12 05 2020

Ինչի՞ց է դժգոհում «Իմ քայլը» խմբակցությունը

Ինչի՞ց է դժգոհում «Իմ քայլը» խմբակցությունը

Խորհրդարանական երկրի խորհրդարանն ավելի շատ հիշեցնում է մարտ՝ առանց կանոնների, քան օրենսդիր մարմին։ Փոխադարձ վիրավորանքներից, հայհոյանքներից մինչև ծեծկռտուք։ Վեճերից հետո պատգամավորները սկսում են վիճել, թե ով էր մեղավոր, ով առաջինը սկսեց, ով սադրեց, հետո փոխհրաձգությունը տեղափոխվում է սոցիալական հարթակներ։ Դատապարտում են բոլորը և բոլորին։ Միայն այդքանը։ Իրական մեղավորներին հասցեական որևէ խոսք և զգուշացում։

Անպատժելիությունն էլ, բնականաբար, իր հետևանքներն է ունենում՝ տեղիք տալով նոր նմանատիպ երևույթների։ Իրար հետ վիճելուց հետո հերթը հասավ նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Արման Թաթոյանի զեկույցից հետո իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հոխորտալից ելույթ ունեցավ։ Յոթ րոպե շարունակ պատգամավորը խոսեց, բողոքեց, կանանց իրավունքները մեջբերեց, ՄԻՊ-ի աշխատանքից դժգոհեց, վերջում ասաց այն, ինչի համար ելույթ էր ունենում։

Իշխանական պատգամավորը դժգոհ է, որ Արման Թաթոյանը չի դատապարտում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության և ատելության խոսքը։ Բռնության նկատմամբ առանձին ճաշակ ունեցող ուժի ներկայացուցիչը, փաստորեն բողոքում է, որ ՄԻՊ-ը այս հարցում չունի նույն ճաշակը։

Ըստ էության, Վաղարշակ Հակոբյանն ամբողջացնում է իրենց խմաբկցության մոտեցումը բռնության նկատմամբ։ Երբ ի տես աշխարհի Սասուն Միքայելյանը ԼՀԿ ղեկավարին էր հարվածում, ոչ ոք այդ արարքն ուղղակիորեն չդատապարտեց, երբ իշխանական մյուս պատգամավորները ևս հարվածում էին, իրենց մյուս թիմակից, բազմափորձ Անդրանիկ Քոչարյանը փորձում էր համոզել բոլորին, որ դա բռնության տեսարան չէ, երբ Ալեն Սիմոնյանը սկզբում կին պատգամավորի էր վիրավորում, հետո էլ բռունցքներով հարցեր լուծում, նորից քար լռություն էր, ավելին՝ կանանց իրավունքների մասին մտահոգվող Վաղարշակ Հակոբյանը ևս լուռ էր։

Նախօրեին էլ, երբ Սասուն Միքայելյանն ուղղակիորեն սպառնալիքներ հնչեցրեց խորհրդարանի ամբիոնից, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շատ վերացական և ընդհանրական գնահատական տվեց կատարվածին՝ չգիտես թե ինչպես տեղավորելով բարոյական դաշտում։ «Դուք գիտեք, թե ես ինչ կարող եմ անել»-ը նա համարում է ընդամենը քայլեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքական վարկանիշի վրա։

Ավելին, երբ ՄԻՊ Արման Թաթոյանը պատասխանեց Վաղարշակ Հակոբյանին՝ նրան կոչ անելով սպառնալիքի լեզվով չխոսել ՄԻՊ-ի հետ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորը քնից արթնացավ։ Նա Թաթոյանին հորդորեց ավելի հանդուրժող լինել և նորմալ ընդունել քննադատությունը։

Ցավալի է, իհարկե, բայց կատարվածն ամբողջացնելով ստացվում է, որ բոլորին կարելի է քննադատել, բռնության և ատելության գրոհի ենթարկել, բացի իշխանության ներկայացուցիչներից։ Նրանք ընտրյալներ են և անսխալական, չէ, այնուամենայնիվ մեկ սխալ ունեն, դա էլ վարչապետն արձանագրեց՝ շուտ են տրվում սադրանքների։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ