի հետեւից գնացող եւ այդպես էլ չհասնողը՝ տվյալ դեպքում Հայաստանի կառավարությունը, նրա ղեկավարն ու առողջապահության նախարարը։ Սակայն, երբ վարակն այնուամենայնիվ վերջանա, ապա դա կնշանակի, որ դա տեղի է ունեցել այն մի քանի տասնյակ հազար վարակվածների եւ հազարին մոտեցող մահացածների կյանքերի գնով։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ