08 04 2020

ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում

ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում

ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է YerevanToday-ի հրապարակած տեղեկությունը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում հեղափոխական պաշտոնյաներից մեկի կողմից թույլ տրված չարաշահումների մասին: Ավելին, ԱԱԾ-ից ստացված պաշտոնական նամակում ակնարկվում է ոչ թե մեկ անձի, այլև նույն գործով շղթայաբար անցնող պաշտոնատար այլ անձանց կողմից թույլ տրված չարաշահման դեպքի մասին:

Սակայն, ընդգծենք, միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ արդյո՞ք չարաշահողը հրաժարականով համակարգից հեռացած փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է ու ինչպես հրապարակվել էր՝ եվրամիության ծրագրով յուրացրած շուրջ կես միլիոն դոլարի գործով:

ԱԱԾ-ն մերժում է տեղեկատվության տրամադրումը՝ հիմնավորելով, որ այս օրերինն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող սույն գործով հայցվող տեղեկատվությունը հրապարակայնացնելը նպատակահարմար չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական նյութեր:

 

ԱԱԾ-ի ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՖՈՏՈՅՈՎ

Տիկին Անափիոսյանը, իհարկե, շարունակում է համառորեն հերքել չարաշահումների մասին տեղեկատվությունը, և պնդում է, որ իր հրաժարականի հիմքում միմիայն Հարվարդում սովորելու բացառիկ շանսն է եղել, ուրիշ ոչինչ:

Ինչ վերաբերում է  ԱԱԾ կանչվելուն, YerevanToday-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իրեն  հայտնի չէ ԱԱԾ-ի կողմից ԿԳՄՍ–ում բացահայտած չարաշահումների մասին որևէ տեղեկատվություն:

Մի ուշագրավ դրվագ ևս. ԿԳՄՍ փոխնախարար տիկնոջ պաշտոնանկությունից առաջ թալանել էին նրա բնակարանը, իսկ գողոնի մեջ, ըստ մամուլում արտահոսքի, եղել էր 200 հազար եվրո գումար, խիստ թանկարժեք ոսկյա զարդեր, բրենդային ժամացույցերի կոլեկցիան ու արժեքավոր հուշանվերեր:

Գողության դեպքից օրեր անց, փաստորեն, տիկնոջ անսպասելի հրաժարականի տեքստը տարածվեց: Օրեր անց դաշտ նետվեց հաջորդ ինֆորմացիան․ խոսվում էր, որ փոխնախարար Անափիոսյանի բնակարանից գողերն իրականում տարել են այն գործարքի «քեշ բեհը», որի բացահայտումից հետո տիկնոջը կառավարությունից են հարկադրել գրել ազատման դիմումը և մեկընդմիշտ հեղառանալ պետական համակարգից: 

ՀԻշեցենենք, տիկին Անափիոսյանի գործառույթը ԿԳՄՍ նախարարությունում եղել է կրթության զարգացման ծրագրերի համակարգումը, և ենթադրվում է՝ շուրջ 500 հազար դոլարի ֆիանանսական շեղումը հնարավոր է դարձել Ասիական զարգացման հիմնադրամի հոսքերի կամ Եվրամիության ծրագրերի իրականացման միջոցով:

Նախարարության ներսում հիշատակում են Արևիկ Անափիոսյանի հետ փոխկապակցված «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի անունը: Ասում են՝ այս ՀԿ-ին են փոխանցվել մեր պետության հետ իրականացվող մի շարք ծրագրեր, որպեսզի աջ ձեռքով գումարը ձախ գրպանը դնի: Ի դեպ, նույն ՀԿ-ի փորձագետներն են ակտիվ ներգրավված եղել նախարարությունում մշակվող մի շարք ծրագրերում:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ