Կոռուպցիայից «զզվող» կառավարությունը «ստոպ է տվել» էլեկտրոնային աճուրդի համակարգը ներդնելու գործընթացը։ Մի քանի տասնյակ միլիոն արժեցող ծրագրի բյուջեն քնեցրել է և թույլ չի տալիս, որպեսզի դեռ նախկին իշխանության օրոք ցրցամ տված գործը մինչև վերջ գլուխ բերվի:
Պետգույքի կառավարման կոմիտեից Yerevan․Today-ի հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկատվությունը, իսկ թե ինչու է քնեցվում համակարգը սպասարկող ծառայությունների մրցույթը, կոմիտեից ամիսներ առաջ տված պատասխանը կրկնեցին. «Սպասարկման ծառայություների գման նպատակով ստեղծվել է պատասխանատու ստորաբաժանում, և մրցույթի հայտարարման համար տեխբնութագիր է կազմվում։ Հաստատումից հետո կհայտարարվի մրցույթը, իսկ բյուջեն հրապարակելու իրավասություն չունենք»: Պատճառների մասին, սակայն, հրաժարվեց խոսել այս փուլում։
Խոսքը պետական գույքը վաճառքի հանելու պարզեցված ձևի մասին է: Դեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը բյուջե բացեց և հարցը հրատապ կառավարության օրակագ բերելով՝ խնդիր դրեց Պետգույքի կառավարման կոմիտեի առաջ. պետությունը գույք օտարելիս պետք է հրաժարվի մուրճով սեղանին հարվածելու հնացած ձևերից և շուտափույթ անցում անի էլեկտրոնային մոդելին:
Այսինքն, ամեն ծառայողական մեքենա կամ պետական շենք-շինություն օտարելու դեպքում լիազոր մարմինը պետք է առանց ծածուկ մեխանիզմների իսկապես բացեիբաց մրցույթ հայտարարի և օնլայն հնարավորություն տա հայտեր գրանցելու հավասարության սկզբունքով X ժամկենտներում թափանցիկ աճուրդ ապահովի:
Սա բաց ու թափանցիկ գործիքակազմ է, որը կբացառեր «դալալների» «մախինացիաները» ու, այսպես ասած, կկտրեր այն չինովնիկների թաթիկները, ովքեր կփորձեին զարտուղի ձևերով տիրանալ պետգույքին:
Բայց արի ու տես, որ թաթիկներ կտրող ամենակարող դեմքը գոռում է, թե 24-ժամյա պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ տարատեսակ հանձնաժողովներ ձևավորելով, սակայն, չգիտես ինչու, այնքան էլ հակված չէ պետգույքը օտարելու համար էլեկտրոնային աճուրդին անցումն ապահովել:
Ինչո՞ւ շահագրգռված չէ կառավարությունը և ներդվող գործիքակազմը չի հասցրել ավարտին, ինչո՞ւ չի հայտարարվում ծառայություն մատուցող ընկերության մրցույթը, և ամենակարևորը՝ ինչո՞ւ կառավարությունը չի թողնում, որ այսուհետ 5 մլն դրամը գերազանցող գույքի օտարման գործընթացը բացառապես Պետգույքի կառավարման կոմիտեն իրացնի, ինչո՞ւ է պնդում, որ թանկարժեք գույքի վաճառքի որոշման տիրությում միայն ինքը պետք է որոշիչ դերակատարում ունենա: Մինչդեռ կոմիտեն հիմնավորում է, որ պետական օղակներում ավելորդ շրջապտույտը լրացուցիչ թղթատարություն, ձգձգումներ է ենթադրում՝ ի վնաս աճուրդի մասնակիցների։
Ի՞նչ խոսք, Կառավարությունում գիտակցում են, որ գործող կարգով 5 մլնը գերազանցող գույքի աճուրդի դեպքում, միևնույն է՝ կոմիտեն իր ստվերային լծակները ունի ու կարողանում է որոշիչ ֆունկցիա ունենալ՝ գնահատումից մինչև սակարկություն բոլոր փուլերում։
Ամեն դեպքում, առայժմ գործող կարգը և «թայֆաբազությունների» համար ձեռնտու տարբերակը մնում է դասական աճուրդի տարբերակը: Ինչպես համակարգում են «հին ոսկորները» հեգնանքով ասում՝ «դասական աճուրդը մի ուրիշ հմայք ունի».
Այսպես․ սկզբում «պայմանավորված» գնորդն ուռճացված գին է «կրակում» մասնավորեցման ենթակա X գույքի համար՝ այդպիսով դուրս մղելով իրական հավանական գնորդներին, մնում են ինքն ու իր տարած ձևական գնորդները, որից հետո մեկ անգամ էլ նույն «տրյուկն» է անում, իբր նրանք են հրաժարվում․ արդյունքում ինքը միայնակ է մնում, և աճուրդից աճուրդ գույքի գինը նվազում է 20% ով․ վերջում ցանկալի գնով ինքն է ձեռք բերում։
Ըստ որում, այսպիսի նախադեպերով ավտոգնորդ «դալալները» պարբերաբար փակում են մյուսների «օդերը» ու աճուրդից դուրս են մղում մյուսներին:
Տեսականորեն ստացվում է՝ արդար մրցապայքար, և քչերն էին ֆիքսում, թե ինչպես են արհեստական լարում ստեղծելով՝ գույքն իրենցով անում:
Ընդգծենք, այս մեխանիզմում լրիվ առանձին թեմա է գույքի գնահատման գործընթացը, որը բոլոր ժամակներում Պետգույքի կոմիտեի ստվերային ամենահզորն խաղաքարտն է համարվել։
Այստեղ երկակի ստանդարտներով խաղալու մեծ «լազեյկա» կա իրականում։ Այսպես. հաճախ մեծ գույքն իրացվում է խիստ նվազ գնով, քանի որ գույքի գնին գումարվում է ներդրումային խոշոր փաթեթը, այսինքն՝ մատուցվում է, թե օտարվող գույքի վրա հավելյալ ներդրումային փաթեթի պահանջ է դրվել կառավարության կողմից։
Եվ ահա աճուրդի առաջին փուլում հասարակությունը կենտրոնում է հենց վաճառքից բյուջե մտնող գումարի մեծության վրա։ Իսկ թե ինչ եղավ հետագայում, համարվում է տեխնիկական հարց, ժամանակի և տարածքության մեջ զրոյանում է։ Ջրվում է թեման էլ, «ակնկալված ներդում» կոչվածն էլ։ Արդյունքում էժան գույքը մոռացված ներդրումով նվեր է դառնում (կոռուպցիոն սխեմայով)։
Ի դեպ, որքանո՞վ այս մանիպուլիացիան կարելի է բացառել էլեկտրոնային աճուրդի տարբերակում, դժվար է ասել, բայց որ այս հնարքին տիրապետում են աճուրդով միլիոնատեր դարձող մարդիկ, պարզ է։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը