21 01 2020

Այդ ի՞նչ հակահեղափոխականներ են Փաշինյանի փոխարեն որոշումներ ընդունում

Այդ ի՞նչ հակահեղափոխականներ են Փաշինյանի փոխարեն որոշումներ ընդունում

Հընթացս սպանդանոցային թեմայի շուրջ զարգացումներին եմ հետևում: Մարդկանց դիտողություններն ու տեղեկություններն ի մի բերելով՝ հասկանում եմ, որ այս պահին մեր երկրում չկան բավարար թվով սպանդանոցներ՝ խոշոր ու մանր եղջերավորների, նաև՝ խոզերի մորթը սպանդանոցային եղանակով լիարժեք իրականացնելու, երկրով մեկ, կներեք, սպանդանոցային բավարար ծածկույթ ապահովելու համար: Տրամաբանական ու անխուսափելի հարց է ծագում. եթե այդ պարտադիր պայմանն ապահովված չէ, ինչո՞ւ է սպանդանոցային մորթի մեխանիզմը պարտադիր գործարկվում: Ո՞վ պիտի դրա մասին մտածեր. հեռավոր գյուղում ցլիկ բտող, անասուն պահող ֆերմեր Պողո՞սը, խոզաբույծ Մարտիրո՞սը, թե՞ գառնարած Մստոն: Ո՛չ, դրա մասին պետք է նախապես մտածեին վարչապետը, իր գլխավորած կառավարությունը, նախարարները, վերացված գյուղնախարարության գործառույթն իրականացնող պետական ստորաբաժանումը, ԱԺ-ում մեծամասնորեն ու պրեմիաների մեջ ծփծփող մեծամասնությունը, տնտեսական թեմատիկայով խորհրդարանական հանձնաժողովները:

Բողոքի ցույցերը ակնառու ցույց են տալիս, որ չեն մտածել: Մինչդեռ, դա իրենց ուղղակի պարտականությունն է:

Ասենք, այդ ո՞ր կոնկրետ, հողեղեն հարցի դեպքում այդպես չէ: Գազավորված ըմպելիքը լինի, թե գրավատները, ավտոխլամի ներհոսք-ներհեղեղումը, թե մեկ այլ բան: Հիմա էլ, տարին սկսվել է. է՛լ վարորդների պատասխանատվության բալային համակարգ, է՛լ համայնքային ծննդատների փակման ծրագիր: Այսօր էլ՝ անասնաբույծ-անասնապահների ու սպանդանոցների հարցերը:

Ու նկատենք, բողոքող այդ մարդկանցից շատերը նույն այս անձեռնահաս կառավարությունն իրենց ու երկրի մնայցյալ խաղաղ բնակչության գլխին բերած ընտրողներն են: Այսօրվա բողոքավոր անասնապահներն էլ, երեկվա ու վաղվա բողոքավոր տաքսիստներն էլ: Զարմանալի չէ, որ անընդդիմություն իշխանությունն արհարմարհում է նրանց, իսկ իշխանական քարոզչամիջոցներն էլ անպայման ուզում են ցույցերի ետևում ուղղորդողներ տեսնել:

Մի ուրիշ հարց էլ է ծագում. Եթե նման գործնական հարցերում ներկա կառավարիչները, մեղմ ասած, անհեռատեսություն ու անքթածակություն են դրսևորում, որպես ի՞նչ են գերբարձր, Հայաստանի պայմանների համար՝ աստղաբաշխական աշխատավարձ ստանում, այդ թվում՝ այս բողոքավորների վճարած հարկերի ու պահանջած ՀԴՄ-ներից բյուջե հոսած եկամուտների հաշվին: Դեռ բազմամիլիոնանոց պրեմիաների մասին էլ չեմ ասում: Աշխատավարձն, առհասարակ, աշխատանքի դիմաց են վճարում:

Գործող կառավարության ու մանավանդ այն գլխավորող վարչապետ Փաշինյանի ընկալմամբ, ամեն թփի ու թեմայի ետևում մի-մի հակահեղափոխական է պախկված, որ «լրատվական պատերազմ» վարի (իր բնորոշումն է) «կառավարության ու ժողովրդի դեմ»:

Հարց է ծագում. տեսնես կառավարությունում այդ ի՞նչ հակահեղափոխականներ են Փաշինյանի փոխարեն որոշումներ ընդունում:

Հնարավոր է, որ բազմաչարչար ու ծեծված սցենարով նախատեսված է, որ աղմուկի վերջում հայտնվում է «բարի վարչապետը» ու ձեռաց լուծում հարցը, որն, առհասարակ, կարող էր և չծագել, եթե ֆեյսբուքներում ստատուսվելու փոխարեն նա զբաղվեր իր անմիջական պարտականություններով:

Մեկ ուրիշ հարց էլ կա: Ոչ այնքան վաղուց, կարծեմ 2018 թվի օգոստոսի 17-ին, նաև դրանից մի երկու ամիս առաջ, ոչ այլ ոք, եթե ոչ նույն Փաշինյանը հայտարարում էր որոշումները հրապարակում հավաքված ժողովրդով ընդունելու, միասին քննարկելու մասին և նման բաներ: Բայց սա էլ որերո՞րդ ակնհայտ փաստն է, որ որոշումներն իրականում ջարդվում են նույն ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչների ու տարբեր շերտերի գլխին:

Եվ վերջինը: Երբ հարցը վերաբերում է թավշյա իշխանության ընդդիմադիրներին հետապնդելուն, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու կառավարության կատեգորիկ ենթակայության տակ դրված դատախազական ու դատական մարմինները գործում են գերօպերատիվ, անգամ օրենքներն ու չգրված տարբեր արժեքներ ոտնատակ տալու գնով: Բայց երբ որևէ սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական կամ այլ հողեղեն կոնկրետ հարցի այս կառավարությունն անդրադառնում է, բոլոլա է սկսվում ու բազառ: Դա պատահական չէ, դա օրինաչափ է:

Այս իշխանությունը ժողովրդին ըստ էության ոչինչ չունի տալու, բացի չարությունից, ատելությունից ու նորանոր խնդիրներ հարուցելուց: Դե, ինչ իրենց ներսում կուտակած ունեին, դա էլ տալիս են:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ