Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագիծը, որն ընդունվեց բցառապես «Իմ քայլը» խմբակցության ջանքերով և հավանության արժանացավ միմիայն նրանց կողմից։
Դեմ արտահայտվող պատգամավորները պնդում էին, որ Հայաստանը նման սոցիալական պայմաններում իրավունք չունի ՍԴ դատավորներին ոչինչ չանելու համար վճարել բավականին բարձր աշխատավարձ։
Նշենք, որ ՍԴ 9 անդամներից 7-ը կարող են օգտվել իշխանության ընձեռնած առիթից և վաղաժամ թոշակի գնալ՝ ապահովելով իրենց անաշխատ եկամտով։
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ գումար է նախատեսվում ծախսել ՍԴ անդամների վրա, բերենք ընդամենը մեկ օրինակ։
Միջին կենսաթոշակը Հայաստանում կազմում է 40 478 դրամ, 2020 թ․-ից կբարձրանա 10 տոկոսով կամ մոտ 4 հազար դրամով և կկազմի 44 525 դրամ։ Կենսաթոշակառուների թիվը 463 072 է։
ՍԴ դատավորին առաջարկվող կենսաթոշակը 1 մլն 31 հազար դրամ է, ՍԴ նախագահի համար առաջարկվող կենսաթոշակը՝ 1 մլն 375 հազար դրամ։ Ընդ որում, փաստենք, որ թոշակի գնացած ՍԴ դատավորներն այժմ ստանում են պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի 75 տոկոսը, իսկ այս դեպքում առաջարկվում է 100 տոտոսը։
ՍԴ վեց դատավորների եւ ՍԴ նախագահի կենսաթոշակների ընդհանուր գումարը տարեկան կկազմի 90 մլն 797 հազար դրամ կամ մոտ 190 հազար դոլար։
Այսինքն, ՍԴ դատավորին ոչինչ չանելու համար տրվելիք թոշակը Հայաստանի միջին կենսաթոշակից մեծ է 34 անգամ։
Ներկայացնում ենք այս մասին Yerevan Today-ի ինֆոգրաֆիկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը